«Ես այդ ամենից սենսացիա չեմ ուզում դարձնել, առավել ևս, որ բոլոր վիրավորանքները ես թողել եմ անցյալում: Ես իսկապես այդ ամենը բաց եմ թողել»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Իրինա Հարությունյանը` անդրադառնալով Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր, բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանի մահվանը:
Իրինա Հարությունյանը խոսքով` Ալեքսանդր Գրիգորյանի մահվան մասին իմանալով`ցավ է ապրել:
«Իսկապես մեծ կորուստ է, այդ թվում` նաև թատրոնի համար: Նա իմ կյանքում մեծ դեր է խաղացել, ընդ որում` հարկ է նշել, որ կարևոր դեր է ունեցել: Ես երիտասարդ էի, ուսանող էի, ում ինքը գրկաբաց ընդունեց»:
Իրինան վստահ է, որ իր և Ալեքսանդը Գրիգորյանի միջև տեղի ունեցած տարաձայնությունը թյուրիմացություն էր.
«Այդ ամենը հենց այդպես էլ կանվանեմ, բայց հույս ունեմ, ավելի ճիշտ վստահ եմ, որ Ալեքսանդր Գրիգորյանը նույնպես կատարվածը մոռացել էր և թողել էր անցյալում, որովհետև նա ուժեղ մարդ էր: Ինձ համար Ալեքսանդր Գրիգորյանը լեգենդ էր»,-նշեց դերասանուհին:
Հարցին` արդյո՞ք մասնակցելու է Ալեքսանդր Գրիգորյանի հրաժեշտ արարողություններին, ասաց հետևյալը. «Իհարկե, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ»:
Հավելենք, որ Ալեքսանդր Գրիգորյանը մահացել է հոկտեմբերի 31-ին`երկարատև ծանր հիվանդությունից:
Հիշեցնենք, որ Իրինա Հարությունյանը 15 տարի աշխատել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում, Երվանդ Ենգիբարյանի մահից հետո դերասանուհին դուրս եկավ հարազատ թատրոնից: Մամուլում պարբերաբար քննարկվում էր նրա և Ալեքսանդր Գրիգորյանի միջև եղած տարաձայնությունները: Հարկ է նշել, որ Asekose.am-ի CV հաղորդման ժամանակ Իրինա Հարությունյանը խոստովանել էր, որ տեղի ունեցածի համար պատասխանատու են թատրոնի շատ աշխատակիցներ, ովքեր էլ «խառնել» էին իրենց հարաբերությունները:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան