▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են աշխատավարձերը բարձրացվել պարգևավճարի համակարգով․ վարչապետի պարզաբանումն ու ելույթը

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչ է կատարվել հետհեղափոխական 2019թ․-ին։

«Ըստ այդմ, կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019-ին հաջողվել է գրանցել 2008թ․-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7, 6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և Եվրոպական տարածաշրջանի երկրների համար»,- նշել է  վարչապետը։

Ըստ գործադիրի ղեկավարի՝ 2018-2019թթ․Կառավարությանը հաջողվել է պետական բյուջե հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշը ավելացնել 505 մլրդ դրամով։

«Գործընկերներ, սա ավելի քան 1 մլրդ դոլար է և բյուջեի ցուցանիշները այս առումով աճել են 43, 6 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել, որ մինչհեղափոխական շրջանում ես ասել էի, որ պետական բյուջեի եկամուտները մեկ, երկու տարվա ընթացքում պիտի աճեն 30-35 տոկոսով»,- ասել է նա։

Այս միջոցները օգտագործվել են տարբեր նպատակների համար, օրինակ՝ գերավճարների հարցը լուծել են՝ բիզնեսին պարտքերը վերադարձրել են, կապիտալ ներդրումներ են արվել, աշխատավարձեր են բարձրացվել, թոշակներ ու նպաստներ են բարձրացվել։ 2018թ․-ի մայիսից մինչև 2019թ․-ի ավարտը ՀՀ-ում ստվերից դուրս է եկել ավելի քան 87 000 աշխատատեղ։

Ըստ վարչապետի ներկայացրած տվյալների՝ 2019թ․-ի երրորդ եռամսյակի դրությամբ՝ ՀՀ-ում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանանակահատվածի համար նվազել է 2, 1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը աճել է 2,5 տոկոսային կետով։

«Սա ասում եմ ի ցույց այն բանի, որ Կառավարության ծրագրում գրված քաղաքականությունը զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ շատ էական և շոշափելի արդյունք է արձանագրվել 2019-ին»,- նշել է  նա։

2019թ․-ին դրական արձագանք ստացավ ճանապարհների նորոգումը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հաշվետու տարում նորոգվել ու հիմնանորոգվել է 460 կմ ճանապարհ, որից 110 կմ-ն Կառավարության սոբվենցիոն ծրագրերով։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև պետական ծառայողների, պաշտոնյանների աշխատավարձերի բարձրացման մասին։

«Դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել, ինչո՞ւ պարգևավճարների համակարգով, ոչ թե աշխատավարձերի, որովհետև գործող աշխատավարձերի համակարգը իր ստեղծման առաջին օրից դեֆորմացված է, և այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ պրոցեսը, որը մենք հիմա իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար, կտրանսֆորմացնենք ձեր հաստատմամբ և աջակցությամբ որպես աշխատավարձի համակարգ»,-ընդգծեց վարչապետը, ապա շեշտեց, որ ցանկանում են պետական կառավարման համակարգում, հատկապես՝ դատաիրավական համակարգում աշխատավարձերը ավելացնել, որովհետև համոզված են, որ դա է արդյունավետ, անկախ դատական համակարգ ունենալու լավագույն ձևը։

2019թ․-ին առաջնագծում տեղադրվել է 325 գերժամանակակից տեսադիտարկման սարք, արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք, մշտական ջուր՝ 135 մարտական դիրք, 35 մարտական դիրքում կահավորվել է մոդուլային բաղնիք։

«Մայիսի 8-ից նոր սննդակարգով սնվող զինվորների թիվը կհասնի մոտ 90 %-ի» - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին