▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Փաշինյանն Ազգային Հերոս Տիրան Խաչատրյանին ազատել ԶՈՒ գլխ.շտաբի պետի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը։

Հիշեցնենք, որ Yerevan.today-ն այսօր գրել  էր. «Ռուսական ռազմարդյունաբերության եւ ռուսական սպառազինության առանցքային նշանակություն ունեցող «Իսկանդեր» հրթիռային հարձակվողական համակարգի մասին ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի սկանդալային հայտարարարությունը առ այն, որ այն Արցախում  պատերազմի ժամանակ թերի է կրակել, այն է՝ 10 տոկոսով, շարունակում է ամենաբուռն քննարկվողը մնալ ռուսական եւ հայկական տեղեկատվական դաշտում:

Կայքը դիմել էր ՀՀ ռազմական էլիտային՝ հասկանալու՝ արդյո՞ք  եղել են իրական հիմքեր՝ վարչապետի կողմից «Իսկանդերի» թերի կրակելու մասին հայտարարության համար եւ կա՞ դրա գերատեսչական եզրակացությունը, որով իրավամբ քաղաքական ղեկավարությունը պարտավոր էր առաջին հերթին այդ մասով ծառայողական քննություն սկսել ներսում, ապա անհրաժեշտության դեպքում անպայմանորեն դիմել «Իսկանդերը» արտադրող եւ վաճառքի հանած ՌԴ ռազմաքակաքական էլիտային: Հնարավո՞ր է  «Իսկանդերի» հրթիռը 10 տոկոս պայթի, ինչպես պնդում է վարչապետ Փաշինյանը․ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ գեներալ Տիրան Խաչատրյանը երկար ծիծաղեց, հետո նոր պատասխանեց. «Իհարկե՝ հնարավոր չէ... ո՞նց, «Իսկանդե՞րը»... Մեկ կրակո՞ցը... 10 տոկոսո՞վ... Կներեք սա լուրջ չէ(ծիծաղում է), չի կարելի նման բաներ խոսել, եզրահանգումներ անել: Չի կարելի առհասարակ հարցեր տալ այդ զինատեսակի մասին հեռախոսով եւ էդպես մակերեսորեն գնահատականներով եզրահանգումներ անել, լուրջ չէ:  Ես չգիտեմ՝ ով ինչ է ասել, բայց դա հնարավոր չէ (նորից ծիծաղում է)։

Պարզապես կխնդրեմ չծավալել թեման ու այդ զինատեսակի մասին սխալ ընկալումներ չձեւավորել»։

Ինչ վերաբերում է «Իսկանդերի» «թերի կրակոցով» ծառայողական քննություն սկսելուն, ԳՇ պետի առաջին տեղակալը ընդգծեց, որ նման բան չկա, որովհետեւ թերի կրակոց չի եղել։

Բարձրաստիճան ռազմական պաշտոնյան մի քանի անգամ հորդորեց, խնդրեց զգույշ վերաբերել այդպիսի զինատեսակի մասին մեկնաբանություններին եւ չմոռանալ ռազմական դաշնակցի հետ հարաբերություններին հետ կապված ավելորդ սրման տանող նրբությունների մասին»։

Ավելի ուշ ՊՆ-ն հետևյալ պարզաբանումն էր տարածել․ 

Yerevan.today կայքում փետրվարի 24-ին հրապարակվել է մի հոդված, որում արծարծվում է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի անունը:

Տվյալ լրատվամիջոցի ներկայացուցչի հետ հեռախոսազրույցի ընթացքում գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել է, որ չի կարելի նման թեմաներով խոսել և եզրահանգումներ անել, ինչից հետո լրագրողը մեջբերել է գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գնահատականը, թե իբրև դա հնարավոր է, ինչն էլ առաջացրել է Տիրան Խաչատրյանի ծիծաղը:

Հոդվածում լրագրողն ակնհայտորեն ամբողջապես չի ներկայացրել և, փաստացի, խեղաթյուրել է հեռախոսազրույցի բովանդակությունը` ընթերցողների մոտ առաջացնելով թյուրըմբռնում, ինչը կարելի է որակել որպես տեղեկատվական սադրանք:

Եվս մեկ անգամ հորդորում ենք լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքացիներին զերծ մնալ ռազմական ոլորտին առնչվող նմանաբնույթ խոսակցություններից և քննարկումներից, քանի որ դրանք կարող են էական վնաս հասցնել Զինված ուժերին և մեր երկրի անվտանգությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին