Life.panorama.am-ը գրում է.
Արդեն երկու տարի է, ինչ երգիչ Սուրեն Առուստամյանը մշտական բնակությամբ տեղափոխվել է Միացյալ նահանգներ, որտեղ գործելով՝ փորձում է հայտնի դառնալ ոչ միայն հայերին, այլեւ աշխարհին:
Վերջին օրերին երգիչը Հայաստանաում է հյուրի կարգավիճակով, մենք զրուցել ենք երգչի հետ եւ փորձել տեղեկանալ նրա ոչ միայն գործնական, այլեւ անձնական ծրագրերից:
«Ճիշտն ասած՝ շատ հանկարծակի որոշեցի գալ Հայաստան ու դա արեցի գերգաղտնի պայմաններում. Ոչ մեկին չէի ասել, որ գալիս եմ, վեր կացա, թաքուն եկա ու շատ անակնկալ կերպով թակեցի մեր տան դուռը, դե պատկերացրեք, թե մերոնք ինչ ուրախություն ապրեցին, երբ բացեցին դուռն՝ առանց իմանալու, որ հակառակ կողմում ես եմ»,- ծիծաղելով պատմեց Սուրենն ու նշեց՝ անասելի կարոտել էր ծնողներին, հարզատներին ու ընկերներին:
Հետաքրքրվելով, թե արդյոք Սուրենը որոշել է վերջնականապես հաստատվել ԱՄՆ-ում, պատասխանեց.
«Արդեն երկու տարի է, ինչ Նահանգներում եմ բնակվում, սկզբում եղան դժվարություններ զուտ հաստատվելու հետ կապված, սակայն այնտեղ շատ հարազատ ընկերներ ունեմ, որոնց օգնությամբ հեշտությամբ հաղթահարեցի այդ ճանապարհը: Հիմա ինձ այնտեղ շատ ազատ ու լավ եմ զգում, մտածում եմ, որ այո, դեռեւս կշարունակեմ ապրել ԱՄՆ-ում, բայց հաճախ կգամ իմ շատ սիրելի Հայաստան, քանի որ այստեղի հետ է կապված իմ ողջ կյանքը»:
Երգիչը ԱՄՆ-ում փորձում է աշխատանքներն այնպես կազմակերպել, որ աշխարհը ճանաչի հայ երգիչ Սուրեն Առուստամյանին.
«Այս պահին մի շարք առաջարկներ ու պլաններ ունեմ, նոր համագործակցություններ արտասահմանցի երաժիշտների, պրոդյուսերների հետ, նոր երգեր, առաջիկայում ձայնասկավառակ, այսինքն՝ բավականին ակտիվ աշխատանքային պրոցեսում եմ ու պլաններ ունեմ նաեւ աշխարհին հայտնի դառնալ: Ինքս ամեն բան անում եմ, որպեսզի իմ արվեստը հասանելի դարձնեմ հնարավորինս շատերին, իսկ թե դա որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը»,- նշեց Սուրենն ու հավելեց, որ կարճ ժամկետներում կներկայացնի իր սպասված ձայնասկավառակը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում