«Ժամանակի» տեղեկություններով, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որն ի պաշտոնե նաեւ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետն է, այս օրերին ակտիվորեն զբաղվում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործերով, գրում է «Ժամանակ» թերթը։ «Հայտնի է, որ անցած տարեվերջին նախագահական ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը անցել է ընդհատակ՝ խուսափելով նույնիսկ հանդիպել իր կուսակիցների հետ։ Ստեղծված իրավիճակից որոշել է օգտվել Հ. Աբրահամյանը։ Մեր տեղեկություններով, ԲՀԿ- տարբեր տրամաչափի գործիչների ու պաշտոնյաների կողմից նախագահ Սերժ Սարգսյանին պաշտպանելու հրապարակային, կիսահրապարակային կամ ընդհանրապես ոչ հրապարակային հայտարարությունները համակարգում է Հ. Աբրահամյանը։ Տարեսկզբից ի վեր տեղական նշանակության կարեւոր ԲՀԿ-ականներ որոշել էին դուրս գալ ԲՀԿ-ից՝ ցանկություն հայտնելով անդամագրվել ՀՀԿ-ին։ Հ. Աբրահամյանին դիմած գործիչնեը ԱԺ նախագահին ասել են, որ իրենց հարցերը լուծելու դեպքում պատրաստ են դուրս գալ ԲՀԿ-ից, նախագահական ընտրություններին աշխատել Ս. Սարգսյանի օգտին, դրանից հետո՝ անգամ անդամակցել ՀՀԿ-ին։ Հ. Աբրահամյանը, սակայն, նրանց հորդորել է այդ ամենը անել, բայց ԲՀԿ-ից դուրս չգալ։ Փոխարենը խոստացել է լուծել նրանց հուզող հարցերը։ Այդպիսով Հ. Աբրահամյանը ցանկանում է ամբողջական պահել ԲՀԿ համանուն խմբակցությունը, որպեսզի այն չտրոհվի։ Հ. Աբրահամյանը հույս ունի, որ կուսակցության ստվերային ղեկն իր ձեռքը վերցնելու դեպքում այն կարող է շատ կարեւոր դերակատարություն տալ իրեն եւ ՀՀԿ-ում, եւ ԲՀԿ-ում։ Իր այդ քայլով Հ. Աբրահամյանը մի քանի խնդիր է լուծում։ Նախ՝ Ս. Սարգսյանին ցանկանում է ապացուցել, որ ԲՀԿ-ն իր միջոցով մնալու է նախագահի ու ՀՀԿ-ի ազդեցության տակ։ Նա նաեւ ցանկանում է նախագահական ընտրություններից հետո այդ կուսակցությանը կոալիցիա վերադարձնել։ Մյուս կողմից էլ, իր այդ ակտիվ դերակատարությամբ նա ցանկանում է ազդեցություն ու նաեւ մասնաբաժին ունենալ ԲՀԿ-ում՝ վերջապես դառնալ այդ կուսակցության ստվերային ղեկավարը։
Հովիկ Աբրահամյանը վտանգավոր է դառնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet