Այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն որոնցից մոտ 20-ը ավելի հավանական են, որ կդառնան.
«Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո մի քանի հարյուրի, ապա նաև տասնյակ հազարների: Այդ փորձարկումները ցույց են տալիս, որ ամենայն հավանմականությամբ լինելու են պատվաստանյութեր և լինելու են մի քանիսը:
Մենք հիմա բանակցություններ ենք վարում մի քանի ուղղություններով: Առաջինը ուղիղ արտադրողներն են, ես անձամբ եմ այդ բանակցությունները վարում: Երեկ խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակիցը Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Այդ պատվաստանյութը ամենահավանական թեկնածուներից մեկն է: Նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որ փորձելու են հավաքական գնումներ իրականացնել: Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի պատվաստանյութ կգնեն և մյուս երկրներին դա հասնի շատ ուշ: Ասենք, որոշ երկրների պատվաստանյութը հասնի 2021-ի սկզբին, իսկ մյուս երկրներին հասնի դրանից մեկ տարի հետո: Դրա համար շատ կարևոր է բանակցությունները վարել հենց այսօրվանից, նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը:

Տարբեր գնահատականներով պատվաստանյութը երկրների համար հասանելի կլինի կամ այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին: Դա վերջնական պարզ կլինի աշնան սկզբին, որովհետև երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը սպասվում է այդ ժամանակ:
Փաստը, որ դա լինելու է և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին, արդեն ուրախալի է: Պետք է հետ չմնանք զարգացումներից»,-նշեց Արսեն Թորոսյանը:


