Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
|
Թարմացված․ Արցախի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ներկայացրեց իրենց առաջիկա քայլերի հաջորդականությունը. «Հիմա բոլորս միասին ճանապարհվում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակ՝ մեր պահանջը հնչեցնելու: Այնուհետև շարժվում ենք ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման վայր: Այս ամենից հետո մեր հանդիպումը կշարունակենք այստեղ՝ Վերածննդի հրապարակում՝ գրեթե ամենօրյա ռեժիմով»: |
|
Թարմացված․ «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք սպասում. ուզում եք ամեն օր այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք: Բավակա՛ն է»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին ու դիմելով միջազգային հանրությանը, ՀՀ-ին ու ՌԴ-ին, ասաց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: «Հասել ենք եզրագծին ու մեր համբերության և զրկանքների հաշվին այլևս ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություններ: Հյուծվելու տեղ այլևս չունենք: Ցանկացած զիջում այլևս մեր երեխաների կյանքի գնով է, որը երբեք չենք զիջելու»,- նշեց նա: |
|
Թարմացված․ «Իրավիճակի մասին երկար չեմ խոսի, որովհետև խոսել եմ 7 ամիս շարունակ, ահազանգել բոլորին»,- Ստեփանակերտի հրապարակում ընթացող Արցախի ապաշրջափակման պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթն այսպես սկսեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Այսօր ահազանգի կոչնակ հնչեցնելու հերթական պահն է, որը բոլորս միասին պետք է անենք: Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին, մարդու իրավունքնե՞ր ասում եք, ուրեմն ասեք ինձ՝ ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ մայրերի աչքերին, որոնց օրվա երազանքը՝ երեխայի համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած հազարավոր մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում՝ ձեթ կամ շաքարավազ ստանալու համար... Ես ուզում եմ, որ դուք նայեք նրանց աչքերին, դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում»,- ասաց Ստեփանյանը: Դիմելով ռուս խաղաղապահներին՝ կոչ արեց տեր կանգնել մանդատին՝ ապահովելու իրական խաղաղություն: |
|
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաք է: Ինչպես նախօրեին հայտնել էր Արցախի պետնախարարը, այսօրվանից սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում. «Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում ունենալու ենք ծանր ու անդառնալի հետևանքներ, որը մենք թույլ տալ չենք կարող, ուստի սկսում ենք համաժողովրդական անժամկետ շարժում»,- ասել էր Գուրգեն Ներսիսյանը: Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |


