▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիսուներեք համարի ավտոբուսը». Էդգար Կոստանդյանի նոր պատմվածքը

Սա պատահեց խմելը թողնելուս յոթերորդ կամ ութերորդ օրը: Գարնան սկզբի համար տարօրինակ տաք եղանակ էր: Ամսագրերից մեկի համար էսսե էի գրում: Ոչ մի կերպ առաջ չէր գնում: Մտածեցի, որ լավագույն տարբերակն էս պարագայում դրսում աշխատելն է: Վերցրի համակարգիչն ու սկսեցի բացօթյա սրճարանի անարդյունք փնտրտուքներս: «Հո դու եզ չես,- հեռախոսի մյուս կողմից ասաց Սերոբը,- էս ցրտին ի՞նչ բացօթյա սրճարան»: Գտա: Սարյան փողոցում սրճարանի դիմաց երկու սեղան էր դրված, երկուսն էլ՝ ազատ: Կրկնակի սուրճ պատվիրեցի ու բացեցի համակարգիչը: Հազիվ թե մի տևեց էսսեն վերջացնելը: Պիտի խմբագրություն տանեմ՝ Վարուժի մոտ: Զանգում եմ՝ չի պատասխանում, խմբագրության քաղաքայինը՝ նույնպես: Սերոբին եմ զանգում, ասում է, որ հիմա կհասնի ինձ մոտ:
Վարուժը հիսունին մոտեցող ընկերս է՝ նախկին գրող, այժմ՝ գրական ամսագրի գլխավոր խմբագիր: Հենց տեսնում է՝ փողից նեղն եմ, մի քանի էսսե է պատվիրում ու տպում իր մոտ: Էսսեներս, իհարկե (թող ներվի լկտիությունս) արդարացնում են իրենց: Էս անգամ էլ ինձնից մի էսսե-մոնոլոգ է ուզել ժամանակակից կինոյի (ասել է՝ ոչ մի բանի) մասին: Ու քանի որ ոչ մի բանի մասինն ինչ-որ բանի մասին գրելուց երկու-երեք անգամ ավելի բարդ է, էսսեն օրեր շարունակ ձգվում է: Սերոբն ուսանողական ընկերս է ու համատեղության կարգով նաև Վարուժի տեղակալն ու աջ ձեռքը: Վարուժի հետ Սերոբը ծանոթացրեց սրանից վեց-յոթ տարի առաջ, հետո մտերմացանք: Սերոբը նույնիսկ մեկ-մեկ նեղսրտում էր, որ առանց իրեն ուտել-խմելու էինք գնում:
Սերոբը շնչակտուր հասավ, կմկմալով ջուր պատվիրեց մատուցողին ու խմեց դիմացս դրված ու վաղուց պաղած սուրճը:
- Ի՞նչ ա էղել,- հարցրի, դեմքիդ գույն չկա:
- Վարուժի տղուն սահմանի վրա խփել են…
Հետո մի քանի թռուցիկ մանրամասներ պատմեց: Սերոբի կցկտուր խոսքերը սառը ցնցուղ էին:
- Գնանք Վարուժի մոտ,- ասացի:
- Հիմա՞:
- Հա, բա ե՞րբ:
- Վախենում եմ,- ասաց,- Վարուժին էդ վիճակում ո՞նց տեսնեմ:
- Մեկ ա, պիտի տեսնենք: Ավելի լավ ա՝ հիմա:
… Վարուժը խմբագրության իր սենյակում նստած՝ ինչ-որ անորոշ կետի էր նայում: Մտանք ներս ու ոչինչ չասացինք: Լուռ նայում էինք իրար՝ մի ժամ, երկու… Վարուժը, որ աշխարհի ամենազզվելի ծխողն է, ու սիգարետը ձեռքին է ուտելու ժամանակ անգամ, արդեն երկու ժամ է՝ ոչ մի ծխախոտ չի վառել: Աչքերն էլ չէր թարթում: Լաց էլ չէր լինում: Հոգոց էլ չէր հանում:
- Սնայպերն ա խփել,- ասաց,- ուղիղ գլխին:
Մի պահ չհավատացինք, որ Վարուժի ձայնն էր: Տպավորություն էր, թե նա ամբողջ կյանքում համր է եղել:
- Այ թե կյանք ա,- շարունակեց հանդարտ ու նույն կետին նայելով,- պատերազմի ժամանակ ես փախա Ռուսաստան, որ չկռվեմ, տղես խաղաղ պայմաններում խփվեց:
Ես ու Սերոբը չէինք կարողանում խոսել:
- Ե՞րբ են բերելու,- կմկմալով հարցրի:
- Վաղը,- ասաց,- առավոտյան:
Վարուժը վառեց առաջին սիգարետն ու դարձավ ինձ:
- Էսսեն արեցի՞ր,- ասաց:
Ես ու Սերոբը զարմացած իրար նայեցինք:
- Հա,- ասացի,- մոտս ա:
- Բացի, կարդանք,- ասաց:
Երևի էդ պահերին մարդիկ ամեն մի հիմարություն կխոսեն, միայն թեկուզ երկու-երեք վայրկյանով ցրվեն: Համակարգիչը բացեցի ու դրեցի Վարուժի դիմաց: Վարուժը սկսեց ծխել ու կարդալ, էնպես, ինչպես բոլոր մնացած անգամներին, ինչպես էն բոլոր օրերին, երբ որդուն սահմանին չէին խփել: Սերոբը բոլորիս համար սուրճ պատրաստեց, ես նստած նայում էի՝ ոնց է Վարուժը կարդում:
- Մի քանի օր առաջ,- ասաց ավարտելով,- զանգեց…
Սկզբում ինձ թվաց, թե էսսեից է խոսում:
- … ասեց, որ մի քանի օր չի զանգի, պոստեր են բարձրանում: Հարցրի՝ հեռախոսդ ինչի՞ չես տանում, կես կատակ-կես լուրջ ասեց՝ պետության անվտանգության նկատառումներով…
Այլևս չէի կարող նստել էդ սենյակում:
- Ես դուրս գամ,- ասացի,-պիտի էրեխուն մանկապարտեզից վերցնեմ:
Շենքից նոր էի դուրս եկել, երբ Սերոբը հասավ ինձ:
- Դու էլ չկարողացա՞ր՝ մնաս,- հարցրեց:
- Չէ,- ասացի,- ճնշվում եմ,- բայց գոնե դու մոտը մնայիր:
- Էլի դժվարն ինձ ե՞ս թողնում… չեմ կարող… Իսկականից պիտի էրեխուն վերցնե՞ս:
- Չէ,- ասացի:
- Արի գնանք մի տեղ, մի բաժակ բան խմենք:
- Թողել եմ:
- Ես էլ, բայց արի գնանք:
Երկար նստեցինք: Մթնել էր: Մի քանի բաժակը գլխներիս խփեց: Վեր կացանք: Քայլեցինք խմբագրության կողմ (Սերոբը թղթեր ուներ վերցնելու): Շրջմոլիկի տեսք չունեցող, բրդե գլխարկով հիսունին կամ վաթսունին մոտ մեկը մոտեցավ մեզ.
- Տղերք ջան, էրկու հազար դրամ ա պետք, կճարվի՞ մոտներդ:
- Էս արդեն սե՞նց,- բարկացավ Սերոբը,- էն կողմ գնա:
- Թեկուզ ավելի քիչ… էրկու հազար ա պակասում:
- Ինչի՞ն ա պակասում,- հարցրի:
Սերոբը չթողեց՝ պատասխանի:
- Էն կողմ անցի,- ասաց, հետո դարձավ ինձ,- ինչ էլ սիրտ ունես, պատմվածքի թեմա ե՞ս ման գալիս:
Անցանք դիմացի մայթ՝ ծխախոտ առնելու: Հետո անցանք խմբագրության մայթ, տեսանք, որ Վարուժը դռների դիմաց բրդե գլխարկով շրջմոլիկի տեսք չունեցողին թղթադրամներ էր տալիս: Մոտեցանք:
- Վերջը քեզ համոզեց,- ասաց Սերոբը, երբ բրդե գլխարկովն ահագին հեռու էր արդեն:
- Էստեղից իրիկունը տասին Ղարաբաղ գնացող ավտոբուս ա շարժվում,- ասաց Վարուժը,- տղեն դիրքերում սահման ա պահում, սիգարետ ու քաղցր էր ուզում ուղարկի, դիմացի խանութից առևտուր էր արել, էրկու հազար դրամ պակասել էր, տվեցի՝ գնաց:
Սերոբը վազեց բրդե գլխարկովի հետևից:
- Կներես,- ասաց ու բացեց դրամապանակը:
- Ինչի՞ համար, ախպեր,- ասաց բրդե գլխարկովը:
- Վերցրու սա,- ասաց՝ տասը հազարանոցը մեկնելով:
- Չէ, ախպեր,- ժպտաց,- մերսի, ինձ էրկու հազար էր պակասում, էս մարդը տվեց:
- Լավ,- ասաց Սերոբը,- գոնե արի մտնենք դիմացի սրճարան, հյուրասիրեմ քեզ: Ուզում եմ՝ խմեմ հետդ:
- Շնորհակալ եմ,- ասաց,- չեմ խմում ախպեր:
- Խաղաղ ծառայություն տղայիդ,- ասաց Սերոբը:
- Բոլորիս տղաներիս,- ասաց բրդե գլխարկովն ու հեռացավ:
Վարուժը ծխախոտ գնեց ու մտավ խմբագրություն: Ես ու Սերոբը քայլեցինք կանգառ:
- Դու քայլի տուն,- ասաց,- ես սպասեմ, հեսա հիսուներեքը կգա:
- Չէ,- ասացի,- մինչև մի հատ ծխեմ, կգա:
Էդ պահին մի դպրոցահասակ՝ տասը-տասնմեկ տարեկան աղջնակ մոտեցավ՝ զինվորական գլխարկով:
- Ձաձա,- ասաց ինձ կամ Սերոբին,- մի քիչ փող կտա՞ք, ուզում եմ մամայիս համար ծաղիկ առնեմ:
Ես ու Սերոբը մետաղադրամներ տվեցինք:
- Բա ո՞ր համարին եք սպասում:
- Հիսուներեք համարի ավտոբուսին,- ժպտաց Սերոբը:
Հիսուներեք համարի երթուղայինը կանգնեց: Պարզվում է, որ նույն համարն ունեցող ավտոբուսներն ու երթուղայինները տարբեր երթուղիներ ունեն:
- Հիսուներեքն ա, ձաձա,- ասաց աղջնակը,- ինչի՞ չեք նստում:
- Ինձ երթուղայինն ա պետք,- ասաց Սերոբը:
Աղջիկն ուղղեց զինվորական գլխարկը:
- Ի՞նչ տարբերություն, ձաձա, մեկ ա, էրկուսն էլ հարյուր դրամ են…

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին