Մարզահամերգային համալիրում Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցած դրոշների շքերթի ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած դիզայներ Արամ Նիկոլյանն ազատության մեջ է:
Նա տեսաուղերձ է հրապարակել, որի բովանդակությունը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Նախ շնորհակալ եմ բոլորին՝ իմ կողմից շատ անսպասելի այս մեծ արձագանքի համար: Ես ուզում եմ՝ այս պահին անել շատ կարեւոր հայտարարություն՝ իմ արարքի հետ կապված. այն բացառապես հայ տղամարդու, թասիբով հայի արաք է, որը երբեւիցե չի հարում ինչ-որ քաղաքական ուժի, ունի իր սեփական կարծիքը եւ իր տեսլականն՝ այս ամենի վերաբերյալ:
Իմ ցանկությունն է եղել բացառապես այն, որ ՀՀ մայրաքաղաքում չծածանվի Ադրբեջանի դրոշը եւ ամենակարեւորը, որ երբեք չմտածեն, թե հայերը սովորում են կամ փորձում են հարմարվել ինչ-որ իրավիճակների:
Ցավում եմ այն կարծիքների համար, ովքեր մտածում են, որ իմ արարքը կարող է անդրադառնալ վատ կերպով մեր սահմանում կանգնած տղաների վրա: Լինելով ՀՀ քաղաքացի՝ աղոթում եմ այն տղաների համար, ովքեր պահում են իմ սահմանները: Ու եթե կան այդպիսի մարդիկ, ովքեր կարծում են, որ ես չպետք է դա անեի, որովհետեւ… Թող կարծեն իրեն տանը՝ զբաղվելով իրենց տան մեջ Ադրբեջանի դրոշը ծածանելով:
Շնորհակալ եմ այն հայերին, ովքեր կանգնած էին իմ մեջքի հետեւում՝ մինչեւ այս ուշ ժամը ոստիկանության դիմաց ու սատարում էին ինձ», - շեշտել է Արամ Նիկոլյանը: