Հայ մոդելը մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը․ այս նորությունը բավականին լայն տարածում գտավ հայկական մամուլում՝ հայտնվելով լսարանի ուշադրության կենտրոնում: Համաշխարհային ճանաչում ունեցող բրենդի ցուցադրությանը հայտնվելու մասին շատ մոդելներ են երազում, իսկ ահա 23-ամյա Արմինեն չէր էլ մտածում մոդելային կարիերայի մասին, սակայն հայտնվեց այդ ցուցադրությանը:
Արմինեն Tert.am Life-ին պատմել է, թե ինչպես հայտնվեց Միլանի նորաձևության շաբաթվա գլխավոր ցուցադրություններից մեկին ու ինչպես ակամա մոդել դարձավ:
Աղջիկը գարնանը մեկնել էր Բեռլին՝ ներկա լինելու իր սիրելի կորեական խմբի համերգին: Հենց Բեռլինի փողոցում էլ նրան մոտեցել է մի աղջիկ, որը ֆեյշըն սկաուտ է եղել և առաջարկել լուսանկարել:
«Նա ինձ խնդրեց նկարել, հետո փոխանակվեցինք կոնտակտներով: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ լուսանկարս ուղարկել է Gucci-ին և ինձ ուզում են տեսնել ֆեյշըն շոուի ժամանակ: Ինձ խնդրում էր հաջորդ օրը մեկնել, սակայն ասացի, որ չեմ կարող, Եվրոպա մեկնելու համար մենք պետք է դիմենք վիզայի համար: Ավելի ուշ նա ինձ գրեց, որ միևնույն է, ինձ ուզում են տեսնել և հրավիրում են Գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության քասթինգին»,- պատմեց Արմինեն:
Նրա խոսքով՝ քասթինգին շատ են կարևորել բնական տեսքով ներկայանալը: «Սովորաբար քասթինգներին ներկայանում են բարձրակրունկներով, բայց իրենք ասել էին, որ ներկայանանք ցածրակրունկ կոշիկներով, արտասովոր ձևով չքայլենք, ներկայանանք այնպես, ինչպես առօրյայում: Gucci-ն առանձնանում է նրանով, որ գնում է դեպի բնականը: Այդ իսկ պատճառով քասթինգը հանգիստ անցավ: Քասթինգը հենց Ալեսանդրո Միկելեն էր անցկացնում: Հաճելի էր լինել այնտեղ,- ասաց երիտասարդ հայուհին, որը քասթինգի ժամանակ հասցրել է տպավորել իր արտասովոր կոշիկներով: -Հագուստները փորձելու ժամանակ այնտեղի դիզայներներից մեկը նկատեց կոշիկներս ու նկարելու ցանկություն հայտնեց, որովհետև արտասովոր ու հետաքրքիր էին»:
Բուն ցուցադրության օրը Արմինեն վառ տպավորություններ է ստացել: Ասում է՝ ամեն ինչ շատ կազմակերպված էր: Վաղ առավոտից պատրաստվում էին ցուցադրությանը: «Մեծ քանակությամբ դիմահարդարներ, վարսահարդարներ էին աշխատում, որպեսզի ցուցադրությունը պատշաճ մակարդակի անցնի: Ամեն բան իդեալական էր: Մինչև պոդիում բարձրանալը շատ փորձեր ենք ունեցել, որպեսզի ճիշտ կանգնենք և ճիշտ ներկայանանք: Շատ հաճելի էր գտնվել նման միջավայրում, նման մարդկանց հետ շփվել: Նաև շատ ընկերներ ձեռք բերեցի տարբեր երկրներից»,- պատմեց նա:
Ցուցադրության համար Արմինեի հագուստն ընտրել են մասնագետները: Կերպարային փոփոխության նրան չեն ենթարկել, թեև ինքը շատ էր ցանակնում էքսպերիմենտ անել․ «Կային մասնակիցներ, որոնց մազափունջ էին ավելացրել, հոնքերի ձևն էին փոխել: Շատ էի ուզում, որպեսզի ինձ էլ կերպարային ինչ-որ փոփոխություն ենթարկեին, հետաքրքիր կլիներ, թե ինչպես կնայվեր այդ փոփոխությունն ինձ վրա, սակայն ոչինչ չփոխեցին»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում