▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան՝ առանց մուտքի վիզայի

Դեկտեմբերի 17-ին Արտաքին գործերի նախարարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց դեպքում փոխադարձության սկզբունքով ներքոհիշյալ պետությունների քաղաքացիները, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից։ Նշենք, որ Ադրբեջանը  այս ցանկում է տարիներ շարունակ։

ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան իր  էջում հանդել է եկել պարզաբանմամբ.

«1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։

Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։

Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին