▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռուստատեսությունում ոչինչ չի փոխվում` սերիալային ծանծաղություն է ու ճապաղություն. Լևոն Մութաֆյան

 Այն, ինչ հնչում է հեռուստատեսությամբ, ձեռք է բերում քաղաքացիություն ու դառնում է հանրային կիրառման առարկա: Ի վերջո, հեռուստատեսությունը մեծագույն դաստիարակն է: Այս մասին վստահեցնում է նաև թատերագետ, արվեստաբան Լևոն Մութաֆյանը:  Հայկական հեռուստատեսության  կողմից մի շարք գործառույթների անտեսման, պրոֆեսիոնալիզմի և սոցիոլոգիայի դերի պակասի, ինչպես նաև հեռուստատեսության` գետնաքարշ վիճակում գտնվող լեզվի մասին  ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է նրա հետ:

 -Պարոն Մութաֆյան, հայկական հեռուստատեսությունը այսօր չի կատարում մի շարք կարևոր գործառույթներ, օրինակ` կրթադաստիարակչականը:  Ո՞վ կամ ի՞նչն է դրա ամենամեծ «մեղավորը»:

 -Պատմական մի ժամանակաշրջան, որը մենք կոչում ենք անցումային, դարձավ սահմանաբաժան նաև մի շարք արժեքային համակարգերի ընկալման առումով, միևնույն ժամանակ ԶԼՄ-ների ընթացքի մեջ ձևավորեց ձևախեղումների մի ամբողջ շրջան: Հեռուստատեսությունն այսօր ավելի շատ ընկալվում է որպես ժամանցային` տարբեր տեսահոլովակների մատուցում, երգիծական ծրագրեր և դրանց գումարվեց նաև սերիալային մշակույթը` իր ոչ կայացած տեսակով:

 Ցանկացած ոլորտ պահանջում է պրոֆեսիոնալ վերաբերմունք` մոնիտորինգ, հասարակական կարծիքի հետազոտում: Աշխարհի քիչ թե  շատ առաջադեմ հեռուստաընկերությունները, տպագիր, էլեկտրոնային լրատվամիջոցները իրենց գործառույթները  հստակեցնելիս, կամ հայեցակարգերը մշակելիս առաջին հերթին  հենվում են հանրային կարծիքի և ընկալման վրա: Այսպես ասած` առաջարկի և պահանջարկի վրա: Մեզ մոտ առաջարկ հասկացությունը մոռացվել է և հաճախ պահանաջարկը մատուցվում է առաջարկի փոխարեն: Այսինքն` ակնդիրը և ուկնդիրը դուրս են մղվել ուսաումնասիրման դաշտից: Հաղորդումները չեն բխում հեռուստադիտողի պահանջներից, ինտելեկտից, աշխարհայացքից, նրա մշակույթից: Այստեղ ավելի շատ պարտադրանք է: Ու, թերևս, այդ պարտադրանք է, որ մղում է սոցիալական մտածողության` եթե սա է մեզ մատուցվողը, նշանակում է սա է առաջավորը կամ սա է պահանջում այսօրվա շուկան: Մեր հարևան երկրների հեռուստաոլորտում  ամեն ինչ ձևավորվում է հեռուստադիտող- հեռուստատեսություն փոխկապակցվածության և երկխոսության վրա:  Իսկ մեզ մոտ այդ կապակցվածությունը չկա, ու սոցիոլոգիան դուրս է մղվել ԶԼՄ-ների ոլորտից: Ահա, Իմ կարծիքով,  այն գլխավոր պատճառը, որ այսօր մեր հեռուստատեսությունը չի դարձել հանրային և հասրակական մեր իրավիճակի ճշմարիտ արտացոլողը: Մեր հեռուստատեսությունը չի ճանաչում իր հեռուստադիտողին:

 -Այսինքն` մեր հեռուստաընկերություններն այնտեղյա՞կ են, որ այսօր փոխվել է մարդու հետաքրքրությունների և ինտելեկտուալ  շրջանակը:

 - Մեր հեռուստատեսությունը այս ամենից անտեղյակ է:  Այսօր բացառությամբ Հ1-ի և մասնակիորեն` Արմենիա և Շանթ հ/ը-երի, որոնք դեռ չեն որոշել իրենց տեսակը և բնույթը, կոմերցիոն են: Նրանց գերխնդիրը` փող աշխատելն է: Նրանք իրենց ծրագրերը կառուցում են երևութական այն կետերի վրա, որոնք իրենց պատկերացմաման հետաքրքրում են լայն հասարակությանը: Իսկ  հանրության ինտելեկտուալ շերը միտումնաբար մոռացված է: Ուսումնասիրելով մեր հեռուստատեսային ծրագրերը, որտեղ բացակայում են գիտաճանաչողական, կրթադաստիարակչական, մշակութային-ճանաչողական ծրագրերը, հեռուստաըներությունները չեն կարող բավարարել այն մակարդակը, ինչը պահանջում է համաշխարհային հեռուստատեսությունը: Այստեղ առաջ է գալիս պրոֆեսիոնալիզմի խնդիրը:

 

-Պրոֆեսիոնալիզմի առումով   որո՞նք են ամենամեծ խնդիրները:

Մեր լրատվական դաշտում 80%-ը դիլետանտներ են` պատահական մարդիկ, գրագիտություն չունեցող, չունեն մասնագիտական խորքային գիտելիքներ, փորձառություն և հմտություն: Դռները, կարծես թե, բացվել են. մի քիչ սիրունիկ մռութով, մի քիչ վազվզող, մի քիչ ճտպտան և թվում է, թե արդեն լրագրողը կայացել է:   Պրոֆեսիոնալների բացակայությունը հեշտացրել է  հեռուստատեսության գործունեությունը. մեկ-երկու գործառույթ իրականացնելով, նրանք իրենց վրայից վանում են պրոֆեսիոնալ այլ հատկանիշներ, գործում են նեղլիկ դաշտում և սա, բնականաբար, մատուցվում է հեռուստադիտողին:

Գլխավոր խնդիրներից է այն, որ առաջին տեղում սերիալն է, երկրորդում` ժամանցային ծրագրերը, ընդ որում` երբեմն պատճենված միջազգային հեռուստաընկերություններից, որովհետև երևակայություն չկա, և երրորդում, այսպես կոչված, լրատվական- տեղեկատվական հաղորդաշարերը, որոնք չափազանց նեղլիկ են ու աղքատիկ: Սա նաև լրագրողների տեսադաշտի սահմանափության հետևանքն է, կարդացած չլինելու, անիրազեկության, ոչ համակողմանի հետազոտության, գուցե նաև` ծուլության:

Ի վերջո, հեռուստաընկերությունները էժան աշխատուժի որոնումների փնտրտուքների մեջ են: Ընդունում են ոչ պրոֆեսիոնալ մարդկանց, որոնց ցանկացած պահի  կարող են ասել` դու չունես մասնագիտական կրթություն, մենք քեզ  քիչ ենք վճարում:

 

-Իսկ ի՞նչ դեր ունեն ԲՈՒՀ-երն այս խնդրում:

- ԵՊՀ-ի, Մանկավարժականի և այլ պետական ու ոչ պետական համալասարանների լրագրության ֆակուլտետները պետք է վերանայեն իրենց ծրագրերը: Բացարձակ անտեղյակություն է, թե ինչ է կատարվում համաշխարհային ժուռնալիստիկայում: Ես հին մտածողության կողմնակից չեմ, բայց խորհրդային ժուռնալիստիկան ուներ բավականին հետաքրքրիր դրույթներ, պետք է դրանք բերել և արդիականացնել: Ժուռնալիստիկային պետք է տրվի գիտական համակարգման սկզբունքը: Այսօր ոչ մի բուհում արդի ժուռնալիստիկայի հինախնդիրները խորքային չեն ուսումնասիրվում:

 

-Հեռուստատեսության լեզուն նույնպես, ինչպես երևում է, բարվոք վիճակում չէ: Որտե՞ղ կարելի է փնտրել դրա պատճառները:

 -Այսօր մեր հեռուստատեսության լեզուն գտնվում է գետնաքարշ վիճակում: Ժողովրդախոսակցական հնչերանգը միշտ էլ հաճելի է և դա կարելի է մատուցել չափազանց բարձր մակարդակով, մինչդեռ կարելի է ասել, որ այսօր հեռուստատեսային լեզուն ողողված է ժարգոնով, «ա» խոսությամբ, փողոցային բառամթերքով: Ես դեմ եմ հեռուստատեսությունում բառարանային բառերի, կիրառմանը, պետք չէ  Հայկազյան բառարանը պեղել և բարդագույն բառեր օգտագործել: Կենդանի խոսքը չպետք է շփոթել  գավառախոսության և ժարգոնի հետ: Հատկապես դեռահասների դեպքում, ում մոտ նոր է ձևավորվում վերաբերմունքը և պատկերացումը բառի նկատմամբ, հեռուտատեսությունը կատարում է արջի ծառայություն` խաթարելով մեր լեզուն: Մեր լեզվի վրայով խորշակ է անցել:

Հեռուստատեսության խոսքային շերտի խայտառակության պատճառներից մեկը խմբագրի բացակայությունն է: Մեր հեռուստատեսությունում ջնջված, հեռացված և ավերված է խմբագրի ինստիտուտը: Մինչդեռ խմբագիրը պետք է մինչև հաղորման հեռարձակվելը հետևի խոսքային մշակույթին, բառային արտահայտման ձևերին, սցենարում խոսքի ճշմարիտ և հետաքրքիր մատուցմանը: Մեզ մոտ այս ամենը չկա:

 

- Կարծում եմ` կհաձայնվեք, որ սերիալներին, որոնցում լեզվի խնդիրը ևս առկա է, այսօր հայկական հ/ը-եր  բավականին շատ եթերաժամ են տրամադրում: Եթե կոմերցիոն հ/ը-երի դեպքում սա տրամաբանական է, ապա` Հ1-ի դեպքում  անհասկանալի է: Ըստ Ձեզ` որքա՞նով է արդարացվում հարկատուների հաշվին գործող հ/ը-ի կողմից օրական 3-4 սերիալի ցուցադրումը:

 - Նախ անհասկանալի է Հ1-ի ողջ գործունեությունը: Հարկատուներիս հաշվին գործող հեռուստաըներությունը, որը պետք է առաջին հերթին ներկայացնի հանրային կյանքն ու ընթացքը, մտածողությունը, որի դռները պետք է բաց լինեն  ինչպես ընդդիմադիրների, այլնպես էլ` իշխանամետերի դիմաց,  հեռուստաժամանակի կարևորագույն  մասը տրամադրում է սերիալներին:  Այս հարցը բարձրացվել է նաև հանրապետության նախագահի մոտ: Ցավոք սրտի, ղեկավարների փոփոխությունը չի բերում հեռաուստատեսային մշակույթի փոփոխությանը:   Նախ այստեղ սերիալային ծանծաղություն է ու ճապաղություն: Անգրագիտություն է: Եթե մնացածում այս թերությունները կան, մենք աչք ենք փակում, դրանք կոմերցիոն են, բայց երբ պետության դեմքը հանդիսացող Հ1-ն է դա անում, անհասկանալի է: Նույն ռեժիսորին վստահվում են բոլոր սերիալները, որոնցում նա իր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ չի աշխատում:  Եվ հետո, սերիալում նկարահանվող դերասանը, իհարկե խոսքը ոչ բոլորի մասին է, ստանում են 1 ամսում այնքան աշխատավարձ, որքան  ԳԱԱ ակադեմիկոսը` 4 ամսում:

Հեռուստալսարանը չպետք է ապահովվի հեռուստասերիալների հաշվին, այլ` հետաքրքիր, ուսուցողական հաղորդումների, թոք շոուների հաշվին, որոնց հիմա բացակայում են:  Այսօր բառացիորեն մոռացության են մատնված  դեռահասներն և նրանց հուզող խնդիրները:  Այսօր դուրս է մղվել հեռուստատեսային կինոն, չկա ժանրային բազմազանություն: Մեր ժողովուրդը չի ճանաչում իր արվեստագետներին ու գիտնականներին, գոնե` Հ1-ով պետք է նրանց մասին լինեն:

 

- Մոտ երկու ամիս առաջ Հանրային հեռուստառադիոընկերության նոր խորհրդի նախագահ նշանակվեց:  Նրանից սպասելիքներ ունե՞ք, որ Հ1-ում  ինչ-որ բան կփոխվի:

-  Ռուբեն Ջաղինյանին ես գիտեմ որպես Հայաստանում պրոդյուսերինգի հիմնադիրներից մեը, ով բականին հետաքրքիր գործունեություն է ծավալել «Շարմ»-ում: Բայց, իմ կարծիքով, սխալ ընտրություն էր:  Հեռուստաընկերությունը պետք է ղեկավարի ոչ թե պրոդյուսերը, այլ` հեռուստատեսության մասնագետը: Պրոդյուսերը, տվյալ դեպքում Ջաղինյանը, կարող էր լինել խորհրդի նախագահի տեղակալ, որի վրա կդրվեին պրոդյուսերինգի, PR մենեջմենթի և ART մենեջմենթի խնդիրները:  Նա դա կարող էր հրաշալի կատարել: Ժուռնալիստական մասնագիտական առումով` նա հեռուստատեսությանը մոտ մարդ չէ:  Հետևաբար` նրանից ես մեծ սպասելիքներ չունեմ և արդեն իսկ զգացվում է, որ տեղաշարժեր գրեթե չկան:

Հարցազրույցը` Սեդա Հերգնյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին