▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում ՍԴ-ում ու դրա դիմաց․ Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել

Ի՞նչ է կատարվում ՍԴ-ում ու դրա դիմաց․ Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել․ ․ ․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Նիկոլը գալու է բոլորիդ տները, ժողովու՛րդ

Մի՛ մտածեք, որ ձեր տանը ապահով է, այստեղ՝ չէ։

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյան

***

«Սահմանադրական դատարանի կազմի լեգիտիմության խնդիր կա»,- ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սահմանադրական դատարանը կարող էր նշված խնդիրը լուծել, ՍԴ դատավոր էր խոսել այդ մասին, բայց խնդիրը հանգուցալուծում չէր ստացել։ Այսօր մենք վերստին ներկայացրեցինք այդ հարցը՝ լրացուցիչ հիմքերով և հիմնավորումներով, բայց ՍԴ-ն դրան արձագանք չտվեց»,- հավելեց փաստաբանը։

***

«Այսօրվա դատական նիստը կարող ենք բաժանել երկու մասի. առաջին կեսում քննարկվել են որոշ աշխատակարգային և ընթացակարգային հարցեր, երկրորդ մասում արդեն սկսվել է դիմումների ներկայացման գործընթացը և բացատրությունների փուլը։ Վեց ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը, մենք կներկայացնենք վաղը»,- այս մասին ՍԴ դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Օրբելյանը։

«Նիստի ժամանակ ներկայացվեցին հսկայական վարչական ռեսուրսի խախտման մասին ահազանգեր։ «Հայաստան» դաշինքի մեր գործընկերները ներկայացրին, որ հիմնավոր լրջագույն կասկած կա, որ պետական բյուջեից մի քանի հարյուր միլիոն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա»,- ընդգծեց փաստաբանը։

***

«7 քաղաքական ուժերի՝ ՍԴ ներկայացրած դիմումների քննության առաջին օրն էր, մի քանի միջնորդություններ ներկայացվեցին։ Դիմում ներկայացրած բոլոր քաղաքական ուժերը ներկայացրին իրենց բացատրությունները՝ տարբեր հիմնավորումներ էին բերում, բայց բոլորի դիրքորոշումը հանգում էր նրան, որ թե՛ ամբողջ նախընտրական պրոցեսի ընթացքում, թե՛ ընտրությունների օրը տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում ընտրողների ազատ կամարտահայտությունը»,- այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը։ Նա նաև ընդգծեց, որ ընտրությունները չեն անցկացվել հավասարության սկզբունքով, եղել են խախտումներ։

***

«Մեր կուսակցությունը վերջնական դիրքորոշում չունի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին՝ վերցնելու են մանդատները, թե ոչ։

«Մեր հայրենակիցները թող վստահ լինեն, որ այդ մանդատները ոչ մի բան՝ բացի բռնաճնշումներից չեն տալիս։ Բոլորը անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր այդ մանդատը ունենան։ Հանգիստ եղեք, ոչ մի լավ բան չի տալիս․ մենք այդ աշխատավարձի կարիքը չունենք, մեր հիմնական կարիքը այս մարդուն փոխելն է: Բոլոր մարդիկ, ովքեր ցուցակով մանդատների ձևաչափի մեջ են, այսինքն՝ անցնում են Ազգային ժողով, իրենք բոլորը բռնաճնշումների տակ են լինելու»,-ընդգծեց Կարապետյանը։

***

«Եթե փողոցում տասնյակ հազարավոր մարդիկ լինեն, իսկ ԱԺ–ում զրո ընդդիմադիր, փոփոխությունը գրեթե անհնար է լինելու»,- ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով երկրում իրավիճակ փոխելու, իշխանափոխության վերաբերյալ հարցին։

«Եթե օրենսդիրում լինի 44 ընդդիմադիր և փողոցում զրո մարդ, այդ դեպքում էլ փոփոխությունը խնդրահարույց է լինելու։ Դրա համար ճանապարհային քարտեզը պարզ է՝ փողոցն ապահովում է երկրում իրավիճակ, օրենսդիրը ընունում է ճիշտ որոշումը»,- ընդգծեց Կարապետյանը։

***

«Այսօր մեկ հանգամանք հաստատվեց․ Սահմանադրական դատարանը հենց ինքն իր նախաձեռնությամբ իր իսկ լեգիտիմությունը կասկածի տակ դրեց՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը այդպես լուծելով»,-այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով 2026թ․ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկմանը՝ փաստաբանն ընդգծեց․ «Մենք գտնում ենք, որ ընտրությունների արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն՝ կա՛մ նշանակվի ընտրությունների 2-րդ փուլ, կա՛մ մանատների բաշխման նոր կարգ սահմանվի․․․ Եթե ՔՊ-ն համոզված է իր հանրային աջակցության վրա, ո՞րն է խոչընդոտը, որ միանան մեր դիրքորոշմանը և ընտրության 2-րդ փուլ լին

***

ՍԴ որոշումից հետո մենք կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե ոչ: Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը:

«Եթե վերցնում ենք, ինչ օրակարգով, եթե գնում ենք խորհրդարան, առնվազն ինչ ճանապարհային քարտեզ ենք պատկերացնում, և գնալու դեպքում ինչ քայլերով, ինչ ռեժիմով ինչ ենք անելու և չգնալու դեպքում ինչ ենք անելու»:

***

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության ակնհայտ խնդիրներ ունի, փորձում է իր իշխանությունն ամրապնդել ռեպրեսիաների միջոցով»,- այս մասին Ս-ի դիմաց ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Հիմա միջազգային հանրության լռության ներքո՝ դեսպանատների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այս համատարած լռության ներքո, կամ կողքից Նիկոլ Փաշինյանին սատարելու իրենց ջանքերի շնորհիվ, մենք փաստորեն նոր փոքրիկ ֆյուրեր ենք ստանում, որովհետև իրենց համար ավելի կարևոր են ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է իրենց ձեռքին գործիք ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ»,- ընդծեց Մանուկյանը։

***

ՍԴ-ն կոլեգիալ կազմով կորոշի՝ կգնա իրավակա՞ն, թե՞ կգնա քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Նա նշեց՝ որքան էլ տարբեր կառույցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունեն, միևնույն է, չպետք է  հրաժարվել օգտվել օրենսդրական բոլոր գործիքակազմերից.

«Հավատ ու հույս ունենալը մի բան է, արձանագրումները՝ մեկ այլ։ Պայքարը չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ պայքարի վերջնակետերին չենք հասել, ուստի անկախ ՍԴ-ի, կամ այլ դատարանների ընդունած որոշումներից, այս պայքարն ունի անուն՝ «Հաղթանակ ու իշխանափոխություն», և բոլոր գործիքները պետք է օգտագործենք»։

***

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2022 թվականի հունիսի 24-ին ես «Ֆեյսբուք»-ում գրառում էի արել, գրելով՝ «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին»։ Փաստորեն չորս տարի հետո՝ նույն օրը, նրան ձերբակալել են»,- այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Երկու ամսվա կալանք են տվել՝ առանց տեսակցության հնարավորության։ Ինձ թվում է՝ դա հատուկ են անում, որպեսզի պատժեն, վրեժխնդիր լինեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման և ընտրողների իրավունքների պաշտպանության համար»,- նշեց Ադամյանը։

***

Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների վերաբերյալ ՍԴ ներկայացված ընդդիմադիր ուժերի բողոքները։ Այս պահին շենքի դիմաց քաղաքական ուժերը բողոքի ակցիա են իրականացնում` ի պաշտպանություն քաղաքացիների քվեների։

«Այս ընտրություններն ուղեկցվել են ակնհայտ ատելության խոսքի տարածմամբ, թիվ մեկ տարածողը հանդիսացել է ՔՊ նախընտրական ցուցակի առաջին համարը, այնպես՝ ինչպես դա տեղի էր ունեցել 2021թ․»,- ՍԴ նիստի ժամանակ իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
«Հիմա ուզում եմ հարց բարձրացնել Բարձր դատարանին․ եթե չլիներ այս խոսույթը, կարո՞ղ է ընտրությունների արդյունքներն այլ լինեին․ կատարում եմ պնդում՝ միանշանակ այո։ Արդյոք Բարձր դատարանի դատավորները, լինելով հասարակության ներկայացուցիչներ, կարող են հաստատապես պնդել, որ այն բառամթերքը, որն օգտագործվում է գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից, որն իր մեջ պարունակում է սպառնալիք, ատելության խոսք, կապ չունի որևէ քաղաքական կուսակցության ծրագրի, քաղաքական բանավեճի, խոսույթի հետ՝ ազդեցություն չի ունեցել ընտրության վրա»,- նշել է Վարդևանյանը

***

«Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված անձնական բացասական վերաբերմունք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ «Նախկինում, երբ ինքը փաստաբանական գործունեություն էր ծավալում՝ փաստաբանական դիմացի կողմեր էինք Մարտի 1-ի գործով, բացի նրանից, որ ունեինք հակադրվող կողմերի եզրակացություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա որոշակի անձնական վերաբերմունք նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասով»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով․ «Բայց մենք տեսնելով, գիտակցելով այդ խնդիրները, միևնույն ժամանակ գնահատել ենք, որ դատարանում մասնակցության անհնարինությունն առաջացնում է իր խնդիրները, չենք ունենում ամբողջ կազմով դատարան»։

***

«Դատական օրվա տևողության հետ կապված այսօր, վաղը շատ բան կորոշվի»,- ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստին հայտարարեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ «ՍԴ-ն գործի դատաքննությունից հետո պետք է հեռանա խորհրդակցությունների սենյակ՝ որոշում կայացնելու, որի համար ևս ժամանակ է պահանջվում, իսկ մենք ունենք 8 օր՝ այսօրը հաշված։ Հուլիսի 4-ը վերջին օրն է, երբ պետք է որոշումը հրապարակվի։ Ըստ այդմ կաշխատենք նաև շաբաթ օրը, իսկ կիրակի օրվա հետ կապված եկեք չբացառենք, որ այդ օրը ևս նիստ կունենանք»,- նշեց Դիլանյանը։

***

Սահմանադրական դատարանը չբավարարեց ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանի միջնորդությունը՝ գործի քննությունն ամբողջական կազմով անցկացնելու մասին։
«Թող ձեզ չթվա, որ մենք թեթև սրտով ենք բաժանվել մեր գործընկերներից, մենք շատ ծանր սրտով ենք անհնարինություն հայտնել մեր գործընկերներին, բայց կշեռքի վրա դրված էր հետևյալ հարցը․ կամ մենք քննում ենք ոչ լիարժեք կազմով, կամ քննում ենք՝ դատարանի լեգիտիմության հետ կապված մտահոգություններով։ Իրավական ու ժողովրդավարական պետությունում պահանջվում է, որ առաջնահերթությունը տրվի միշտ առաջինին և մենք որոշել ենք, որ գործը պետք է քննվի 7 հոգանոց կազմով»,- պարզաբանեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

«Կազմի տեսանկյունից՝ կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց՝ առնվազն քննարկելու մակարդակում պետք է իրացվեր»,- իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Դավիթ Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես 3-րդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի հարազատ եղբայրը։ Այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ, անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե՞ ոչ»,- նշել է փաստաբանը։

***

ՍԴ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ դատավորներից Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությանը։ «Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարց։ Տիկին Սաֆարյանի հարցի քննարկման շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ․ նախ՝ 2021թ․ նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածու։ Կարծես թե աշխատանքային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ նշված ուժը ևս հանդիսանում է ՍԴ-ում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ՝ պարոն Մեհրաբյանը։ Անդրադարձ է կատարվել տիկին Սաֆարյանի կողմից որպես տուժողին ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեությանը։ Այս ժամանակահատվածում արդեն իսկ Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հանդես է եկել 2 միջնորդություններով և կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած ՍԴ-ի դիմումից և դա հենց այն ուժն է, որի պատգամավորության թեկնածու հանդիսացել է Սեդա Սաֆարյանը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը գործին անհնարին է»,- իր խոսքում նշեց Վարդևանյան

***

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ դատավորների՝ դիմումների քննությանը մասնակցելու անհնարինության ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելու միջնորդություն ներկայացրեց։ «Սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ։ 9 անդամի քանակի փոփոխությունն առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Մենք ուզում ենք միջնորդել, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես անհնարինության ինստիտուտը որպես այդպիսին և եթե Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչում գործի շրջանակներում, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե 7 հոգով»,- իր խոսքում նշեց Օրբելյանը։

***

«Կան ՍԴ դատավորներ, որոնք նախկինում կուսակցական են եղել և, ըստ այդմ, կասկածի տակ են դրվում նաև ՍԴ որոշումները»,- դիմելով ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանին՝ ասաց լրագրողը։ «Ի՞նչ եք ակնկալում ինձնից այս պահին՝ արձագա՞նք։ Նման հարց կբարձրացվի՝ արձագանք կլինի»։

«Այնուամենայնիվ որոշում կայացվեց, որ մասնակցելու եք նիստին»,- լրագրողը դիմեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին: «Խնդրում եմ գոնե նիստից առաջ չքննարկենք այնպիսի հարցեր, որոնք կարող են իսկապես վտանգել իմ անաչառությունը»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը պահանջել էր բացառել ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունն առաջիկա դատավարությանը, սակայն միջնորդությունը Սահմանադրական դատարանի կողմից քննության առարկա չէր դարձել:

***

«Սահմանադրական դատարանի որոշումն է եղել իմ և Վլադիմիր Վարդանյանի անհնարինության վերաբերյալ»,- մեկնաբանելով լրագրողի հարցը, թե արդյոք ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը չմասնակցելը նաև իր որոշումն է եղել, ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Արտակ Զեյնալյանը։ Հարցին՝ ինչպե՞ս եք այսօր տրամադրված, պատասխանեց․ «Հետևելու եմ նիստին՝ ուշի ուշով»։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշմամբ՝ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։

Սահմանադրական դատարանի դիմաց ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում: Հիշեցնենք՝ ժամը 11:00-ին ՍԴ-ն քննելու է ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ դիմումները:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին