Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է ներկայացրել՝ կից գրառմամբ․
«Փաստորեն, 2012թ-ին, Սերժ Սարգսյանի օրոք, Չինաստանից անվճար բերվել էին 249 նոր HIGER ավտոբուսներ։
2013 թվականին, տրանսպորտի բարելավման նպատակով, նախատեսվում էր ուղեվարձը դարձնել 150 դրամ, սակայն ներկայիս ՔՊ-ականները, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանը, բոյկոտեցին այդ որոշումը։
Ալեն Սիմոնյանը լիովին ընդունում էր, որ տրանսպորտի սպասարկման ինքնարժեքը բարձրացել է, սակայն առաջարկում էր խնդիրը լուծել քաղաքապետարանի այլ միջոցներով՝ սուբսիդավորմամբ և այլ ֆինանսական աղբյուրներ հայթայթելով, որպեսզի իշխանության սխալ կառավարման հետևանքով բեռը չդրվի հասարակ քաղաքացու վրա։
Ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը տրանսպորտի թանկացման համար բերում է նույն հիմնավորումները, որոնք 2013թ-ին ներկայացնում էր նախկին իշխանությունը, «նոր ավտոբուսներ ենք բերել, դրանց սպասարկումն թանկ է, պետք է ուղեվարձը դարձնենք 150 դրամ, որպեսզի կարողանանք սպասարկել և բարելավել տրանսպորտային համակարգը»։ Այն ժամանակ ՔՊ-ականները բոյկոտում էին այս հիմնավորումները, բայց այսօր նույնը ներկայացնում են որպես փաստարկ։
Հասարակ քաղաքացու կյանքը 2013թ-ից ոչ միայն չբարելավվեց, այլև այսօր դարձել է ավելի բարդ։ Այս առումով Երևանի քաղաքապետարանին առաջարկում եմ քիչ թալանել և սեփական սխալ կառավարման բեռը չդնել քաղաքացիների ուսերին։ Գնացեք լուծումներ գտեք քաղաքապետարանի այլ միջոցներով, ինչպես ժամանակին առաջարկում էր հենց Ալեն Սիմոնյանը։
Տրանսպորտի թանկացումը պետք է բացառվի, քանի դեռ մարդկանց եկամուտները չեն բարձրացել։ Ժողովուրդը չի կարող վճարել այն գինը, որը չի համապատասխանում իր եկամուտներին»։