ՀՀԿ–ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու դեպքում մասնակցել այդ համապետական գործընթացին։
Մասնակցության հնարավոր ձեւաչափերի եւ համագործակցային առկա առաջարկությունների ամփոփման արդյունքում որոշվել է նախընտրական դաշինքի կազմավորման գործընթաց մեկնարկել «Հայրենիք» կուսակցության հետ»,- ասաց նա։
«Մենք շատ լավ գիտակցում ենք, որ այս դավադիր կապիտուլյանտ իշխանությունների գործելաոճը չի նպաստելու ընտրությունների մաքսիմալ ներառական հավասար պայմանների անչառ, իրավական գործընթացի վերածվելուն։ Մենք ջանքեր ենք գործադրել առ այսօր, որպեսզի այսպիսի քաղաքական գործընթաց Հայաստանում չմեկնարկի։ Ավաղ, խորհրդարանական ընտրություններն այս պահի դրությամբ դառնում են անխուսափելի»,- ավելացրեց Արմեն Աշոտյանը։ |