«Որոշումս վաղուց եմ կայացրել, որ զորացրվեմ բանակից: Դեռ հոկտեմբերի 5-ին, դրա հիմքերը եղել են: Ինչու այն ժամանակ զեկուցագիր չեմ գրել, որովհետև պատերազմի ընթացքում իմ որոշումը վնաս էր հասցնելու Զինված ուժերին, և որոշել եմ սպասել մինչև պատերազմի ավարտը»,- այյշս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Որոշումս վերջնական կայացրել եմ ՀՀ վարչապետի՝ գիշերվա հայտարարությունից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ և «վնգստացողներին» դուրս մղել հրապարակից: Այդ պահին որոշումս կյանքի եմ կոչել և բանակից զորացրվելու զեկուցագիր եմ գրել: Ինչու այդ ընթացքում չեմ խոսել, որովհետև զինվորականները առանց համապատասխան թույլտվության որևէ լրատվամիջոցի չեն կարող հարցազրույց տալ և ես այդ որոշման հեղինակներից մեկն եմ եղել և գտնում եմ, որ դա ճիշտ է»,-ասաց Հակոբյանը:
Նա հայտարարեց նաև, թե հրապարակված հրամանագիրը չի համապատասխանում իր զեկուցագրի էությանը.
«Սա առանձին թեմա է, ես նախարարին խնդրել եմ, որպեսզի հրամանն արձակի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրի մեջ, սակայն նա չի համաձայնվել։ Մենք կփորձենք շտկել, եթե չստացվի՝ կբողոքարկենք և հրամանը կգրվի այնպես, ինչպես գրված է իմ զեկուցագրում, իսկ իմ զեկուցագրում գրված է ճշմարտությունը՝ իմ զորացրման պատճառը»,-ասաց Մովսես Հակոբյանը։