Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «5-րդ ալիք»-ի եթերում ցուցադրված Ազատ գյուղի զորամասի կացարանի հրդեհի կարճ տեսանյութը լայն տարածվել է համացանցում և խիստ բացասական արձագանքի է արժանացել: Մարդիկ հատկապես զայրացած և վրդովված են հնչող հուսահատ, տառապանքով, ցավով լի մարդկանց ճիչերից: Այո, շատ ծանր է դա լսել, շատ-շատ ծանր…
Մի քանի լրատվամիջոց դիմել են ինձ պարզաբանումների համար, սոցցանցերում «ֆլեշմոբի» պես ինչ-որ ակցիա է սկսվել՝ Հանձնաժողովից և Հանձնաժողովի նախագահից պահանջում են գնահատական տալ, շտապ նիստ հրավիրել, եթերազրկել հեռուստատեսությունը, «պատժել դավաճաններին» և այլն:
Արձագանքում եմ: ՀՌՀ համապատասխան բաժիններին երեկ երեկոյան արդեն իջեցված էին հանձնարարականներ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը, նախապատրաստել իրավական գնահատականը: Ինձ մոտ հավաքված նախնական տվյալների համաձայն հեռուստատեսության եթերում եղել է միայն հեռվից նկարահանված հրդեհը, ճիչեր, ձայներ չեն հնչել, հրդեհի կադրերը ուղեկցվել են լրագրողի տեքստով հրդեհի մասին: Ձայները հնչել են YouTube-ում, և կադրերը ուղեկցվել են գրությունով, թե ով է նկարահանել հեռախոսով, և ում ձայներն են հչում:
Նախնական եզրակացությունս, կրկնեմ՝ նախնական, հետևյալն է:
1. Եթերում ցուցադրվել է հրդեհի «համր» տեսանյութը, որտեղ չկան այրվող մարմիններ, դաժան կադրեր, ողբերգության բաց տեսարաններ, որոնք կարող են սոսկանք, սարսափ առաջացնել, ազդել անչափահասների ֆիզիկական և հոգեկան առողջության վրա: Վարչական վարույթ բացելու հիմքեր դեռ չենք տեսնում:
2. Օրենքով YouTube-յան հեռարձակումը ՀՌՀ կարգավորումից դուրս է, այս տիրույթում գործառույթ չունենք:
Ավելի մանրամասն այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը: Նաև կարծում եմ, որ ճիշտ կլիներ հենց «5-րդ ալիք»-ն իր պարզաբանումները ներկայացներ, ներողություն հայցեր հանրությունից:
Բայց մի կարևոր հանգամանքի մասին էլ գրեմ: Եթե հասարակ քաղաքացու ցասումը, հուզմունքները հասկանալի են և ընդունելի, ապա լրագրողական հանրության ներկայացուցիչների արձագանքը (առանց փաստերը ստուգելու, խնդրի իրավական կողմը հասկանալու) տարօրինակ են և մտահոգիչ: Լրագրողը պետք է փաստերով խոսի, այլ ոչ թե ամբոխահաճո կոչեր հնչեցնի՝ եթերազրկել, պատժել, գնդակահարել..: Այդ ամենը ստեղծում է իմաստազուրկ «տեղեկատվական հեղեղներ», որոնց բացասական ազդեցության մասին ավելորդ է խոսել: Եւ իմ այս խորհուրդը վերաբերվում է հատկապես ազատական գաղափարներ դավանող մեդիահանրությանը»:
«Իջեցվել է հանձնարարական՝ մշտադիտարկել «5-րդ ալիք»-ի եթերը». Տիգրան Հակոբյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet