Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Հայկ Մարությանը, պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում, որ իր կինն աշխատում է Երեւանի քաղաքապետարանում եւ թե սա անգամ դժգոհություն է առաջացրել «Իմ քայլը» խմբակցության անդամների մոտ, նշել է, որ վտանգավոր թափոնների կառավարման վերաբերյալ դրամաշնորհային ծրագրի հեղինակը Երեւանի քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանն ու նրա ընկերներն են:
«Իմ կինը մի խումբ ընկերների հետ զրոյից ծրագիր են գրել, որպեսզի 5,3 մլն եվրոյի ծրագիր բերվի եւ դրամաշնորհ լինի Երեւան քաղաքին: Դրա հետ կապ չունի ո՛չ Կառավարությունը, ո՛չ էլ Երեւան քաղաքապետարանը: Ուղղակի իմ խնդրանքով են նրանք դա գրել: Վտանգավոր թափոնների մասին ծրագիրը գրվել է, մենք դիմել ենք եւ մեծ մրցույթում, որտեղ մասնակցել են բազմաթիվ քաղաքաներ, հաղթել ենք»,- մանրամասնել է Հայկ Մարությանը և շարունակել.

«Թե իմ կինը, թե ընկերներս հենց առաջին օրվանից օգնում են մեզ, որպեսզի կարողանանք բոլոր խոստումները իրականացնել: Եթե կա ինչ-որ մեկը, որ դժգոհի, թե կինս կամ ընկերներս օգնում են, կասեմ՝ այդ մարդն ուղղակի խնդիրներ ունի մայրաքաղաքի հետ»:
Իսկ ինչ վերաբերում է քաղաքի մաքրությանը՝ Մարությանն ասել է, որ գոհ է փողոցների մաքրությունից, իսկ մայթերից՝ դժգոհ է: Ըստ քաղաքապետի՝ մայթերի ոչ բավարար մաքրության պատճառը մայրաքաղաքի մաքրությամբ զբաղվով համայնքային հիմնարկի նորստեղծ լինելն է. այն դեռ չի հասցրել համալրել տեխնիկան, որպեսզի մայթերը եւս պատշաճ կերպով մաքրվեն:
«Այս տարի նախատեսում ենք այդ ամբողջ տեխնիկան համալրել»,- ասել է Մարությանը:
Հայկ Մարությանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:


