▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է․ Փաշինյան

ՀՀ պետական բյուջեն մեր բոլորիս մեծ ընտանեկան բյուջեն է․ Փաշինյան

Դիտեք նաև՝

ԱԺ-ում մեկնարկել են 2025թ. պետբյուջեի խորհրդարանական քննարկումները։ Նիկոլ Փաշինյանը բացման խոսքում հարկ համարեց բյուջեի ճիշտ ընկալման համար քննարկումը սկսել՝ հայեցակարգային մի քանի կարգախոս-բանաձևեր վկայակոչելով, որոնք առաջարկել է 2018 թվականի հեղափոխությունից առաջ և հետո։ Այդ բանաձևերն են․ ««Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Հարստացիր և հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն, այստեղ հաց, այստեղ հայրենիք, այստեղ կաց»,- թվարկեց նա՝ նշելով, որ այս բոլոր բանաձևերը պետք է դնել իրական Հայաստանի հայեցակարգային շրջանակի մեջ։ Իսկ թե ինչ է ՀՀ պետական բյուջեն, ըստ Փաշինյանի, այն «բոլորիս, յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան մեծ բյուջեն է»։

***

«Պետությունը միայն ու միայն սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովելու գործիք է, կամ ժողովրդի լեզվով ասած՝ հաց վաստակելու գործիք։ Այսպես պետք է ընկալի պետությունը ինքն իրեն և այսպես պետք է ընկալեն քաղաքացիները իրենց պետությունը։ Հակառակ դեպքում, այդ պետության գոյության հեռանկարը կասկածի տակ է»,- ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, նման կարծիք հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

***

«ՀՀ պետական բյուջեն իրական Հայաստանն է, այսինքն այն Հայաստանը, որը գոյություն ունի դե յուրե և դե ֆակտո միաժամանակ և այդ գոյության դե յուրե և դե ֆակտո հատվածներն անքակտելի են»,- 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ «Պետական բյուջեն այն իրականությունն է, որը մենք ստեղծել ենք կամ պետք է ստեղծենք մեր աշխատանքի, միայն ու միայն մեր աշխատանի արդյունքում։ Այսօր բյուջեի նածագծի վերաբերյալ ես ոչ մի թիվ չեմ բարձրաձայնելու, դա կանեն կառավարության իմ գործընկերները, բայց պետք է ընդգծեմ՝ շատ կլինեն բյուջեի եկամուտները, թե՝ քիչ, արդյունավետ կլինեն ծախսերը, թե՝ ոչ այնքան, բարձր կլինեն կենսաթոշակները և աշխատավարձերը, թե՝ ոչ այնքան, դա մեր բոլորի աշխատանքի արդյունքն է, այն արդյունքը, որը գեներացնում ենք միասին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է քննարկումների արդյուքում պարզ դառնա, թե ինչ օրենքներ պետք է ընդունվեն, ինչ պետք է անել, որպեսզի ՀՀ-ում ավելի շատ մարդիկ օրինական աշխատանքով հարստանալու հնարավորություն ունենան։

***

«ՀՀ պետական բյուջեն մեր հավաքական ընտանիքի բյուջեն է: Պետական բյուջեի եկամուտները կախված են նրանից, թե ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի և բնակիչ, որքան, ինչ արդյունավետությամբ և թափանցիկությամբ է աշխատում։

Պետական բյուջեի եկամուտները ձևավորվում են, օրինակ, եկամտային հարկերից․ հոկտեմբերի 1-ի դրությամբ 768 հազար բնակիչներ աշխատում են, աշխատավարձ ստանում ու եկամտային հարկ վարում։ Մեր եկամտահարկի առյուծի բաժինը՝ 80 և ավելի տոկոսը ձևավորվում է աշխատավարձից,- այս մասին ԱԺ-ում 2025-ի բյուջեի նախագիծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ նաև օրինականության և արդարության մակարդակից է կախված մարդկանց աշխատելու, արդյունք ստեղծելու ցանկությունը և հնարավորությունների իրացումը։

«Պետական բյուջեի տեսակետից ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես․ արդյոք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բավարար չափով և արդյունավետ է աշխատում, որովհետև մեզնից յուրաքանչյուրի այդ աշխատանքից է կախված ոչ միայն մեր անձնական, այլ համընդահանուր բարեկեցությունը, այդ բարեկեցության, ասել է թե՝ մեր երկրի ապագան․․․ Հնարավոր է լավ վաստակել, բայց ընդհանուր թշվառության և աղքատության միջավայրում այդ վաստակը վայելելու հնարավորություն չունենալ, այլ ընդհակառակը՝ ունենալ մեկուսացվածության և տագնապի զգացողություն, որ աշխատանքով ձեռքբերածը կարող է կորսվել ապօրինի ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով, որովհետև եթե կա լայնածավալ թշվառություն և աղքատություն, բարեկեցությունն առաջնային թիրախ է և աչքի փուշ»,- նշեց Փաշինյանը։

***

ԱԺ-ում քննարկվում է 2025 թվականի պետական բյուջեն։ Բացման խոսքով հանդես եկավ Նիկոլ Փաշինյանը։ Նրա ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականների մեծ մասը լքեց դահլիճը։ Ֆինանսների նախարարը բյուջեի նախագիծը ներկայացնում է կիսադատարկ դահլիճում։
Տեղում աշխատող լրագրողների հաղորդմամբ, Փաշինյանի հետ ԱԺ-ից հեռացել են նաև ԱԳ և ՊՆ նախարարները։

***

«2025թ․ կապիտալ ծախսերի 55,85%-ն ուղղվելու է պաշտպանության ոլորտին»,- բյուջետային քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Ոլորտի ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։

Արդյունքում պաշտպանությանն ուղղվող ծախսերը կկազմեն համախառն ներքին արդյունքի 6%-ը և 2024թ-ի համեմատ 0,7%-ով շատ կլինեն»,- հավելեց նախարարը։

***

ՀՀ-ում աղքատության մակարդակը շարունակաբար նվազել է՝ 27 տոկոսից հասնելով 23,7 տոկոսի։ Այս մասին այսօր հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով 2025թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

«Աշխատանքի շուկայում ունենք դրական զարգացումներ․ հունվար-օգոստոսին միջին աշխատավարձն աճել է 6,6 տոկոսով, պետական հատվածում՝ 10,1, մասնավորում՝ 5,4 տոկոսով, իրական աշխատավարձը 0,1 տոկոս գնանկման պայմաններում աճել է 6,7 տոկոսով։

Վարձու աշխատողների թվաքանակն աճել է 4,9 տոկոսով։ Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը նվազել է 4,9 տոկոսով»,- նշեց նախարարը։

***

2025 թվականին բյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակ ենք ունենալու, պետական պարտքը կաճի ու կկազմի 53.5%։ Բյուջետային քննարկման ժամանակ այս կանխատեսումն արեց ՀՀ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը․ «2025 թվականի նախագծով ծախսերը կլինեն 3 տրիլիոն 482 մլրդ դրամ, եկամուտները՝ 2 տրիլիոն 873 մլրդ դրամ, դեֆիցիտը՝ 609 մլրդ դրամ»,- ասաց նախարարը՝ հայտնելով նաև, որ ՏԿԵ, Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունների բյուջեներում նվազում է լինելու։
Հիշեցնենք, որ պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսերը կկազմեն 664,7 միլիարդ դրամ, որը 20%-ով կգերազանցի 2024թ․ պետբյուջեով սահմանված պաշտպանությանն ուղղվող ծախսերը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին