▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ փոխվեց, որ մերժված ընկերությանը թույլատրվեց օտարել ՎիվաՍել ընկերությունը». Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից մեկի` «Վիվա-ՄՏՍ»-ի վաճառքին: Նա նշեց, որ ընկերության 100 տոկոս բաժնետերը Կիպրոսում գրանցված Aramayo Investments Limited ընկերությունն է։

«Ես այս հարցը չէի տա, եթե 6 ամիս առաջ այդ նույն ընկերության հայցը մերժված չլիներ՝ կառավարության մաս կազմող և չկազմող գերատեսչությունների բացասական եզրակացության հիման վրա, որոնք արդեն դարձել են դրական եզրակացություն: Հարց է ծագում՝ ի՞նչ փոխվեց, որ այդ եզրակացությունը դարձավ դրական: Մենք գիտենք, որ «Վիվասել ՄՏՍ»-ն առնվազն բջջային բաժանորդների մասով ամենամեծ օպերատորն է և պետության և ազգային անվտանգության տեսանկյունից շատ կարևոր է դա»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «6 ամիս առաջ տրվել է բացասական եզրակացություն, որովհետև ուսումնասիրությունները մտահոգություններ են ի հայտ բերել, որոնք հետագայում ընկերության կողմից ներկայացված լրացուցիչ փաստերի ուսումնասիրության ընթացքում փարատվել են, և այդ պատճառով բացասականը դարձել է դրական եզրակացություն»:

Արսեն Թորոսյանի դիտարկմանը, որ նշյալ ընկերությունն այդ ոլորտում բիզնես անելու փորձառությամբ հայտնի չէ, Փաշինյանը կրկնեց՝ տեղի է ունեցել խորը ուսումնասիրություն։ «Եղած մտահոգությունները և հնարավոր ռիսկերը առաջինը ՀՀ կառավարությունն է տեսնում և երբ օբյեկտիվ ուսումնասիրության արդյունքում դրանք փարատվում են, կայացվում է համապատասխան որոշում»,- ասաց նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին