▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերքում են

Asekose.am-ը նամակ է ստացել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար
Արկադի Համբարձումյանի ներկայացուցիչ փաստաբանից, որտեղ պահանջվում է հրապարակել  մի հոդվածի վերաբերյալ հերքում։ 

Չնայած խոսքը ոչ թե հոդվածի, այլ բաց նամակի մասին է՝ ուղղված  ՀՀ վարչապետին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ԱԱԾ տնօրենին, ՀՀ արդարադատության նախարարին, Երեւանի քաղաքապետին, ՀՀ ոստիկանության պետին, իսկ փաստաբանի նամակում սխալ է գրված մեր կայքի անունը, Արկադի Համբարձումյանի փաստաբանի կողմից ուղարկված նամակը ներկայացնում ենք ստորև, քանի որ Asekose.am-ը միշտ է ներկայացնում կայքում հայտնված բաց նամակների առնչությամբ պատասխանները, պարզաբանումները կամ հերքումները։

Սույն թվականի ապրիլի 17-ին «Հայկական ժամանակ» (armtimes.com) և «Asecose.am» լրատվական կայքերում (այսուհետ նաև՝ «Լրատվամիջոցներ») զուգահեռաբար հրապարակվել է «Ներդրողներն ահազանգում են՝ Դերժավայի Արկադը «Հին ու բարի գողական» ձևերով խոչընդոտում է բազմաբնակարան համալիրի կառուցումը» վերնագրերով հոդվածը (այսուհետ նաև՝ «Հոդված»), որում շարադրվել է անանուն «Ներդրողների» նամակը հասցեագրված  ՀՀ վարչապետին և մի շարք այլ պետական մարմիններին, որում ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար  Արկադի Համբարձումյանը մեղադրվել է բազմաբնակարան համալիրի շինարարությանը խոչնդոտելու մեջ: Նշված անձանց  խոսքերով. «Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում սեփականության իրավունքով իրենց պատկանող տարածքում օրենքով  նախատեսված բոլոր փաստաթղթերի հիման վրա բազմաբնակարանային համալիրի շինարարություն են սկսել, սակայն /.../  Արկադի Համբարձումյանն այսօր իր թիմով ժամանել է շինհրապարակ և «Հին ու բարի գողական» ձևերով իրենց  աշխատակիցներին փորձել արգելել աշխատել՝ ըստ էության իրականացնելով ինքնիրավչություն»:
Գործարար Արկադի Համբարձումյանը ամբողջությամբ հերքում է տարածված հերյուրանքը և հայտնում, որ վերը նշված անանուն քողարկված ներդրողների կողմից գործադրվել է «Հին ու բարի» ապատեղեկատվություն, զրպարտություն և  փաստերի աղավաղում, որի միջոցով արդի ժամանակներում լայն տարածում ստացած՝ «Ցեխ շպրտելու» և  «Պիտակավորելու» եղանակով փորձ է կատարվում քողարկել և թիրախավորվել միանգամայն անօրինական նպատակներ: 

Ստիպված ենք արձանագրել, որ «Հայկական ժամանակ» (armtimes.com) և «Asecose.am» լրատվական կայքերը,  չարաշահելով լրատվամիջոցի մասնագիտական իրավունքներն ու ազատությունները, վերը նշված հոդվածների  հրապարակումով տարածել են միակողմանի, իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկող և որևէ հիմնավորումից  զուրկ տեղեկություններ, որով արատավորել են Արկադի Համբարձումյանի բարի համբավն ու հեղինակությունը: 
Վստահ ենք՝ ընթերցողներին կհետաքրքրեն փաստերը:

Այսպես.
Հոդվածում չմասնավորեցնելով երեք անգամ գործածվել է «Ներդրողներ» և մեկ անգամ «Մի խումբ ներդրողներ» արտահայտությունը: Սակայն «E-register.am» կայքից տեղեկացանք, որ բողոք բերող, կառուցապատող «Լույսեր» ՓԲԸ-ի  կազմում առկա է ընդամենը մեկ բաժնետեր, ոմն՝ Սարգիս Համլետի Իսրայելյանը: Այսինքն, հենց հոդվածի վերնագրից,
հեղինակները երկիմաստ անորոշություն են առաջացնում` օգտագործելով «Ներդրող» բառի հոգնակի ձևը, հավանաբար նպատակ ունենալով ներկայացնելու խնդիրը որպես հանրային դժգոհություն, այլ ոչ դե մեկ մասնավոր անձի բողոք: Եթե ներդրողներն իսկապես «Խումբ են», ինչպես նշված է հոդվածում, ապա Լրատվամիջոցները գուցե փորձեին պարզել դրանց ինքնությունը՝ քողազերծելով ակնկալվող շինարարության իրական շահառուներին: Մեր ունեցած տեղեկություններով դրանց թվում են ներկայիս իշխանության որոշ ներկայացուցիչներ, որոնք միանգամայն հասկանալի պատճառներով ցանկացել են քողարկված մնալ:
Զարմանք է առաջացնում Լրատվամիջոցների հապճեպությունը հոդվածը «Րոպե շուտ» հրապարակելու հարցում:  Դատեք ինքներդ. ապրիլի 17-ին, առավոտյան ժամը 10:00-ին տեղեկանում ենք հարևան հողում փորման աշխատանքներ կատարելու մասին, ժամը 11:00-ի սահմաններում իմ իրավաբան-ներկայացուցիչը մոտենում է շինարարական աշխատանքները վերահսկող Ալբերտ Խաչիկյանին, ով ժամը 11:21-ին իր «viber»-ով ուղարկում է շինարարության թույլտվության պատճենը, որից հետո Երևանի քաղաքապետարան էլեկտրոնային եղանակով, ժամը 15:00-ի սահմաններում  Ա.Համբարձումյանի անունից ներկայացվում է վարչական բողոք, որի ընթացքում նույն օրը կառուցապատող «Լույսեր» ՓԲԸ-ն  ՀՀ վարչապետին և այլ մարմիններ փոստային կապի միջոցով նամակ է ուղարկում (այլ տարբերակ հնարավոր չէ, քանի որ նշված մարմինների գրասենյակները համաճարակի պատճառով փակ են), որը ներկայիս պայմաններում հասցեատերերին  կհասնի լավագույն դեպքում մի քանի օրից, սակայն մի քանի ժամ անց, նշված նամակի հիմքով «Լույսեր» ՓԲԸ-ից ՀԺ-ի  խմբագրություն են դիմել այսպես կոչված «Ներդրողներ», որի արդյունքում «Հայկական ժամանակ» և «Asecose.am»  լրատվական կայքերում, համապատասխանաբար ժամը 20:55-ին և 21:20-ին հրապարակվել է «Լույսեր» ՓԲԸ-ի նամակը՝  խիստ միակողմանի և աչառ մեկնաբանություններով:
Լրատվամիջոցներն այնքան են շտապել հրապարակելու «Լույսեր» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվությունը, մասնավորապես՝ բազմիցս կրկնելով, որ Ա.Համբարձումյանը խոչնդոտում է «Բազմաբնակարան շենքերի համալիրի» կամ «Թաղամասի» կառուցապատմանը, որ խորամուղ չեն եղել գոնե դիտարկելու կառուցապատողի վկայակոչած թիվ 01/18-20384-411 շինթույլտվությունը, որի համաձայն վերջինիս թույլատրվել է ընդամենը մեկ մասնաշենքի ՀԻՄՔԵՐԻ կառուցապատում: Անհասկանալի է մնում, թե ինչու են կառուցապատողն ու Լրատվամիջոցները վաղորոք վստահություն
հայտնում, որ վիճելի հասցեում կառուցապատվելու է «Շենքերի թաղամաս», մինչդեռ շինթույլտվությունը տրամադրված է
«Հիմքեր» փորելու համար: Պատասխանը հավանաբար հայտնի է հոդվածում հիշատակված այն քողարկված «Ներդրողներին»,
որոնք ցանկացել են անհայտ մնալ:
Ուշագրավ է, որ 10 ամիս առաջ տեղեկանալով հարևանությամբ բազմաբնակարան շենքերի կառուցապատում իրականացնելու մասին նույն խնդրի կապակցությամբ 17.07.2019թ.-ին դիմել եմ Երևանի քաղաքապետին ՀՀ սահմանադրությամբ և ՀՀ քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված իմ և ընտանիքիս իրավունքներն ու շահերը անօրինական միջամտությունից պաշտպանելու խնդրանքով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ ժ/պ Ս.Մելիք-Քարամյանի 26.07.2019թ. թիվ 50/1-6973 գրությամբ ինձ հայտնվել է, որ. «Երևանի քաղաքապետի կողմից՝ վերոնշյալ հասցեում քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով որևէ քաղաքաշինական փաստաթուղթ չի տրամադրվել: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարան ներկայացված ցանկացած հայտ կքննարկվի բացառապես ՀՀ գործող նորմերի և սահմանված ընթացակարգերի համաձայն հաշվի առնելով հարակից կառուցապատումը»:
Մեջբերված պատասխանը ստանալով վստահ եմ եղել, որ մեր տարածքը ընդգրկված չի եղել բազմաբնակարան շենքերի  կառուցապատման գոտիում, համենայնդեպս պատասխանից հետևում էր, որ նման ծրագրերի մշակման դեպքում  Ա.Համբարձումյանը կընդգրկվի հարակից կառուցապատման հարցի քննարկման մեջ: Իսկապես Ա.Համբարձումյանը դեմ չէ
տվյալ տարածքում կառուցապատում իրականացնելուն, հաշվի առնելով շենքերի հարկայնությունը, որոնք չեն կարող լինել 5-ից
բարձր, ինչպես նաև զերծ լինեն դեպի մեր և կառուցապատմանը հարակից այլ մասնավոր տարածքները բացված
պատուհաններից: Սակայն 4 բազմաբնակարան 18-հարկանի շենքերի կառուցապատումը իմ բնակելի տարածքի անմիջապես
հարևանությամբ կոպտորեն ոտնահարում է ՀՀ սահմանադրությամբ ինձ և իմ ընտանիքին երաշխավորված մասնավոր կյանքի
իրավունքը: Տվյալ տարածքում նման բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման հետևանքով ընտանիքս կրելու է
անդառնալի նյութական և բարոյական վնասներ: Անդրադառնալով կառուցապատողի այն հայտարարությանը՝ իբրև կառուցապատողը Երևանի քաղաքապետարանից  ստացված շինարաության թույլտվության տառին համապատասխան սույն թվականի ապրիլի 15-ից սկսել է շինարարական  ծրագրի շրջանակներում համապատասխան շինարարական (հողային) աշխատանքները, ապա պետք է հայտնենք, որ  ուսումնասիրելով շինթույլտվությունը, այն տրամադրելու ընթացակարգը և համեմատելով դրանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի և «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում»» մի շարք նորմերի հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետարանը հանրային իրավահարաբերությունների ոլորտում գործունեություն է իրականացնում և որպես վարչական մարմին` արտաքին ներգործություն ունեցող գործողություններ է կատարում, որոնք ի վերջո եզրափակվում են վարչական ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություններ է կատարում կամ անգործություն է դրսևորում, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ, ուստի հանգել ենք այն հետևության, որ ոչ իրավաչափ շինարարության թույլտվություն տրամադրելով Երևանի քաղաքապետարանը խախտել է ՀՀ օրենսդրության
պահանջները, որն անթույլատրելի է պետության անունից լիազորված մարմնի կողմից վարչարարություն իրականացնելու
ժամանակ:  Տվյալ պարագայում անվիճելի է, որ կառուցապատողին վիճարկվող շինարարության թույլտվության տրամադրումը  անմիջականորեն շոշափում է իմ և ընտանիքիս իրավունքները, քանի որ «Լույսեր» ընկերությունը վիճելի տարածքում
իրականացնում է կառուցապատում, որը ոչ միայն խաթարում է իմ և ընտանիքիս մասնավոր կյանքի միջամտությունից զերծ
մնալու իրավունքը, այլև ուղղակիորեն խախտում է մի շարք քաղաքաշինական նորմեր:
Անդրադառնալով գործարար Ա.Համբարձումյանին հոդվածում հասցեագրված մի շարք արտահայտություններին, որոնք
են. «Դերժավայի Արկադը «Հին ու բարի գողական» ձևերով խոչընդոտում է բազմաբնակարան համալիրի կառուցումը»,
«Դերժավայի Արկադ անունով հայտնի նախկին ՀՀԿ-ական», ապա կարծում ենք, որ թվարկյալ արտահայտություններն արատավորել են Ա.Համբարձումյանի ինչպես պատիվը և արժանապատվությունը, այնպես նաև նրա գործարար համբավը:
Պետք է արձանագրենք, որ վերը նշված հրապարակումներով ակնհայտ է դարձել և հաստատվում է կառուցապատողի ու
Լրատվամիջոցների աներկբա դիտավորությունը՝ արատավորելու Ա.Համբարձումյանի անձի պատիվը, արժանապատվությունը և
գործարար համբավը:  Տվյալ պարագայում Ա.Համբարձումյանս, վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածն ու 31-րդ հոդվածի  1-ին մասը, որոնցով սահմանված է մարդու արժանապատվության անխախտելի լինելու և յուրաքանչյուր անձի մասնավոր  կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքները, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ քաղաքացիական  օրենսգրքի 1087.1 հոդվածը` արձանագրում եմ, որ պատրաստվում եմ դատական կարգով կիրառել հիշյալ հոդվածներով սահմանված իրավակարգավորումները, քանի որ առկա է իմ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի նկատմամբ ոտնձգություն:
Անդրադառնալով կառուցապատողի մերկապարանոց նամակին, որը հագեցած է էժանագին, քծնողական և
պոպուլիստական մի շարք արտահայտություններով, վերջինս հայտարարել է, որ «Ոստիկանության աշխատակիցների հետ
կապի է դուրս եկել Ա.Համբարձումյանի իրավաբանը և տեղեկացրել, որ մի քանի ժամվա ընթացքում կբերի դատարանի
որոշում, որով կարգելվի մեր գործունեությունը», ուստի հաշվի առնելով, որ «ՀՀԿ-ական նախկին պատգամավորի համար
դա հնարավոր է /.../ «Որպես հին բարքերի դրսեւորում» խնդրել է «Վարչապետի աշխատակազմի և այլ պատկան մարմինների
անմիջական գործուն ներգրավվածությունը վերոնշյալ անձի պոտենցիալ հակաիրավական վարքագիծը կանխելու» համար:
Գործարար Արկադի Համբարձումյանը նշված հայտարարությունները դիտարկում է սուտ, իրականությանը
չհամապատասխանող, բարոյական, մարդկային և իրավական առումներով բացարձակ անընդունելի, քանի որ վարչապետին և
մի շարք այլ՝ ոչ պատկան մարմիններին հասցեագրված առարկայազուրկ շինծու բողոքը հետապնդում է ՀՀ գործարարին
վարկաբեկելու և հրապարակայնորեն վիրավորելու նպատակ: Իրականությունն այն է, որ կառուցապատողի
ներկայացուցիչները բացառապես հաղորդակցվել են իմ իրավաբան-ներկայացուցչի հետ, փաստաթղթեր են փոխանակել և
քաղաքակիրթ ձևով հասցրել միմյանց համապատասխան դիրքորոշումներ: Նույն օրը կառուցապատողի ահազանգով տարածք
ժամանած ոստիկաններն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակիցները տեղում համոզվել են, որ իմ կողմից
որևէ խոչնդոտներ չեն իրականացվել, իսկ իմ իրավաբանը հայտարարել է, որ հետագայում օգտվելու եմ դատական
պաշտպանության իրավունքից, սակայն առաջին հերթին նույն օրը ներկայացնելու եմ վարչական բողոք, որի ներկայացումը
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն օրենքի
ուժով անմիջապես կասեցնում է շինարարության թույլտվության կատարումը: Փաստորեն իմ ներկայացուցիչը հայտնել է, որ
մի քանի ժամվա ընթացքում վարչական բողոք կբերի, որով կարգելվի կարուցապատողի շինարարութունը, և բնականաբար ոչ
թե դատարանի որոշում, որն ի դեպ ասած ակնկալում ենք ստանալ օրենքով սահմանված ժամկետներում՝ մեր հայցադիմումը
դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո:  Ամփոփելով շարադրվածը՝ պետք է արձանագրենք, որ «Հայկական ժամանակ» և «Asecose.am» լրատվական  կայքերի վերը նշված հոդվածով հրապարակված տեղեկությունները հիմնված չեն փաստերի վրա, և գոնե այդ հիմքով չպետք է հրապարակվեին: Նշված լրատվամիջոցների կողմից հրապարակված, չստուգված տեղեկատվությունը ոչ այլ ինչ է, քան զրպարտություն, որն արատավորում է Ա.Համբարձումյանի գործարար համբավը: Դրա հետևանքով բազում մարդիկ
աղավաղված, սխալ պատկերացում են կազմել գործարար Ա.Համբարձումյանի մասին, և որ ամենացավալին է, այլ
զանգվածային լրատվական միջոցներ, հիմնվելով տեղադրված նյութի վրա, տարածում են այդ բացարձակ սուտ և
զրպարտչական տեղեկատվությունը, ինչը կարող է ոտնահարել տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի շնորհիվ
Հայաստանում և դրանից դուրս ձևավորված Ա.Համբարձումյանի բարի անունը և գործարար համբավը։
Ցավալի է տեսնել, որ որոշ լրատվամիջոցներ, չարաշահելով լրատվության ոլորտում խոսքի ազատության իրավունքի
ապահովման երաշխիքները, լրագրողական հարթակն օգտագործում են վարկաբեկիչ և ոչ հավաստի տեղեկություններ
տարածելու համար, որի նպատակը կա՜մ սենսացիոն տեղեկատվությամբ սեփական վարկանիշի բարձրացումն է՝ այսպես
կոչված «Դեղին» մամուլին բնորոշ վարքագիծ, կա՜մ էլ ծածուկ իրականացվում է այլ քողարկված շահառուի ուղղակի
պատվեր, որը ստեղծված պայմաններում միանգամայն ողջամիտ բացատրություն է: Մեզ անհանգստացնում է որոշ
լրագրողների անպատասխանատու մոտեցումները, որոնք բացարձակ ստերը ներկայացնում են որպես փաստ: Նման ոչ
պրոֆեսիոնալ վերաբերմունքը արատավորում է բոլոր բարեխիղճ լրագրողների բարի անունը:

Արկադի Համբարձումյան
20.04.2020թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին