Երեկ՝ նոյեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ ՀՀ ոստիկանություն է ահազանգել Հայաստանում հայտնի մի քաղաքական կուսակցության նախագահ և հայտնել, որ Երևանում իրեն հետապնդել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն՝ արդեն ահազանգով ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խմբին այդ քաղաքական գործիչը հայտնել է, որ Արաբկիր վարչական շրջանում ինքն իր Jeep մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ սև գույնի իրեն անհայտ մակնիշի ավտոմեքենան խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակ է ստեղծել իր համար, ինչից հետո ինքը կարճ ազդանաշան (սիգնալ) է տվել։
Դրանից հետո ճանապարհի 3 տարբեր հատվածներում այդ ավտոմեքենան շարունակել է հետապնդել իրեն և սպառնալիքներ ու հայհոյանքներ հնչեցրել։
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ քաղաքական գործիչը նրան հայտնել է, որ ինքն օրինական զենք ունի և թող նա իրեն խելոք պահի, որպեսզի բանը զենքի գործադրմանը չհասնի։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, այնուհետև համագործակցելով ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկների հետ, տաք հետքերով հայտնաբերել են քաղաքական կուսակցության նախագահի մատնանշած Mercedes-ը և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Դեպքի մասին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև. «Անուններ (կամ այլ տուեալներ) չեմ գրում՝ յարգելով մարդկանց ԱՆՄԵՂՈՒԹԵԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ․․․․
Կեանքը լի է հաճելի եւ տհաճ անակնկալներով, եւ որեւէ մէկն ապահովագրուած չէ․․․
Դեռ երեկ, երբ ուշ ժամի դստրիկս պիտի Հռոմի մի վայրից միւսը գնար, ես ասում էի՝ արդեա՞ւք գիշերային Հռոմը Երեւանի պէս ապահով է, իսկ յաջորդ աւրը Երեւանում ես եմ հիմար պատմութեան մէջ յայտնւում եւ ստիպուած լինում Յայտարարութըիւն տալ իրաւապահներին։
Ժամը 11-ի (23) կողմերը Դաւիթաշէնից ընթանում եմ կենտրոն։ Խաչատրեան փողոցից Գիւլբենկեան մտնելիս նկատում եմ, որ աջ կողմից կարմիր լոյսի տակ մի սեւ ինքնաշարժ է արագ մտնում իմ մտած խաչմերուկ։
Ազդանշան եմ տալիս․ վարորդը կտրուկ արգելակում է, եւ ես շարունակում եմ ճանապարհս, իսկ նա իր ազդանշանային շչակով արտայայտում է իր դժգոհութիւնը։ Մտածում եմ՝ գուցէ, մարդն այդ կերպ շնորհակալութիւնն է յայտնում՝ իր խախտմամբ տեղի ունենալիք վթարից զերծ պահելու համար։ Սակայն նկատում եմ, որ հեռահար լոյսերը միացնելով պահանջում է, որ ես կանգ առնեմ կամ ինչ-որ այլ բան որ միայն իրեն է յայտնի։ Շարունակում եմ ընթացքս եւ Կոմիտաս փողոցով հասնում Կասեան։ Այդտեղ շչակը միացրած անցնում է ինձ։ Ես էլ, ամաւթ ինձ, արձագանքում եմ իմ շչակով։ Մի պահ երբ դանդաղեցնում եմ ընթացքս աջ կողմում յայտնւում է այդ սեւ ինքնաշարժը եւ բաց լուսամուտից նրա բաւական երիտասարդ վարորդն ինչ որ բան է ասում։ Ես էլ եմ բացում լուսամուտս եւ անմիջապէս լսում նրա հոխորտանքները, սպառնալիքները, յետոյ նաեւ հայհոյանքները։ ՄԻ քիչ երեւանցի եմ եւ իրեն կարգի եմ հրաւիրում։ Այդ ժամանակ նա՝ «գիտե՞ս ես քեզ ինչ կանեմ» ու ձեռքը ղեկից իջեցնում է ներքեւ։ Չգիտեմ ինչ էր բարձրացնելու այնտեղից, բայց ես արագ ինքս ցոյց եմ տալիս իրեն իմ աւրինական (պարգեւատրական) զէնքը եւ ասում, որ խելաւք մնայ։ «Ինձ վախեցնո՞ւմ ես»։ «Չէ, ես եմ վախենում մարդասպան դառնալ․ գնա քո ճանապարհով»։ (Զենքս լիցքաւորուած էլ չէր։) Ինքը գնում է․ ես էլ իր հետեւից նոյն ճանապարհով։ Բաղրամեան փողոցի սկզբում, «ՍԱՍ» խանութից մի փոքր ներքեւ իր ինքնաշարժն աջ բերելով եւ կտրուկ արգլակելով փակում է իմ ինքնաշարժի ճանապարհը։
Ես էլ եմ արգլակում։ Մաւտենալով վարորդի կողմից շարունակում սպառնալիքներ տեղալ։ Մի փոքր բացելով լուսամուտս իրեն կարգի եմ հրաւիրում ու շարունակում ճանապարհս։ Պռոշեան փողոցին չհասած կրկին ինձնից առաջ է անցնում։ Ես զանգահարում եմ 102 եւ սկսում ներկայացնել եղելութիւնը եւ փոխանցում եմ նրա ինքնաշարժի համարը։ Ինքը միացնում է վթարային լոյսերը, կանգնեցնում իր ինքնաշարժը։ Ես էլ եմ կանգնեցնում։
Ձեռքին ինչ-որ սեւ իր մաւտենում է ինձ։ Իմ կիսաբաց լուսամուտից լսում եմ իր սպառնալիքները՝ «թէ գիտես քեզ ինչ կանեմ կամ կանենք եւ հայհոյանք»։ Ամաւթ ինձ, նրա 7 հարկանիին պատասխանում եմ 8 հարկանիով, բայց որեւէ բան չեմ սպառնում, շարունակում եմ խաւսել ոստիկանութեան հերթապահի հետ, որն այդ պահին «մեքենայի մակնիշն էր հարցնում»։ Ասացի գոյնը միայն ու այդ պահին, մեր անշնորհքը կիսաբաց լուսամուտի ճեղքից հարուածում է իմ ուղղութեամբ․ Մի փոքր ետ քաշուելով ծանր հեիեւանքից խուսափում եմ։ Ընթացքում ինձ հետ զրուցող հերթապահին ասում եմ մեր տեղը։ Սա փորձում է հարուածներով կոտրել ապակին․ ու շարունակում սպառնալիքներ տեղալ։ Այդ ամենը բնականաբար լսելի էր նաեւ ոստիականութեան հերթապահին։ Երեւի մեր անշնորհքը խանդավառուել էր այն գիտակցումից կամ ենթագիտակցումից, որ ես չէի ուզենայ մարդասպան դառնալ։
Իր հետ եղած անձն էլ մաւտեցաւ ու տեսնելով, որ ես զուգահեռաբար ոստիկանութեան հետ եմ խաւսում, համոզեց դադարեցնել խուլիգանութիւնը։ Մեծ արագութեամբ իրենց ինքնաշարժը մտաւ Պռոշեան փողոց, իսկ ես իմ ճանապարհով․․․ Այդ պահին մի պարեկային ինքնաշարժ եկաւ, բայց «հերոսն» արդէն ճողոպրել էր։
Աւելի ուշ ոստիկանութիւնից ինձ հետ կապ հաստատեցին եւ յայտարարութիւն վերցրին։ Իմացայ որ գտել ու բերման են ենթարկել այդ անձին․ ասացին, որ ոգելից խմիչքի ազդեցութեան տակ է եղել եւ նոյնիսկ դիմադրել է իրաւապահներին։
Նախնական եզրահանգումս այն է, որ սա հատուկ կազմակերպուած չէր, այլ խուլիգանական հակումներ ունեցող անդաստիարակ անձի դրսեւորում։ Ասում են, ինձ չի ճանաչել, բայց որեւէ մէկի հետ, այն էլ ոչ իր տարիքի անձի հետ այդպէս կարելի՞ էր վարուել։ Իսկ եթէ իմ փոխարէն ղեկի մաւտ լիներ մեր մայրերից կամ քոյրերից մէկը․․․Դա պատկերացնելն իսկ սարսափելի է։
Փաստաբանիս հետ խաւսեցի․ խորհուրդ տուեց ծանաւթ լրագրողների կամ ասուլիսի միջոցով հրապարակայնացնել կատարուածը։ Ես առայժմ բաւարար եմ համարում այս դիմագրքային (ֆեյսբուկեան) գրառումս․․․»:
Դիտեք նաև՝