▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերմինե Նաղդալյան. Թիվ նկարելով լիներ, ամեն տեղ էլ կնկարեին

Եվ այսպես, ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների վերջնական արդյունքները` կատարելով օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը, այդ թվում` վերահաշվարկի ենթարկելով այն 3 տեղամասերի արդյունքները, որոնց վերաբերյալ կային վերահաշվարկի դիմումներ:

Մենք տեսանք, որ վերահաշվարկից հետո էլ որևէ փոփոխություն տեղի չունեցավ` ընդամենը մի քանի քվեաթերթիկի տարբերություն: Թեև սկզբնական տեղեկատվությունը` այն է`1988 տեղամասերից միայն 3-ի վերաբերյալ վերահաշվարկի դիմում, վստահված անձերի կողմից ընդամենը 121 կազմած արձանագրություն, բոլոր 1988 տեղամասերի հանձնաժողովների արձանագրությունների ստորագրված լինելը հանձնաժողովների բոլոր /անխտիր/ անդամների կողմից, անգամ որևէ տեղամասում հատուկ կարծիք չլինելը, այս ամենը արդեն խոսում էր այն մասին, որ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից տարած հաղթանակը աներկբա է և կասկածի տեղիք չի տալիս: Սակայն, Հանրապետականներս հավատարիմ մնացինք մեր կողմից ստանձնած պարտավորությանը` բոլոր գործընթացներում պահպանել օրենքի տառը և ոգին և համբերատար ու բարեկրթորեն սպասեցինք օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերին, ի հակառակ նրան, որ արդեն իսկ ընտրության օրը, դեռ ընտրությունը չավարտված, հակառակորդ ճամբարից հնչեց 80%-ով ընտրվելու մասին միտքը, որը հետագայում դարձավ գլխավոր ռեֆրենը: Մեծ հարգանքով վերաբերվելով Րաֆֆի Հովհաննիսյանին, "Ժառանգություն" կուսակցության մեր գործընկերներին, այնուամենայնիվ, չենք կիսում նման մոտեցումը:

Այո, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին է քվեարկել ընտրազանգվածի 38,75%-ը` այդքան և հենց այդքան:Ոչ 80%, ոչ 51%, և ոչ էլ անգամ 50% + 1 ձայն:

Բայց ամերիկյան տեխնոլոգիաներով նոր ընտրական մշակույթ սերմանող մեր գործընկերը, թերևս, բոլորից լավ գիտի, որ նույն Արևմուտքում 1 ձայնի առավելությամբ ընտրվածին անգամ շնորհավորում են հաղթանակի համար: Իսկ մեզ մոտ ամերիկյան տեխնոլոգիայով ընտրությունը հայկական տարբերակով է ավարտվում: Մի բան պարզ է բոլորին` մեր երկրում այսօր, իսկապես, լուրջ խնդիրներ կան`սոցիալ-տնտեսական, իրավական, բարոյահոգեբանական և այլն: Այդ խնդիրները պատճառ են դառնում ժողովրդի մի մասի դժգոհության համար, որն արտահայտվում է ընտրության ժամանակ:

Մեզ տեսանելի են այդ խնդիրները, դրանց ուղղությամբ մենք լրջորեն աշխատում ենք և մեր ծրագրերի բաղկացուցիչ մասը հենց դրանք են: Հայտնի է նաև, որ ընտրությունից ընտրություն միջինում 35-45% ընդդիմադիր էլեկտորատ կա, որ այս ընտրություններում ընդդիմադիր առաջատարների պայքարին չմասնակցելու պարագայում այդ ձայները կենտրոնացվեցին Րաֆֆի Հեվհաննիսյանի օգտին: Նշեմ, որ դեռ առաջադրման փուլում կատարած մեր վերլուծականներում մենք արձանագրել էինք, որ քաղաքական դաշտի զարգացման որոշակի շրջափուլում ենք գտնվում և ընդդիմադիր բևեռում փոփոխություններ են կատարվելու, քանի որ հարթակը բաց է և մրցակցությունը կգնա առաջնորդի թափուր աթոռի և ընդդիմադիր առաջատար ուժի տիտղոսի համար, ինչը և կատարվեց մեր աչքերի առաջ`Րաֆֆի Հովհաննիսյանը ընտրարշավի ընթացքում կարողացավ իր շուրջը համախմբել այդ ներուժը:

Սա է ամբողջը: Ոչ զարմանալու, ոչ տարակուսելու պատճառ չկա: Հակառակը, իշխանությունը այս ընտրություններում պակասեցրել է այդ ընտրազանգվածի ծավալը, քանզի նախորդ ընտրությունների 52,8%-ի փոխարեն, այսօր 58, 64% է հավաքել: Այն էլ բացառապես օրինավոր ընտրությունների արդյունքում, քանզի, ինչպես և 2012 թվականի մայիսյան ընտրությունների ժամանակ, այնպես էլ հիմա որևէ էական ընտրախախտումի, ընտրակաշառքի, կեղծիքի և այլնի փաստ չներկայացվեց որևէ մեկի կողմից: Իներցիայով կրկնում էին նույն բառակապակցությունները` մասսայական խախտումներ, մասսայական կեղծիքներ: Սակայն այդ "մանտրան" այլևս չի տպավորում, քանզի իսկապես մերկապարանոց պնդումներ են:

Հենց այն ցուցանիշները, որոնց մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերները` այս կամ այն բնակավայրում, քաղաքում, մարզկենտրոնում և այլն, լավագույնս ապացուցում են, որ ընթացել է իրական թեժ, բայց օրինական պայքար: Այլապես, եթե, ինչպես նախկինում էին ասում` թիվ նկարելով լիներ, ամեն տեղ էլ կնկարեին:

 

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին