|
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ օդային տարածքով Turkish Airlines-ի TK-336 Ստամբուլ-Բաքու թռիչքի մասին:
Այսօր մի քանի անգամ դիմել են ինձ, այս թռիչքի իրականացման գնահատականի հարցով: Քանի որ այս իրողությունը կարող է դառնալ քաղաքական շահարկումների առիթ՝ այս գրառումով կբացատրեմ նրա ավիացիոն, իրավական կողմը: ՀՀ օդային տարածքը երբեք փակ չի եղել թուրքական քաղաքացիական օդանավերի համար: Ինչպես և Թուրքիայի օդային տարածքը երբեք փակ չի եղել հայական օդնավեր համար: Հայկական ավիաընկերությունների բոլոր թռիչքները դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելքի արևմտյան պետություններ (Իսրայել, Հորդանան, Լիբանան...) կատարվել են Թուրքիայի օդային տարածքով: Հայաստան-Ադրբեջան օդային միջանցքը փակ է եղել Ադրբեջանի նախաձեռությամբ, եթե չեմ սխալվում, մոտ 15 տարի: Այդ ընթացքում եղանակային վատ պայմանների պատճառով Երևանում վայրէջք է կատարել դեպի Բաքու ուղևորվող ադրբեջանական օդանավ, Բաքվում նույն պատճառներով վայրէջք է կատարել Աէրոֆլոտի Մոսկվա-Երևան երթուղու օդանավը: Եվ բոլոր դեպքերում և՛ օդանավը, և՛ ուղևորները բացարձակ առանց որևէ խնդրի, բարեհաջող, և առանց որևէ խոչընդոտների, նշանակման օդանավակայանի եղանակային պայմանների կարգավորման դեպքում շարունակել են իրենց թռիչքը: Սա միջազգային ավիացիոն կարգավորումներ են: Որտեղ չկա և չի կարող լինել որևէ քաղաքական աստառ: Երբ չկա վայրէջքի պիտանի օդանավակայան, անկախ պատճառներից, օդաչուներն օդում կարող են որոշում ընդունել վայրէջք կատարել ցանկացած, վայրէջքի համար պիտանի օդնավակայանում: Օդանավը չի կարող անվերջ մնալ օդում: Եվ քաղաքացիական ուղևորները չպիտի զոհվեն երկու երկրների միջև վարվող պատերազմի պատճառով: Տվյալ թռիչքը կատարվել է Ադրբեջանի կողմից վերոնշյալ օդուղու արգելափակումը դադարեցնելու (կամ հատուկ, Թուրքիշի համար) հետևանքով: ՀՀ տարածքի վրայով թռչքներ կատարելու իրավունք ունեցող ավիաընկերության կողմից: Հարցը դուրս է քաղաքական դաշտից»: |



