Այսօր «Ֆեյսբուքում» հայտնվել է կորոնավիրուսից մահացած մարդկանց անուն-ազգանունները, իսկ որոշ լրատվամիջոցներ տարածել են այդ տեղեկատվությունը:
Անձնական տվյալների այս արտահոսքին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը.
«Կորոնավիրուից մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ մի երկու բան ասեմ.
- էջը, որտեղ դրանք հայտնվել են, երկու բան ունի հետը կապված.
ա. ունի մեկ ադմին, որը գտնվում է ՌԴ-ում
բ. այս էջն էր տարածում Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություներից - Սա կա՛մ հաքերային հարձակում է, կա՛մ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։
Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության (վերաբերյալ)՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի (հետ), որն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում։ Պատգամավորներին կրկին, N-երորդ անգամ կոչ եմ անում ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների եւ անկախ մասնագետների, տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին»,- գրել Մարտիրոսյանը՝ միեւնույն ժամանակ դիմելով մի խումբ պատգամավորների:
Սամվել Մարտիրոսյանի այս գրառմանը մեկնաբանությունների բաժնում արձագանքել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ նշելով, որ հեռախոսների տեղորոշման համակարգը ընդամենը կապի երեք օպերատորների մոտ արդեն իսկ առկա տվյալները կենտրոնացրել է մեկ տեղում։
«Այդ մեկ սերվերի մետադատային կառավարությունում հասանելիություն ունեն մի քանի հոգի, շատ ավելի քիչ մարդ, քան այդ տվյալները տրամադրած օպերատոր ընկերություններում։ Պարետատան այն աշխատակիցները, որոնք զանգահարում և զգուշացնում են կոնտակտավորներին, մետադատային հասանելիություն չունեն, ընդամենը զանգահարում են համակարգի դուրս բերած համարներով՝ առանց իմանալու՝ ով ում քանի անգամ է զանգահարել, կամ երբ ու որտեղ են նրանց հեռախոսները իրար մոտ գտնվել»,- ավելացրել է պատգամավորը։
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը factor.am կայքի հարցին ի պատասխան, անդրադառնալով կորոնավիրուսից մահացածների անուն-ազգանունները հրապարակվելու փաստին, ասել է, որ պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին՝ պարզելու համար, թե ով է այդ էջի հետևում կանգնած:
«Իրականում ոտնահարվել են մարդկանց իրավունքները, ամբողջությամբ հրապարակվել են նույնականացնող, անձնական տվյալներ, ինչն ուղղակի անընդունելի է»,- նշել է Ալինա Նիկողոսյանը: