▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ էր Գագիկ Սուրենյանը մոռացել, որ իր հարսանիքն է

Hraparak.am-ը գրում է.

Իմ զրույցը օդերևութաբան Գագիկ Սուրենյանի հետ է:

Գագիկ ջան հանրության համար դուք բարի, լուսավոր կերպար եք ու ինձ հաճախ են դիմում՝ ինչպիսի՞նն է Գագիկ Սուրենյանն իր սովորական կյանքում: Ինչպիսի՞նն է նրա ընտանիքն ու նա: Կարելի՞ է, չէ, մեկ- մեկ էլ անդրադառնալ սովորական մարդու ապրելակերպին:

 Մայրս 30 տարի է` մանկավարժ է աշխատում, հայրս արհեստավոր է, մեր ընտանիքում սոցիալական վիճակը միշտ եղել է միջին մակարդակի վրա` ոչ շատ ճոխ ենք ապրել, ոչ էլ շատ վատ: Դժվարությունը եղել է այն, որ ես ամեն ինչի հասել եմ իմ ուժերով, որևէ մեկը ինձ չի օգնել և դրա կարիքն էլ երբեք չեմ ունեցել: Իմ բոլոր երազանքները իրականացել են: Երբ փոքր էի, երազում էի, որ դառնամ օդերևութաբան: Եղանակի կանխատեսման և ընդհանրապես օդերևութաբանության և կլիմայագիտության նկատմամբ իմ հետաքրքրությունները սկսվել են շատ վաղ հասակում, մոտավորապես 4-5 դասարանում: Ես պարզ հիշում եմ, երբ որ ամպրոպ էր լինում, ես ժամերով մտածում էի` ինչից է գալիս այդ որոտի ձայնը, ոնց է առաջանում կայծակը, նայում էի երկնքին, որպեսզի ինձ համար բացահայտեմ, թե որտեղից է սկսվում ամպրոպը և հորիզոնի որ կողմում վերջանում: Երբ 6-րդ դասրանում էի, աշխարհագրության ուսուցչուհուս խնդրեցի, որ ինձ համար օդերևութաբանության գիրք ճարի և նա գտավ այդ գիրքը: Հիշում եմ, թե ինչ հետաքրքրությամբ էի կարդում և յուրացնում ու ամեն օրվա եղանակը գրանցում իմ տետրերում և երբ որոշակի գիտելիքներ ձեռք բերեցի այդ գիտության վերաբերյալ, 7-րդ դասարանում, նախ` իմացա Հայպետհիդրոմետի տեղը, հետո` թաքուն, առանց տանը ասելու, եկա Հիդրոմետ, աշխատակիցներին ցույց տվեցի իմ բոլոր դիտարկումները և նշումները եղանակի մասին և խնդրեցի, որ նրանք ինձ ցույց տան թե ինչպես է կանխատեսվում եղանակը: Նրանք ինձ սիրեցին և այնքան լավ էին վերաբերվում, ինձ կոչում էին մեր փոքրիկ օդերևութաբանը: Այդ օրվանից շաբաթը մոտ 2 անգամ ես գալիս էի Հիդրոմետ ծառայություն, որից հետո արդեն ընդունվեցի Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության ֆակուլտետի ջրաօդերևութաբանության բաժինը: Հենց 1-ին կուրսից ինձ հրավիրեցին աշխատանքի Հիդրոմետ ծառայություն, արդեն մագիստրոս էի, բայց Օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետն էի: Իսկ երբ դարձա օդերևութաբան, արդեն երազում էի ունենալ ամուր և կայուն ընտանիք և բալիկներ: Հիմա ամեն ինչ ունեմ և ես երջանիկ եմ: Ունենք երկհարկանի մեծ առանձնատուն, այգի, որի համար շնորհակալ եմ հորս, քանի որ նրա ջանքերով է կառուցվել այն տանիքը, որի տակ այժմ բնակվում է մեր ողջ ընտանիքը: Կնոջս հետ ծանոթացել եմ համալսարանում, մենք սովորել ենք նույն կուրսում, այնուհետև, մինչև ամուսնանալը, նա աշխատել է այն բաժնում, որը ես եմ ղեկավարել և մինչև հիմա էլ աշխատում է ինձ հետ, նա նույնպես օդերևութաբան է: Առանձնապես մեծ ջանքեր չեմ գործել նրան գրավելու համար, աստիճանաբար ես ընդունել եմ նրան նա էլ ինձ, չեմ կարող նշել, թե կոնկրետ ինչը մեզ միացրեց , կան բաներ որոնք անբացատրելի են: Դժվարությունները սկզբում ֆինանսական էին, սակայն ես դա արագ լուծեցի: Բացի հիդրոմետ ծառայությունից դասախոսության անցա Երևանի պետական համալսարանում և որպես հեռուստամեկնաբան, Շանթ հեռուստաընկերությունում, ներկա պահին աշխատում եմ երեք կառույցում, ֆինանսական դժվարություններ այլևս չունենք:

Հարցը կարևորում եմ այն առումով, որ երբեմն լսում եմ՝ Գագիկը երևում է, համեստ ապրելակերպի տեր մարդ է: Որպես նորաստեղծ ընտանիք, ամենամեծ դժվարությունը ձեր կյանքում: Հնարավո՞ր է սեփական աշխատանքով ու քրտինքով մեր երկրում բարեկեցիկ ապրել: Պատմեք ձեր ծննդավայրի, ծնողների, արմատների մասին, ի՞նչ անջնջելի տպավություններ ունեք նրանց հետ կապված:

Ծնվել և մեծացել եմ Երևանում, ավելի կոնկրետ՝ Քանաքեռում: Մանկությունս անցել է անհոգ և երջանիկ, արմատներս գալիս են Մուշից և Սասունից, մանուկ ժամանակ և հիմա էլ հաճախ եմ լինում ծնողներիս ծննդավայրում Կոշում և Արզնիում: Եվ երևի դա է պատճառը, որ անչափ կապված եմ բնության հետ: Ես պաշտում եմ բնությունը, հատկապես լեռները և գալիս է մի պահ, որ լեռներում գտնվելու այնպիսի ցանկություն եմ ունենում, որ եթե չիրականացնեմ` հնարավոր է, որ սրտի կանգ ունենամ: Իմ կյանքում ամենամեծ իրադրաձությունը դա իմ հարսանիքն էր: Մեր հարսանիքի հյուրն էր, ինչպես ժողովուրդն է նրան կոչում, հայոց երգի թագուհին՝ Օֆելյա Համբարձումյանը, առաջին անգամ էր, որ երգչուհին եկավ մեր տուն և ես այնքան էի ուրախացել, որ մոռացել էի, որ իմ հարսանիքն է: Ուրախությունս պատճառ ուներ, ես պաշտում եմ մեր ժողովրդական և գուսանական երգը, իսկ այդ երգերի անզուգական և անփոխարինելի կատարող ինձ համար միայն Օֆելյան է, նրա ձայնը և կատարողական արվեստը ես զգում եմ մինչև բջիջներս, իսկ նման հանճարին օջախումդ ընդունելը, ինձ թվում է, երազանք է ցանկացած հայի համար: 

Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին