Դերասան, գրող, սթենդ ափ ժանրում հանդես եկած իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, ով հայ հանդիսատեսի համար հայտնի դարձավ հայտնի «Թղթե տունը» սերիալի 3-րդ եթերաշրջանից, որում նա մարմնավորում էր Բոգոտային, շուտով հանդես կգա «Փիփլ Օֆ Ար» փրոդաքշն ընկերության՝ պրոդյուսեր Արման Նշանյանի, նոր գեղարվեստական ֆիլմում: Ֆիլմի ռեժիսորը «էմմի» և «Ոսկե Գլուբուսի» մրցանակակիր Մայքլ Գուրջյանն է:
Asekose.am-ը զրուցել է Հովիկ Կեուչկերյանի հետ՝ հայկական տոլմայի, Հայաստան այցելելու և հայկական ֆիլմում նկարահանվելու մասին:
«Հայաստանում ամենաշատը սիրեցի մարդկանց և կերակուրները, որոնցից, թերևս, կառանձնացնեմ, հայկական տոլման: Գտնվելով այստեղ՝ ես հասկացա, թե որքան համեղ խոհանոց ունենք, որի մասին ամբողջ աշխարհում, ցավոք, չգիտեն»,- նշեց դերասանը, ով պատմեց, որ իր իսպանուհի մայրը տոլմա պատրաստել սովորել է իր հայ սկեսուրից:
«Հայրս հայ է, իմայրս` իսպանուհի: Երբ երեք տարեկան էի, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքս արտագաղթեց Իսպանիա: Շատ հպարտ եմ, որ հայ և իսպանացի եմ»,- խոսելով ծնողների մասին ասաց Հովիկը:
Անդրադառնալով պրոդյուսեր Արման Նշանյանի նոր գեղարվեստական ֆիլմում նկարահանվելու առաջարկին, Հովիկ Կեուչկերյանը պատմեց.
«Երբ գործակալներս հայտնեցին, որ հայկական ֆիլմում նկարահանվելու առաջարկ եմ ստացել, անմիջապես ցանկություն ունեցա ծանոթացալ սցենարին, ինչից հետո էլ տվեցի համաձայնությունս: Սա առաջին դեպքն է, երբ հայերի հետ էի աշխատում, ամեն ինչ շատ լավ ընթացավ: Ֆիլմում մարմնավորում եմ հայ տղամարդու կերպար:
Դեպքերը տեղի են ունենում Խորհրդային Հայաստանում, երբ Ստալինը Հայաստան վերադառնալու կոչով էր դիմել: Ֆիլմը թեպետ հայկական է, սակայն, կարծում եմ, որ այն կհետաքրքրի բոլորին՝ անկախ ազգությունից»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Կեուչկերյանը:
Հավելենք, որ ֆիլմի հաջողությանը հավատում է նաև պրոդյուսեր Արման Նշանյանը: Վերջինիս խոսքով՝ այս ֆիլմը կարող է ընդհուպ մինչև «Օսկար» մրցանակի արժանանալ՝ որպես հայկական ֆիլմը: Ի դեպ, Արմանը այս անգամ նախընտրել է ֆիլմում հանդես գալ միայն որպես պրոդյուսեր, որովետև ինչպես ինքն է վստահեցնում՝ կերպարային առումով խորհրդային տարիներին իրեն պարզապես չի տեսնում, հարգում է արվեստը և չի սիրում նկարահանվել՝ պարզապես նկարահանվելու համար:
Ֆիլմի պրոդյուսերներն են նաև Պատրիկ Մալխասյանը, Սոլ Թրայոնը, գործադիր պրոդյուսերն է Վարդան Բարսումյան։ Ֆիլմին աջակցել է նաև ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և ՀՀ Ազգային Կինոկենտրոնը։
Ֆիլմում գլխավոր հերոսներին մարմնավորել են իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը, ռուս դերասաններ Միխայիլ Տրուխինը և Նելլի Ուվարովան, հայ դերասաններ Ժան- Պիեր Նշանյանը, Նարինե Գրիգորյան, Արամ Կարախանյան, Դավիթ Հակոբյան, Արման Նավասարդյան և այլք:
Հեղինակ՝ Լ. Հակոբյան