ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է, մասնակցում է Թեհրանում անցկացվող «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»։
Հունվարի 18-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ԻԻՀ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի ուղեկցությամբ հանդիպել է ԻԻՀ նախագահի տիկնոջ՝ Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և ԻԻՀ նախագահի՝ կանանց և ընտանիքի հարցերով տեղակալ Էնսիե Խազալիի հետ։
Աննա Հակոբյանը կարևորել է թե՛ տարածաշրջանում և թե՛ ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար կանանց մեկ հարկի տակ հավաքելու և խնդրահարույց հարցեր քննարկելու Իրանի առաջին տիկնոջ նախաձեռնությունը։
Այս համագումարը հայկական կողմի համար կրկնակի կարևոր է՝ բարեկամ երկրի հետ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու և երկկողմ շփումները նոր մակարդակի բարձրացնելու տեսանկյունից՝ ընդգծել է վարչապետի տիկինը։
Իրանի առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդան բարձր է գնահատել Աննա Հակոբյանի ներկայությունը և նշել, որ այս համագումարի նպատակը կանանց դերը խաղաղության հաստատման գործում բարձրացնելու համար է։ Իրանի առաջին տիկինը հույս է հայտնել, որ այս նախաձեռնությունը կարդարացնի բոլոր սպասելիքները, քանի որ կանայք սիրո, համերաշխության և խաղաղության խորհրդանիշ են։
Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ներկայացրել է տարիներ առաջ իր կողմից ստեղծված «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, պատմել դրա ձախողման մասին, որի գլխավոր պատճառներից էր 2020 թվականի 44-օրյա պատերազմը։
Աննա Հակոբյանը ընդգծել է, որ շատ երկրներ են կիսում խաղաղություն, սեր և համերաշխություն տարածելու և հաստատելու գաղափարը, բայց քիչ են գործուն քայլերը։ «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը» ապացուցում է, որ խոսքը կարող է գործ դառնալ և հույս է հայտնել, որ համագումարը կունենա հստակ արդյունքներ և օրինակ կլինի աշխարհի համար։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը իր աջակցությունն է հայտնել և վստահեցրել, որ կանի առավելագույնը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում ներդրում ունենալու համար։