▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Մարությանը դուրս է եկել ՔՊ-ից, հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ․ «ՀԺ»

Հայտնի է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, իր պաշտոնավարման մեկնարկից սկսած, բազմաթիվ անգամներ ցանկություն է ունեցել հրաժարական տալ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով ամեն անգամ հետ է կանգնել այդ մտքից, գրում է armtimes.com-ը։

Ըստ աղբյուրի՝ տարօրինակ կերպով ամեն ինչ փոխվեց, երբ նա պատերազմի օրերին հայտնի գեներալ Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հետ, որի հետ նա ունի քավոր-սանիկական հարաբերություններ, մեկնեց Արցախ:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատերազմի ավարտից հետո նա դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռանալու մասին և խզել հարաբերություններն իշխող ուժի անդամների հետ:

Այժմ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մարությանը իր քավորի՝ Ամարասի Արթուրի միջոցով նաև սերտ հարաբերություններ է հաստատել մեկ այլ գեներալի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ, որը նույնպես Ամարասի Արթուրի սանիկն ու մտերիմ ընկերն է:

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ պատերազմի ավարտից հետո Հայկ Մարությանը Սեյրան Օհանյանի միջնորդությամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ: Հատկանշական է, որ նրա հետ հանդիպումից հետո Մարությանի նկատմամբ շատ լոյալ դիրք են գրավել նաև Ռոբերտ Քոչարյանի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները, որոնք նախկինում «օր ու արև չէին տալիս» Մարությանին, և նա ամենաշատ քննադատության արժանացող պաշտոնյաներից էր իշխող քաղաքական թիմում:

Թերևս ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Երեւանի փողոցներում հայտնվեցին Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառները:

Կարծես թե ամեն ինչ գնում է նրան, որ պատերազմից հետո «չեզոք» քաղաքական դիրքավորում որդեգրած Հայկ Մարությանին ուզում են ներքաշել «լուրջ խաղի մեջ» և նրա առաջնորդությամբ ուժեղ հարվածներ հասցնել գործող իշխանությանը: Մասնավորապես՝ վերլուծելով ՏԻՄ ընտրությունների արդյունքները, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ստեղծած «Հայաստան» դաշինքը միտումնավոր չի առաջարդում թեկնածուներ, սակայն քողարկված կերպով պաշտպանում է դեռևս նախկին իշխանությունների կողմից մնացած գործող քաղաքապետներին, որոնք սեփական անուն-ազգանուններով դաշինքների ներքո որոշ տեղերում հաղթում են իշխանական թեկնածուներին, նախկին իշխանությունները իրենց համար հարմար թեկնածու են տեսնում նաև Հայկ Մարությանին գալիք 2023 թվականի Երևանի ՏԻՄ ընտրություններում:

Եթե մինչ այս կենտրոնական իշխանությունները «մի կերպ հանդուրժում էին» Հայկ Մարությանի ընդունած դիրքը, ապա այս ամենից հետո ակնհայտ է դառնում, որ լուրջ անդունդ է ձևավորվում նրան քնաղաքապետ դարձրած քաղաքական թիմի և նրա միջև:

Թե ինչպե՞ս կորոշի Հայկ Մարությանի հետագա ճակատագիրը նրան քաղաքապետ դարձրած իշխող քաղաքական թիմը, պարզ կլինի ապագայում:

Հավելենք, որ «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում այս թեմայով գրել է.

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանի «Հայկական Ժամանակը» Մարությանի մոտալուտ վախճանը գուժող մի հոդված է հրապարակում, որտեղ հիշեցնում են, թե ինչպես է նա հրապուրվել Քոչարյանամերձ գեներալներով: Քոչարյանամերձ լրատվականները րոպեներ անց փորձում են Մարությանից քաղհալածյալ սարքել: Իսկ արդեն այսօր առավոտյան կաթվածահար է լինում Երևանի տրանսպորտը: Այսինքն շարքից դուրս է գալիս հենց այն միակ հիմնարկը, որով Մարությանը կարող էր դիվիդենտ հավաքել: Չեմ կարծում բանը հասնի հրաժարականի, պարզապես Սիմոնյան Ալենի պես սանձերը կձգեն, որ հանկարծ չշշկռեն:

Փաշինյանն ասել կուզի՝ աշխատում ենք միայն ինձ հետ, իմ ստորադասների հետ գործ չունեք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին