«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Առիթը քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով նրա արած հայտարարություններն են:
«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ն Գեղամ, Մանուկյանին մեղադրանք կառաջադրի ՀՀ քրեական օրենսգրքի 329-ի հոդվածի հատկանիշներով (Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, անձի կամ անձանց խմբի նկատմամբ ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելը կամ քարոզելը…): Այս հոդվածով նախատեսվում է պատիժ՝ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Գեղամ Մանուկյանն ԱԱԾ-ում հարցաքննվել էր քուրդ ազատամարտիկների՝ Թուրքիայում հայտնվելու դեպքով տարվող քրեական գործով: Ավելի վաղ գրել էինք, որ ԱԱԾ-ում քրդերի՝ Թուրքիայում հայտնվելու առեղծվածային դեպքով քրեական գործ է հարուցվել, և բավականին խիստ է դրվել հարցը՝ պարզել, թե ինչպես են երկու քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայի ուժային կառույցներ մոտ: Հիշեցնենք նաև, որ երկու քրդերը Հայաստանում 2021 թվականի օգոստոսի 16-ին ապօրինի հատել էին Արաքս գետով անցնող՝ ՀՀ պահպանվող պետական սահմանը»:
Մանրամասները՝ թերթի համարում: