ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞վ է հայ-ադրբեջանական սահմանի հնարավոր դելիմիտացիան վտանգավոր Արցախի համար:
Քանի ԱԺ աշխատանքներում դադար է առաջացել, փորձեմ կրկին հանգամանորեն անդրադառնալ այս հարցին՝ բացահայտելով այն վտանգները, որոնք կառաջանան կապիտուլյանտ իշխանությունների հերթական արկածախնրության պատճառով:
Նախ հիշեցնեմ, որ Հայաստանը մեր օրոք մշտապես հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և Արցախի խնդիրը ոչ թե տարածքային վեճ է, այլ ազգերի ինքնորոշոման իրավունքի խնդիր: Բազմիցս բացատրել ենք նաև, որ տարածքային ամբողջականության հարցը չի հակադրվում ինքնորոշման իրավունքին, քանզի առաջինը միջպետական հարաբերությունների խնդիր է, իսկ երկրորդը մետրոպոլիա-ռեգիոն հարթության մեջ է:
Արտաքին աշխարհի առումով այս հայտարարություններն ամրագրվել են նաև Հայաստանի և Ադրբեջան անդամության գործընթացներով տարբեր միջազգային կազմակերպություններում, օրինակ՝ ՄԱԿ-ում և Եվրոպայի Խորհրդում:
Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում մեր թողած ժառանգությունը ներառում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բարձրագույն մակարդակում ամրագրված երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջականության, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և ժողովրդի ինքնորոշման իրավունքի:
Հերթով քննարկենք:
1. Արցախյան վերջին պատերազմը խախտեց այս սկզբունքներից առաջինը՝ ուժի չկիրառումը, և Ադրբեջանը, օգտվելով տգետ պոպուլիստների շնորհիվ առաջացած բարենպաստ պայմաններից, ուժային ճամապարհով, միջազգային հանրության լռության և դրան հաջորդած կապիոտւլյացիոն հայտարարաության պարագայում, զավթեց Արցախի տարածքի մոտ 75%-ը: Այսնինքն՝ խախտվեց Արցախյան կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից մեկը: Ի դեպ, առ այսօր Ադրբեջանը շարունակում է հոխորտալ ուժի գործադրման սպառնալիքով:
2. Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր համաձայնագիրը սահմանների դելիմիտացիայի մասին նշանակելու է, որ կարգավորման փաթեթից դե ֆակտո իրացվելու է նաև տրածքային ամբողջականության սկզբունքը, անգամ այն պարագայում, եթե այսօրվա կապիտուլյանտներին դեմ չտան մի տարբերակ, որով միանգամից ու վերջնականորեն կամրագրեն Արցախի մնացյալ հատվածն Ադրբեջանի կազմում: Ակնհայտ է նաև, որ այդ հնարավոր փաստաթուղթը նաև նոր ականներ է դնելու Հայաստանի համար՝ վերակենդանացնելով անկլավների հարցը և անվտանգային նոր ռումբեր տեղադրելով Հայաստանի կենսական կոմունիկացիաների տակ:
Այսպես կոչված անկլավների հարցը լուծվել էր ռազմական փոխադարձության սկզբունքով դեռևս առաջին պատերազմի ընթացքում՝ տարածքների փաստացի և ուժային փոխանակաման սկզբունքով՝ Արծվաշենը երեք ադրբեջանաբնակ գյուղերի դիմաց: Վերանկլավացման գործընթացը ձեռնտու է միմիայն Ադրբեջանին:
3. Այս ամենը վերլուծելով՝ ակնհայտ է դառնում, որ Արցախյան կարգավորման հիմնարար սկզբունքներից չիրացված, «անտեր եթիմի» կարգավիճակում է մնալու միայն մեկ սկզբունքը՝ մեզ համար կարևորագույն ինքնորոշման իրավունքը:
Պետք չէ Քիսինջեր կամ Բժեզինսկի լինել, հասկանալու համար, որ փաթեթի տակը մնացած այս խնդիրն առանձին, ինքնուրույն իրացվելու շանս այլևս երբեք չի ունենալու՝ այսպիսով խաչ դնելով հայկական Արցախ պահպանելու հնարավորության վրա:
Ամփոփելով՝ մի պատկերավոր օրինակ բերեմ:
Աշխարհի և ոչ մի նորմալ վիրաբույժ չի կարի այն վերքը, որի տակը թարախակալած է և արյունահոսոխ: Անշուշտ նման վերձը երբեք չի լավանա, ավելին, այն ուղղակի վտանգ կհանդիսանա հիվանդի կյանքի համար:
Հիմա նույն բանը ուզում են անել Արցախի հետ՝ չի կարելի գնալ Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի առանց Արցախի կարգավիճակի խնդրի վերջնական հստակեցման:
Ավաղ, մեր երկիրը դժբախտաբար ներկայացնող ղասաբը դա չի հասկանալու»: