▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԷՑ-ը ներկայացնում են վերջին շրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված պարզաբանումները

«Երևանում ավելացել է 68 հազար բաժանորդ, նրանց կողմից միացման հայտեր են ներկայացվել, որոնցից 40 հազարն արդեն միացված է ցանցին, 28 հազարն ընթացքի մեջ է։ Միայն Կենտրոն վարչական շրջանում ծանրաբեռնվածությունը 2000 թվականի համեմատ ավելացել է 8-10 անգամ»,- հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ Նա նաև ներկայացրել է արձանագրվող վթարների հիմնական պատճառները․ «Մեր վթարների մոտ 34%-ը տեղի է ունենում տարբեր կազմակերպությունների կողմից շինարարական աշխատանքների ընթացքում մեր մալուխների վնասման հետևանքով։ Դրանք մեր մեղքով չեն, վթարներից հետո ստիպված գնում, փոխում ենք մալուխները»,- ասել է Դարբինյանը՝ նշելով, որ վթարները արագ վերացնելու համար մալուխները չեն բավարարում, ներկրման հետ կապված խնդիրներ են եղել։

***

Երևանի կենտրոնում կմեկնարկեն նոր մալուխագծերի փոխարինման աշխատանքներ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը։

Նա ասաց, թե բոլոր այն ենթակայանները, որոնք գտնվում են բազմահարկ շենքերի նկուղային կամ առաջին հարկերում, հանվելու են, վերակառուցվելու են, լինելու են երկհարկանի ստանդարտ տիպային կառույցներ, որը կապահովի 98 տոկոս հուսալիություն։

Հարությունյանն ասաց, որ ընկերությունը բաժանորդներին 143 միլիոն դրամի տույժեր է վճարել, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 152 միլիոն դրամի։

«Վիճակն անելանելի չէ, այո, մեծ են անհարմարությունները, մեծ է դիսկոմֆորտը, մենք էլ բնակիչներ ենք, բայց, ամենակարևորը, կան  ֆինանսական միջոցներ, կան լուծումներ ու գնալու ենք այդ ուղիով։ Ժամանակավոր դժվարությունները, որ առաջացել են, անկախ նրանից, օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ, հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունն ու ակնկալում, որ փոխադարձ աշխատանքների շնորհիվ վիճակն էապես կշտկվի»,- նշեց ՀԷՑ գլխավոր տնօրենը։

Նա ընդգծեց՝ աշխատում են այն ուղղությամբ, որ այն տարածքում, որտեղ լինելու է հոսանքազրկում, հաղորդագրություն կուղարկվի բաժանորդներին։

«Առաջիկայում բոլոր այդ ծրագրերը կկոնկրետացվեն»,- հավելեց  Հարությունյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել հոսանքի հաճախակի անջատումների թեմայով։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ․ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

«Երևան քաղաքի կեսն անջատվում է, Արմավիրի մարզի կեսն անջատվում է, դրա համար մեծ արձագանք է ստանում»,- ասաց նա։

Պաշտոնյանի խոսքով՝ օգոստոսի 7-ին Օպերայում ներկայացման ժամանակ հոսանքի անջատումը թատրոնի բալանսում գտնվող  տրանֆորմատորի թերության հետ է կապված եղել։

«Այդ ամենը մանրակրկիտ բացատրվել էր թատորնի համապատասխան աշխատակիցներին, ասվել էր, որ տրանֆորմատորներից մեկը ենթակա է փոխարինման, բայց անտեսել էին մեր կարծիքը, որից հետո տեղի է ունեցել բոլորին հայտնի վթարը։  Մեր մասնագետները վթարից հետո ևս մեկ անգամ ուսումնասիրել էին պատճառն ու նշել՝ խնդիրը տրանֆորմատորից է, արդյունքում՝ Օպերայի ղեկավարը նամակով դիմել է ՀԷՑ-ին ու խնդրել, որ բարեգործական ծրագրի շրջանակում թատորնի տրանսֆորմատորը փոխարինվի նորով, քանի որ իրենք ֆինանսական խնդիրներ ունեն ու իրենց միջոցներով չեն կարող դա անել»,- մանրամասնեց Դարբինյանը։

Աբովյանի մարզադաշտում ֆուտբոլային հանդիպման ժամանակ, մինչև հոսանքի անջատումը, ՀԷՑ-ը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից գրություն է ստացել երկու տրանսֆորմատորների մեկն անջատելու վերաբերյալ, տրանսֆորմատորներից մեկն անջատվել է։

«Արդյունքում խաղի օրն ամբողջ բեռն ընկել է մեկ տրանսֆորմատորի ու մեկ ուղղության վրա, որը, չդիմանալով ծանրաբեռնվածությանն, անջատվել էր։ ՀԷՑ-ի աշխատակազմն օպերատիվ արձագանքել է վթարի վերացմանը, որի շնորհիվ  էլեկտրամատակարարումն արագ վերականգնվեց»,- ասաց Կարեն Դարբինյանը։

Նա նշեց, որ հնարավորինս աջակցել են թե Օպերային, թե մարզադաշտին, չնայած, Դարբինյանի խոսքով, դա իրենց պարտականությունների մեջ չէր մտնում։

***

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը՝ հոսանքազրկումների մասին

Վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։ 
Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ չենք։ Մենք բաշխիչ ցանցն ընդունել ենք 80 տոկոսից ավելի բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում, ներդրումներ չեն կատարվել 90-ականներից մինչև 2015 թիվը»,-հայտարարեց ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին