Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն է տարածել
«Արմենիա» հեռուստաընկերությունն օրերս մեծ հնչեղությամբ սկսել է հեռարձակել հերթական սերիալը, որը շարունակում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։ Առաջին անգամը չէ, որ մենք հայտարարություն ենք տարածում նույն հեռուստաընկերության արտադրած հեռուստասերիալներում բռնության առկայության վերաբերյալ։ Մեր հայտարարության արդյունքում «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության նկատմամբ կիրառվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժ` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Սակայն, կարծես, սա բավար միջոց չէր՝ կանխելու ակնհայտ բռնության ցուցադրությունն ու քարոզը, և այս անգամ հեռուստատեսային նախագիծն է՛լ ավելի հեռու է գնում։ «Կույր աշխարհ» հեռուստասերիալի սցենարային հիմքը կնոջ կուսաթաղանթն է, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։ Հեռուստասերիալի հենց այս դրվագն է տարածվում` որպես սյուժետային համառոտ շարադրանք (անոնս), որը պատմում է նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Այն, որ աղջիկը կուսաթաղանթից զրկվել է անհավանական տրավմայի արդյունքում, քննարկման ենթակա չէ, բայց այն բռնությունը, ապա նաև բռնաբարությունը, որ կատարվում է տրավմայի արդյունքում կուսության կորուստը հավաստող բժշկական փաստաթղթի անհետանալուց հետո, ուղղակի նողկանք է առաջացնում։ Անընդունելի է կուսության թեման վերստին դարձնել մեր հասարակության կարևորագույն, անկյունաքարային արժեքներից մեկը, որը, իբրև թե «արդարացիորեն», հանգեցնում է կանանց նկատմամբ բռնության սիստեմատիկ դրսևորումների։ Իհարկե, մեր հասարակության տարբեր շերտերում դեռևս կան պահպանված վնասակար ավանդույթներ, որոնք մեծ տարբերություններ են դնում կանանց և տղամարդկանց միջև և հանգեցնում խտրականության, ապա նաև բռնության։ Սակայն, այդ արատավոր երևույթների նմանօրինակ ներկայացումը հեռուստասերիալների միջոցով անընդունելի է և հղի վտանգներով։ 2010 թվականից ի վեր Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան արձանագրել է կնասպանության 90-ից ավել դեպքեր, որոնց ուսումնասիրությունը փաստում է․ մի կողմից կանանց նկատմամբ հանցագործությունների կատարումը թույլատրելի է դառնում կնոջ ստորադաս լինելու համոզմունքի գերակայության արդյունքում (մի բան, որ ձևավորվում է հա՛տկապես մեդիայի միջոցով), իսկ մյուս կողմից՝ այդ հանցագործություններն արդարացվում են՝ որակվելով իբրև կնոջ վարքի «հակաբարոյականությամբ» պայմանավորված գործողություններ։ Առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։ Իրավակարգավորումների տեսանկյունից՝ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որը Հայաստանը վավերացրել է անկախության առաջին տարիներին՝ 1993 թվականին, լրջագույն ուշադրություն է դարձնում մեդիադաշտի վրա` ընդգծելով, որ այն մեծ ազդեցություն ունի հանրային գիտակցության վրա, և պետությունը պարտավոր է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել մեդիայում կարծրատիպերի և կանանց նկատմամբ բռնության արտացոլումները վերացնելու ուղղությամբ։ Ներպետական օրենսդրության շրջանակներում «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը ևս համարում է, որ գենդերային անուղղակի խտրականության դրսևորման ձևերից է գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության և մշակույթի միջոցով։ Նույն օրենքի 8-րդ հոդվածում հստակ սահմանված են գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, ըստ որոնց՝ գենդերային հավասարության խախտմանն ուղղված տեղեկատվությունից և քարոզչությունից հասարակության պաշտպանությունը պետության պարտավորությունն է։ Այս համատեքստում շատ կարևոր է մեդիադաշտի որակի համար պատասխանատու հանրային մարմինների կարգավորիչ նշանակությունը, որոնց արդյունավետ գործունեությունը կարող է կանխել բռնությունը: Մասնավորապես, այն երկրներում, որտեղ վերահսկողություն կա մեդիայում ցուցադրվող բռնության տեսարանների վրա, աստիճանաբար նվազում է հասարակության շրջանում տեղի ունեցող բռնությունների քանակը: Եվ հակառակը՝ հեռուստասերիալներում քարոզվող բարքերը անմիջական ազդեցություն են ունենում կանանց նկատմամբ բռնության և ակնհայտ խտրական մոտեցումների ամրապնդման հարցում: Այժմ նույնիսկ զարմանալի չի լինի, եթե իրական դեպքեր լսենք առաջին ամուսնական գիեշերը կատարվող դաժան բռնությունների ու կնասպանությունների վերաբերյալ։ Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազդեցությունը հանրության գիտակցության վրա՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից՝ հրավիրված նիստում դիտարկել «Կույր աշխարհ» հեռուստասերիալում առկա բռնության, բռնաբարության և այլ բռնություն պարունակող երևույթները և տալ իրավական գնահատական։ |