▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Այսօր նշում ենք Երկրապահ կամավորականների միության 30-ամյակը ճգնաժամի պայմաններում՝ աշխարհաքաղաքական ճգնաժամի, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, աշխարհակարգի փլուզման պայմաններում:

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակն, իհարկե, առաջին հերթին ձեր անցած ճանապարհն արժևորելու առիթ է, շնորհավորելու մեզ բոլորիս այդ առիթով: Բայց իրականում երկրապահության պատմությունը և երկրապահի պատմությունը մի փոքր ավելին է: Այն իրականում կապ ունի Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծման և պետականակերտման հետ:

Թույլ տվեք ասել՝ երկրապահությունն, իմ ընկալմամբ, առաջին հերթին ձևավորեց որպես մտածողության փոփոխություն, և այդ մտածողության փոփոխության առաջին կրողը հենց Վազգեն Սարգսյանն էր: Ո՞վ էր Վազգեն Սարգսյանը: Մենք նրան հիմա գիտենք որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի հիմնադիր, որպես Երկրապահ կամավորականների միության հիմնադիր: Թերևս վստահ չեմ, որ ներկաներից բոլորը գիտեն, բայց Վազգեն Սարգսյանը նույնիսկ բանակում չէր ծառայել՝ Խորհրդային բանակում: Նա խոստումնալից գրող էր, խոստումնալից կազմակերպիչ, մշակույթի ոլորտի խոստումնալից գործիչ:

Ինչպե՞ս ստացվեց, որ նա դարձավ Հայոց սպարապետ: Առաջին հերթին, մտածողության փոփոխության բերումով, որովհետև այդ մտածողությունն է՝ հասկանալ ինչ է կատարվում և ադեկվատ արձագանքել կատարվողին, դա է մտածողության փոփոխության ամենակարևոր բաղադրիչը: Վազգեն Սարգսյանը հասկացավ, որ Հայոց պետականությունն ամենակարևորն է և ամեն ինչից վեր:

... Ինձ պատիվ է ընձեռվել աշխատել և մտածել այն աշխատասենյակում, ուր սպանվելուց մի քանի ժամ առաջ նստած աշխատելիս է եղել Վազգեն Սարգսյանը։ Եվ ես հիմա պիտի մի բան ասեմ, որ շատ եմ մտածել, ոչ մի անգամ չեմ բարձրաձայնել։ Իհարկե, Սասուն Միքայելյանը խոսեց հոկտեմբերի 27-ի մասին, հոկտեմբերի 27-ի սպանությունը, ահաբեկչությունը բացահայտելու մասին։ Դա իրավապահների գործն է, և համոզված եմ, որ ամեն հնարավորը կարվի դրա համար։ Բայց թույլ տվեք ձեզ հետ կիսել իմ համոզմունքը, թե ինչո՞ւ է սպանվել Վազգեն Սարգսյանը։

Իմ համոզմունքն այն է, որ Վազգեն Սարգսյանը սպանվել է, որովհետև նախ հասկացել էր անհրաժեշտությունը, բայց նաև վերջնական որոշում էր կայացրել ազգային ազատագրական պայքարը վերաձևակերպել ու դարձնել պետականակերտման պայքար, պետության պայքար, պետության ինստիտուցիոնալ կայացման պայքար, պետության հզորացման պայքար, որովհետև մենք երբեմն չենք հասկանում, և սա է մեր մեծագույն խնդիրը, մեր իրականության մեջ միշտ չէ, որ Պետությունը և Հայրենիքն ընկալվում են նույն կերպ։ Եվ այդ ընկալումների ճեղքումն է, որ ի հայտ են բերում մեր բոլոր պարտությունները։ Մենք պետք է նույնացնենք Հայրենիք և Պետություն հասկացությունները, որովհետև Պետությունը շատ կոնկրետ է, և եթե Հայրենիքը Պետություն չէ, ցանկացած ուրիշ Պետություն կարող է դառնալ Հայրենիք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին