▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի ՞նչ գնահատական է տրված Հայկական քաղավիացիային թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության զեկույցում

Միջազգային ավիացիոն կազմակերպությունը,  168.am-ի այսօր ստացած  տեղեկությամբ, լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեին, ինչը շատ վատ հետևանքներ կարող է ունենալ մեր ողջ քաղաքացիական ավիացիայի և մասնավորապես, օդաչուների համար, որոնց պարզապես կարող են արգելել թռչել:

Կայքի աղբյուրը պարզաբանել է, որ խոսքն իրականում լիցենզիայից զրկելու մասին չէ, փետրվարի ստուգման արդյունքներն են եկել Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալությունից եւ տեղեկություններ կան, որ ՔԱԿ-ը բավականին վատ գնահատական է ստացել: Օրակարգային խնդիրը ոչ թե զրկելու հարցն է, այլ այն, որ եթե արձանագրեն, որ լիազորված մարմինը (ՔԱԿ) ունակ չէ պատշաճ վերահսկել մեր ավիացիոն կազմակերպությունները, ունի լուրջ թերություններ, ապա հայկական կողմի տված լիցենզիաները չեն ընդունվի Եվրոպայում և մեր ավիաընկերություններին կարող են չթողնել դեպի Եվրոպա թռչել:

Աղբյուրին հայտնի է դարձել նաեւ, որ  2015թ. լայնածավալ աուդիտ է իրականացվել Քաղավիացիայի պետական կոմիտեում, և մեր եվրոպական գործընկերները դրա արդյունքները գերազանց են գնահատել:

Հարցին, թե կարո՞ղ են արդյոք այդ զեկույցի արդյունքներով, որն ըստ ամենայնի, կառավարությունն արդեն ստացել է, մեր օդաչուները խնդիրներ ունենալ, 168.am-ի աղբյուրը պատասխանել է, որ նախկինում մեր վկայականները շատ լավ համբավ են ունեցել, անգամ Ռուսաստանի օդաչուները ցանկացել են մեր մոտից ստանալ վկայականներ, որպեսզի Չինաստան, Հնդկաստան աշխատելու գնան, սակայն հիմա, փաստորեն, կարող է լուրջ խնդիր առաջանալ:

ՔԱԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Հայսեր Գասպարյանը կայքի հետ զրույցում նախ ասել է, որ ինքը չի կարող այդ հարցին պատասխանել, բայց հեռախոսահամար կփոխանցի, ապա քիչ անց տեղեկացրել է, որ հայտարարելու կամ ասելու բան չունեն, իրենք զբաղված են կորոնավիրուսի հետ կապված խնդիրներով, և խորհուրդ է տվել հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

168.am-ը զրուցել է նաև վարչապետի` ավիացիոն հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանի հետ, որը ենթադրել է, թե  ինֆորմացիայի սկզբնաղբյուրը ՔԱԿ-ն է, որովհետև առայժմ կառավարության պատերից նման տեղեկություն  դուրս չի եկել:

«Ճիշտ կլինի, որ դիմեք ՔԱԿ: Եթե նրանք ունեն այդպիսի տեղեկություն, դա այն տեղեկությունն է, որը հանրությունն իրավունք ունի իմանալ»,- ասել է  վարչապետի խորհրդականը` հավելելով, որ ինքը ոչ հաստատում և ոչ էլ ժխտում է կայքի ինֆորմացիան, որովհետև ինքը հիմա ծանոթանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության զեկույցին:

Հակոբ Ճաղարյանի խոսքով` դա Եվրամիության, Եվրահանձնաժողովի մի մասն է: Զեկույցը մեծ է, 57 էջանոց, անգլերենով:

«Ես հիմա ծանոթանում եմ, թարգմանում եմ, որ ոչ մի բառ, ոչ մի գաղափար բաց չթողնեմ: Ես առայժմ ծանոթանում եմ: Իրականում ես, թեպետ անգլերեն վատ չգիտեմ, բայց ամեն դեպքում ոչ մի բառ, ոչ մի արտահայտություն սխալ հասկանալու իրավունք չունեմ, որովհետև ես սրա հիման վրա պատրաստվում եմ զեկույց ներկայացնել վարչապետին»,-ասել է կառավարության ղեկավարի խորհրդականը:

Ըստ նրա` քանի դեռ ինքը չի նախապատրաստել այդ զեկույցը, քանի դեռ չի մշակել այն, քանի դեռ վարչապետին չի զեկուցել, ոչինչ չի կարող ասել դրա բովանդակության մասին:

Հարցին, թե վատագույն սցենարի դեպքում կարո՞ղ են արդյոք թույլ չտալ մեր օդաչուներին թռչել, Հակոբ Ճաղարյանը պատասխանել է, որ ինքը չի կարող ասել` վատագույն սցենարը որն է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին