Համացանցում լուրեր էին տարածվել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի միջև միջադեպ է տեղի ունեցել:
Մասնավորապես Հովհաննես Եսայանը Nrnak.com-ում գրել էր, որ երեկ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան արարողությանը Շմայսը օղու բաժակը ձեռքին մոտեցել է ՀՀ նախագահին` նրան մեծարելու, իսկ Սերժ Սարգյսանը նրան ոչ միայն չէր լսել, այլև հասկացրել էր նրան , որ հեռանա. «գունդ զգաստ», «քայլով մարշ այստեղից» հրամաններով :
Asekose.am-ի տեղեկություններով Առաքել Մովսիսյանը նյութի տպագրությունից հետո զանգահարել և սպառնացել էր Հովհաննես Եսայանին` ասելով. «Կգողանամ, կվառեմ, կթաղեմ»:
Կապ հաստատելով ԱԺ պատգամավորի հետ նախ փորձեցինք ճշտել սպառնալիքի մասին լուրը:
«Ես Հովհաննես Եսայանին չեմ ճանաչում, նրա հետ բառ անգամ չեմ փոխանակել , չեմ զանգել. որ չեմ զանգել, չեմ խոսել, ոնց նման բաներ ասած կլինեմ»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավորն, իսկ շրջանառվող լուրի վերաբերյալ էլ ավելացրեց. «Իմ նախագահն իմ վրա չի ջղայնացել:Սերժ Սարգսյանը մեր հանրապետության նախագահն է, և կարող է ամեն ձև էլ ջղայնանալ, ամեն ինչ էլ կարող է պատահել, բայց նման դեպք տեղի չի ունեցել:Եթե ես սխալ արած լինեի և նախագահն ուզենար իմ վրա ջղայնանալ, ինչ անենք, իմ նախագահն ա թող մի հատ էլ ջղայնանար, բայց նման բան չի եղել, որ չի եղել, ոնց ասեմ` եղել ա»: