▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Գայան նկարահանեց «Այայի երկիր Արցախ»-ի նոր տեսահոլովակը. ի՞նչ կոնֆլիկտ է եղել նրա և Սևակի միջև. պարզաբանում է պրոդյուսերը

 

Երեկ երգչուհի Գայա Արզումանյանը ներկայացրեց իր՝ «Այայի երկիր Արցախ» տեսահոլովակի նոր տարբերակը, որում ինքը, ի տարբերություն նախորդ տեսահոլովակի, հանդես է  գալիս միայնակ՝ առանց Սևակ Խանաղյանի: Այս փաստը, թերևս, դարձել է համացանցային օգտատերերի քննարկման թեման: Ըստ շատերի՝ Գայայի այս քայլի պատճառն այն է, որ նրա և Սևակ Խանաղյանի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն, ավելին՝ կոնֆլիկտային են, իսկ այս ամենի ապացույցն էլ այն է, որ օրերս Մշակույթի նախարարության կողմից ձեռնարկած «Ծիծեռնակ» ազգային-երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Գայա Արզումանյանը, «Այայի երկիր Արցախ» երգի համար ստանալով հատուկ մրցանակ, միայնակ բեմ բարձրացավ:

Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու պրոդյուսերի՝ Արայիկ Գաբաջյանի հետ՝ պարզելու, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և թե արդյո՞ք Գայայի և Սևակի հարաբերություններն այլևս նախկինի պես չեն:

Մեզ հետ զրույցում Արայիկը հերքեց տարածված խոսակցությունները՝ պարզաբանելով.

«Մինչ այս Սևակի զբաղվածության պատճառով Գայան բազմիցս կատարել է այս երգը միայնակ: Առհասարակ, սա այն երգն է, որը պետք է կատարի հենց արցախցին, ով ականատես է եղել Արցախյան պատերազմին»,- նշեց Արայիկը:

Հարցին՝ այս դեպքում ինչո՞ւ Գայան տվյալ երգը և դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակը նախկինում ներկայացրեց Սևակ Խանաղյանի հետ, Արայիկ Գաբաջյանը նկատեց.

«Այո, նախկինում Գայան կատարել է Սևակի հետ, բայց այնպես չէ, որ «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ Գայայի առաջին ելույթն էր միայնակ: Նշեմ, որ ի սկզբանե, երբ մենք նախաձեռնում էինք նկարահանել Գայայի և Սևակի տեսահոլովակը, որոշել էինք, որ այն պետք է լինի վավերագրական ֆիլմի տեսքով: Կադրերը մեզ խոստացել էր տրամադրել հայտնի լրագրող Ցվետանա Պասկալևան, ով 1991թ. մայիսից փաստագրական 7 ֆիլմ է նկարահանել Արցախի մասին: Բայց քանի որ այդ ընթացքում տկն. Պասկալևան քաղաքում չէր, իսկ Սևակը համերգներով ժամանել էր Երևան, որոշեցինք մի քանի օրվա մեջ  արագ տեսահոլովակ նկարահանել»,- պատմեց Գայայի պրոդյուսերը:

Վերջինս նշեց, որ «Այայի երկիր Արցախ» տեսահոլովակի նոր տարբերակը չի արվել համեմատության համար.

«Որոշեցինք նկարահանել նոր տեսահոլովակ, քանի որ խոստացված կադրերն արդեն ունեինք: Ինչպես կնկատեն շատերը, տեսահոլովակում որևէ ճոխություն չկա, Գայայի մասնակցությամբ նկարահանումներն էլ տևել են մի քանի ժամ: Հիմնականում շեշտը դրված է Արցախյան պատերազմի կադրերի վրա»,- ասաց Արայիկը:

Անդրադառնալով Գայայի և Սևակի հարաբերություններին, Արայիկը շեշտեց, որ որևէ կոնֆլիկտ նրանց միջև տեղի չի ունեցել.

«Փառք Աստծո, ոչ մի կոնֆլիկտ չկա, Սևակը մեր լավ ընկերն է: Նրան հաջողություն ենք մաղթում «Եվրատեսիլ»-ում, մենք նրա կողքին ենք»,- շեշտեց Արայիկը:

Իսկ այն հարցին` ինչպե՞ս է Գայայի քայլին վերաբերվել Սևակը, և արդյո՞ք համաձայնություն եղել  է նրա կողմից, որպեսզի երգչուհին  միայնակ ներկայանա այս երգով, Արայիկը պատասխանեց.

«Սևակի համաձայնությունը չի էլ եղել, քանի որ այդ երգի լիարժեք իրավունքները պատկանում են ինձ: Սկզբում Սևակը հրավիրվել է մեր կողմից, առաջարկել ենք երգել այս երգը, նա էլ սիրով համաձայնել է: Այդ երգն իմ անձնական երգն է, դա նույնիսկ Գայայինը չէ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արայիկ Գաբաջյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան


Կարդացեք նաև՝ Չեմ փոշմանում, ասում եմ` 34 տարեկան եմ և… Գայա Արզումանյանը` կուսության, հոր արգելքի, անձնական կյանքի մասին և ոչ միայն

Գայա Արզումանյանը՝ պատգամավորներից մեկի որդու հետ նշանվելու և այն չեղյալ համարելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին