Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես բազմիցս արտահայտել եմ կարծիքս այն մասին, որ առանց վարչապետի հրաժարականի երկրում կայունացման միտումներ չեն լինելու: Կարող ենք տարբեր կերպ վերաբերվել վարչապետի անձին: Բայց արձանագրենք մի անվիճելի փաստ` երկիրը պատերազմի հասցրած ու պատերազմում պարտված վարչակազմը չի կարող ունենալ իշխելու իրավունք: Դա վերաբերվում է ցանկացած երկրի: Եվ սա արձանագրողին չի կարելի մեղադրել նախորդ իշխանությունների օգտին քարոզի մեջ: Ներկաների հեռացման պահանջը չի ենթադրում նախկիններին վերադարձնելու հրավերք: Ինձ հաճախ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել գործող վարչապետին: Բայց ես ի՞նչ իրավունք ունեմ նման հարցերի պատասխանել: Այդ հարցի պատասխանը Սահմանադրության մեջ փնտրեք: Դեռևս կա խորհրդարանական մեծամասնություն: Թող այդ մեծամասնությունը ընդունի գործադիր իշխանության լիարժեք տապալման ակնհայտ փաստն ու փորձի ձևավորել նոր գործադիր իշխանություն, որը բախկացած կլինի հիմական քաղաքական ուժերի համար ավելի ընդունելի անձանցից: Ի վերջո, Հայաստանը խորհրդարանական հանրապետություն է, այլ ոչ թե նախագահական: Ինչ ուզում եք ասեք, բայց գոնե ֆորմալ առումով մարդիք 2,5 տարի առաջ ձայն են տվել ոչ թե անձին, այլ կուսակցություններ միավորող դաշինքին: Քանի դեռ այդ դաշինքը շարունակում է վերահսկել խորհրդարանական մանդատների 50 տոկոսից ավելին, անձի հարցը իրենց որոշելու հարցն է: Իսկ իմ քաղաքացիական իրավունքն է` պահանջել խորհրդարանական մեծամասնությունից այնպիսի գործադիր իշխանության ձևավորում, որը արտացոլում է այսօրվա քաղաքական իրավիճակի պատկերը ու ի զորու է դիմադրել առկա մարտահրավերներին: Եվ եթե ես կոնկրետ անձին ասում եմ «հեռացիր», դա իմ իրավունքն է: Բայց դա չի նշանակում, որ ես իրավասու եմ մեկ ուրիշին ասել` «համեցեք»»:
Ինձ հարցնում են` ո՞վ է այն լավ տղան, որ պետք է կարողանա փոխարինել վարչապետին. Արտյոմ Երկանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet