Տեղի ունեցավ Վարդան Ղուկասյանի անձնական կյանքը ներկայացնող «Ամենափնտրված չհանցագործը» գրքի շնորհանդեսը, որին առցանց մասնակցում էր նաեւ ինքը: :
Գրքի հեղինակ, արձակագիր Սարգիս Գոքորյանի խոսքով, Վարդան Ղուկասյանը քննարկված անձ է, սակայն հայտնի չէ այն ամենով, ինչ գրված է գրքում, եւ հիմնականում նրան գիտեն իր քաղաքական հայտարարություններով:
«Ինձ մոտ հարց առաջացավ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Վարդան Ղուկասյանից հանենք հայհոյանքը եւ ամբողջացնենք նրա կյանքը, եւ ի՞նչ կմնա Վարդան Ղուկասյանից: Արդյունքում՝ Վարդան Ղուկասյանից մնաց 200 էջ վավերագրություն, որը վստահ եմ՝ արժանի է ընթերցողի ուշադրությանը»,-նշել է Սարգիս Գոքորյանն ում ձեւակերպմամբ՝ գրքում հիմնովին անդրադարձ է կատարվում այն հանգամանքներին, որոնք Վարդան Ղուկասյանին ստիպել են զբաղվել քաղաքականությամբ. «Վարդան Ղուկասյանը պետք է բժիշկ դառնար, իսկ բանակը փոխեց ամեն ինչ»:
«Այդտեղ ինչ կարդալու եք, ոչ չափազանցրել ենք, ոչ էլ պակասացրել ենք…Ամեն մի տարեթիվ, ամսաթիվ, ամեն տող համապատասխանում է իրականությանը, ոչ մի բանի գեղարվեստական որակավորում չենք տվել»,-իր հերթին ասել է Վարդան Ղուկասյանն ու հույս է հայտնել, որ գիրքը ձեռք բերած մարդիկ ավելի մոտիկից կճանաչեն իր իրական կերպարը, կհայտնվեն ռեժիսոր եւ հովանավոր, որոնք կցանկանան ֆիլմ նկարել: