▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգնել ենք այսպես ապրելուց. Լեջանի գյուղապետը գյուղացիներին զրկել է խմելու ջրից

«Մարդկանց փորձում են զրկել խմելու ջրից այն դեպքում, որ առանց այն էլ իրենց տված ջուրը հնարավոր չէր խմել, սակայն հիմա դա էլ մարդիկ չունեն»,-Asekose.am-ի հետ զրույցում ասաց մեր ընթերցողներից Անուշը, ով ազգանունը չցանկացավ նշել, քանի որ ըստ իրեն՝  այդ դեպքում աշխատանքային խնդիրներ կարող է ունենալ և զրկվել աշխատանքից:

Անուշի խոսքով՝ թեպետ ինքը Լոռու մարզի Լեջան գյուղից չէ, սակայն իր ծնողներն ամառային արձակուրդներն անցկացնում են այնտեղ և շատ լավ իմանալով գյուղացիների խնդրի մասին՝ չէր կարող դրա մասին չխոսել.

«Լեջանում միշտ էլ ունեցել են խմելու ջրի խնդիր, վերջին երկու տարիների ընթացքում պարբերաբար խոստումներ էին հնչեցնում, որ խնդիրը կկարգավորվի, սակայն  տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Սովորաբար գյուղացիները ջրի համար գնում էին մոտակա աղբյուր, քանի որ իրենց գյուղի ջուրը հնարավոր չէր օգտագործել խմելու կամ օրինակ՝ ճաշ եփելու համար՝ դեղին է և աղբով լի: Ներկայումս գյուղացիները զրկվել են նաև աղբյուրի ջրից օգտվելու հնարավորությունից, քանի որ ըստ ինձ հասած տեղեկատվության՝  գյուղապետը և մի քանի այլ անձինք  այնպես են արել, որ աղբյուրի ջրից միայն իրենք են կարողանում օգտվել, քանի որ այն  խողովակների միջոցով հոսում է դեպի իրենց բակեր: Գյուղացիներն  էլ ջուր ունենալու համար գնում են հարևան գյուղ, ստացվում է՝ առանց այն էլ բարդ գործընթացն ավելի են բարդացրել, հատկապես այն մարդկանց համար, ովքեր չունեն մեքենա: Մարդիկ չգիտեն, թե ինչ պետք է խմեն, քանի որ իրենց ունեցածը շատ վատ որակի ջուր է, խմելն անհնարին է, չնայած այդ ջուրն էլ մշտական չէ»:

Անուշի խոսքով՝ ինչպես այս հարցը լուծում չստացավ նախքան հեղափոխությունը, այնպես էլ հիմա.

«Ոչինչ տեղի չունեցավ «հեղափոխություն» կոչվածից հետո, դեռ մի բան էլ հեղափոխությունից հետո ամեն ինչ ավելի վատացավ, մարդիկ աղբյուրից էլ զրկվեցին: Ի վերջո, մեր երկրում մի օր արդարություն լինելո՞ւ է, եթե չեն կարողանում կառավարել, թող ինձ դարձնեն վարչապետ կամ նախագահ՝ արդարություն կհաստատեմ, հոգնել ենք այսպես ապրելուց, որքա՞ն կարելի է»:

Asekose.am-ը պատրաստ է հարթակ տրամադրել նաև Լեջանի գյուղապետարանին:

Հեղինակ՝ Ա. Գրիգորյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին