Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից, հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր , հատկապես «Բորատ» ֆիլմում մարմնավորած իր կերպարով հայտնի Քեն (Գեղամ) Դավիդյանը և պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանն այս օրերին Հայաստանում են`մի քանի տարբեր ծրագրերով: Նպատակներից մեկն ու, թերևս, ամենակարևորը Հայաստանում կինոստուդիայի ստեղծումն է: Գործընթացը, սակայն, դեռ պայմանավորվածությունների փուլում է:
Քեն Դավիդյանի և Արսեն Բաղդասարյանի համագործակցության սկիզբը դրվել է նախորդ տարի, արդյունքում` հիմնադրվել է Hollywood Film Partners կինոստուդիան:
«Ես համագործակցում էի Tarantino Productions-ի հետ: Երկար տարիներ ունեմ նաև մարքեթինգի ընկերություն: Այդ ընթաքցում ծանոթացա Քենի հետ: Նա հետաքրքիր անձնավորություն է: Բարձր ձայն ունի՝ նույնիսկ առանց խոսելու, իր ներկայությունը միշտ զգում ես: Մեր կազմակերպության ողնաշարն է: Հանդիպեցինք, ընկերացանք: Մի օր խոսակցության ժամանակ պատմեցի իմ գլխավոր նպատակներից մեկի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու, Ցեղասպանության մասին ճշմարտությունը մեկ անգամ ևս աշխարհին պատմելու մասին: Իմ ընտանիքն իր մաշկի վրա է զգացել Ցեղասպանության ցավը. մեծ տատս մեր ընտանքից միակն է եղել, որ փրկվել է»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց պրոդյուսեր Արսեն Բաղդասարյանը, ապա հավելեց.
« Ես զգացի, որ Քենն էլ նույն նպատակն ունի՝ Ցեղասպանությունը ներկայացնել աշխարհին : Ծանոթացանք մեր երրորդ գործընկերոջ՝ Արա Խաչատրյանի հետ, ով ևս մեր գաղափարակիցն է: Իսկ համագործակցության արդյունքում ծնվեց Hollywood Film Partners-ը»:
Hollywood Film Partners կինոստուդիան համագործակցում է ԱՄՆ ամենահզոր կինոստուդիաների , հայտնի դերասանների և ռեժիսորների հետ:
«Նույն ուժով այստեղ ենք ցանկանում գործունեութուն ծավալել»,- նշում է Արսեն Բաղդասարյանը:
Ծրագրերը մի քանիսն են.
«Հենց անցնում եմ Ատլանտյան օվկիանոսը՝ որևէ երկիր գնալու համար, ցանկանում եմ առաջին հերթին գալ Հայաստան: Սա արդեն իմ 5-րդ այցելությունն է: Միաժամանակ մի քանի ծրագրերով ենք Հայաստանում: Նախ FMC media-ն հրավիրել է նկարահանվելու Ֆլորա Մարտիրոսյանին նվիրված տեսանյութում: Ֆլորան շատ հարազատ էր ինձ, և նրա մահը շատ ծանր էր»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քիմ Դավիդյանը:
Դերասանը և պրոդյուսերը ցանկանում են ամերիկյան նախագիծ ներկայացնել Հայաստանում: Այս փուլում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերում, թե ինչպես կարող են նախագիծը ներկայացնել, որ և՛ ամերիկյան ընկերություններին հետաքրքրի, և՛ Հայաստանին օգտակար լինի:
Hollywood Film Partners-ի`ամերիկյան ստուդիաների հետ կնքած պայմանագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկներում 13 նոր կինոստուդիաներ են կառուցվելու, 14-րդը, հաշվի առնելով Քեն Դավիդյանի ազգությունը, նախատեսված է ներկայացնել Հայաստանում:
Արսեն Բաղդասարյանի խոսքով`
«Այն կկառուցվի Universal studios-ի նմանությամբ, սակայն ավելի հզոր տեխնիկայով հագեցած կլինի: Ստուդիայի ստեղծումով 8-10 հազար աշխատատեղ կբացվի Երևանում: Կենդանի կապ կստեղծվի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև: Այսպես ասած`Հոլիվուդը կգա Հայաստան: Մեծ ծրագիր է, և կարևոր է նաև պետական աջակցությունը: Մի քանի հանդիպումներ են նախատեսված: Եթե կարողանանք ծրագիրն իրականացնել, Հայաստանը ֆիլմարտադրության համաշխարհային շուկայում կարևոր տեղ կունենա: Դրանից զատ`զբոսաշրջիկներին ևս կգրավի» :
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան
Կարդացեք նաև` Երևանում միայն հույսի պակաս կա. հոլիվուդյան դերասան Քեն Դավիդյան