▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստաեթերում մի ավետարանական «բարենորոգիչ» ՀԱԵ-ին կոչ արեց միանալ իրենց կառույցին

Հենց նոր հեռուստաընկերություններից մեկում մի ավետարանական «բարենորոգիչ» իրենց փիառն էր անում և մի պահ նույնիսկ այնքան տարվեց, որ Հայ Առաքելական եկեղեցուն կոչ արեց միանալ իրենց կառույցին. 1700 տարի Քրիստոսին ճանաչած ազգին ինչ-ինչ նորածիլ կառույցներ եկել-հրավիրում են ճանաչեցնելու նույն Քրիստոսին: Կառույց, որը ինքը հազար մասի է բաժանված, եկել ու միասնության կոչ է անում: Այս նորահայտ փրկիչը հայտարարում է, որ ամեն հին (մեր եկեղեցուն նկատի ունի) բան միշտ չէ, որ լավ է. սրանով խաչ է քաշում մեր հոգևոր ու մշակութային դարավոր ժառանգության վրա, որը ստեղծվել է մեր եկեղեցու շնորհիվ: 
Մեր ազգը դարձրել են որբի գլուխ` դալայ-լամաներն են գալիս լուսավորելու, ինչ-ինչ աղանդներ են հայտնվում ու ուզում փրկել մեզ, ավետարանական եղբայրներն են հիշում, որ պիտի նորոգել մեր հավատը....էհ...
Իսկ առայժմ, ավետարանականների մի քանի սկզբունքների մասին համառոտ` 
Թե Հայ Առաքելական Եկեղեցու դավանաբանությամբ մենք աղանդ չենք.
Հայ Առաքելական եկեղեցու դավանաբանությամբ աղանդ են համարվում այն կազմակերպությունները, որոնք շեղված են ընդհանրական եկեղեցու ավանդական ուսմունքից և դավանաբանական դրույթներից: Ու վերջապես չմոռանանք, որ իրենք` մեր առաքելական միասնական եկեղեցուն «օգնության եկած» եղբայրները իրար մեջ չպարզված հարցեր ունեն ու մասնատված են հազար մասի ու իրար մատնում են, երբ նեղն են ընկնում` դրանով իսկ ավելի մասնատելով ազգը:
Թե բոլորս էլ ընդունում ենք Նիկիո հանգանակը.
Բայց չէ որ եկեղեցու հայրերը, որպեսզի հավատացյալները ձեզ պես մոլորության մեջ չհայտնվեն, ժամանակի ընթացքում մշակել են հավատին վերաբերող մի շարք դրույթներ, որոնք գալիս են անհրաժեշտաբար լրացնելու Նիկիո հանգանակը: Բացի այդ, աստվածաբանության համար նույնքան մեծ արժեք է ներկայացնում եկեղեցու Ավանդությունը, որը, սակայն, այս հերոսները քաջաբար ժխտում են:
Թե չենք խարխլում, եկեղեցու կամ երկրի հիմքերը չենք մասնատում.
Իսկ ինչ անունով կոչես նման կազմակերպությունների արածը, եթե 1700 տարի քրիստոնեության գաղափարին հավատարիմ ազգին գոյության 100 տարին բոլորած կամ չբոլորած կրոնական կազմակերպությունները գալիս են ու սկսում սովորեցնել, թե ինչ է քրիստոնեությունը ու ինչպես պիտի մարդն ապրի իր հողի վրա:
Թե Եհովայի վկայից առաջ մարդու դուռը պիտի թակի քահանան.
Այս ասելուն պես նրանք բերում են Քրիստոսի օրինակը. Բայց Աստվածաշնչում, չի նշված որևէ տեղ, որ Քրիստոսը հավատի համար մուրացկանություն անի. Նա կանչում էր . ու ով համաձայնում էր գնալ նրա հետ, գնում էր: Ու վերջապես Աստված բոլորին է տվել ազատ կամք ու Աստծո տաճարի դռները բոլորի առաջ են բաց:
Եզրափակենք ու այս թյուրիմացություններից խուսափելու համար պահանջենք, որ հեռուստաեթերում նման մարդկանց կողքին լինեն այն մարդիկ, ովքեր թույլ չեն տա, որ միայն ասվելու համար ասվեն ինչ-ինչ բաներ…. 


Հ. Գ.

Սահմանադրությամբ մեզ ինչ-ինչ ուժեր ստիպեցին դառնալ անդուռ-անպատուհան երկիր ու մեզ` մեր հավատը պաշտպանողներիս, համարում են ագրեսիվ... մեր եկեղեցին եզակի ցանց է, որ ամբողջ աշխարհի հայերին հայ է պահել ու պահում, սկսել են խարխլել այս ցանցը` տարբեր կերպերով: Շարունակելի...

 

Զար Դիլանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին