Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի կազմակերպման համար կառավարությունը կհատկացնի 2 մլրդ 318 մլն դրամ, ինչը ԱՄՆ դոլարի ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 6 մլն դոլար։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։
«Հետք»-ն է գրում ու մանրամասնում․ «Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, այդ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:
Համերգը տեղի է ունենալու այս տարվա սեպտեմբերի 23-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում։ Ըստ նախագծի հիմնավորման՝ արտիստի ընտրությունը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ վերջինս այս տարվա ընթացքում ժամանակակից երաժշտության աշխարհում մեծ պահանջարկ է վայելում, այլև այն պատճառով, որ ներկայացվելու է յուրահատուկ շոու ծրագիր:
Կառավարությունն ակնկալում է, ծրագրին կմասնակցի 20 000-25 000 մարդ: Ինչպես հայտնում է գործադիրը, ծրագրի շահառուներն են Հայաստանի երաժշտասեր և ժամանցասեր հանրությունը, Հայաստանում գտնվող և, միջոցառմանը մասնակցելու նպատակով, Հայաստան ժամանած զբոսաշրջիկները: Համաձայն նախագծի հիմնավորման՝ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ տոմսերը կվաճառվեն բավականին մատչելի գներով, ինչը թույլ կտա ներգրավել հասարակության ավելի լայն շերտեր։ Շահառուների թվում կընդգրկվեն նաև սոցիալապես խոցելի խմբերը:
Համերգը կազմակերպելու է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենը մեկ ամիս առաջ 2023թ․ հուլիսի 4-ին։ Ընկերության 51 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայաստանում Մոլդովայի պատվավոր հյուպատոս Մակար Պետրոսյանին։
Վերջինս, հիշեցնենք՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ-ի Ալիկ») որդին է։ Իսկ ընկերության 49 տոկոս բաժնեմասի սեփականատերն ու ընկերության տնօրենը Հայկ Սիմոնյանն է»։