▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Ալլա Պուգաչովայի հովհարը հասավ Հունանին…

Մեր հայրենակից, քսանյոթամյա Հունան Խաչատրյանն ապրում է Մոսկվայում` մորաքրոջ տանը, ամուսնացած չէ, իսկ մայրն ու քույրն էլ ապրում են այստեղ՝ հայրենիքում: Ավարտել է Երևանի պետական ջազային քոլեջի էստրադայի բաժինը: Նրա սրտում ապրում են բացառապես կանայք,և այդ կանանց ցուցակում յուրահատուկ տեղ է զբաղեցնում ռուսական շոու-բիզնեսի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան: 

-Ե՞րբ զգացիք, որ սիրում եք Ալլա Պուգաչովային:

-Երբ առաջին անգամ ես լսեցի Ալլայի «Առլեկինո» երգը, ինձ շատ զարմացրեց նրա տաղանդը, թե մի կին ոնց կարող է երգի մեջ դնել և՛ լաց, և՛ ծիծաղ, ու դա շատ գեղեցիկ էր: Եվ ես սկսեցի հետաքրքրվել իր արվեստով, քանի որ ես էլ եմ երգում, ու մենք շատ նման ենք իրար,անկախ այն բանից, որ ինքը կին է, ես՝ տղամարդ: Արվեստում ամեն մարդ իր ճաշակն ունի. յուրաքանչյուրը մեկին է սիրում: Ալլան կարող է այնպես երգել և՛ ջազ, և՛ ռոք, որ չհոգնեցնի, իսկ նման տաղանդավոր դերասանուհու արվեստը ինձ շատ է դուր գալիս:Իսկ ինչու դերասանուհի, քանի որ յուրաքանչյուր երգիչ ինքնին պետք է խաղալ կարողանա: Նա, այսպես ասած,  եղել է իմ ուսուցիչը փոխաբերական իմաստով,և՛ ճաշակի ,և՛ երգի, ամեն հարցով, իհարկե ոչ դաստիարակության:

-Ի՞նչ եք անում նրան տեսնելու համար:

-Երբ ես փոքր էի, պարզապես անընդհատ ասում էի` կգնամ, կտեսնեմ նրան. միայն երբ մեծացա, նոր հասկացա, թե ինչի համար եմ սիրում Պուգաչովային: Երբ երգչին ասում են ես ձեզ սիրում եմ, դրանք երգչի համար հաճելի, բայց սովորական բառեր են, եթե ես էլ կամ այդ մասնագիտության մեջ, պետք է ցույց տամ ինչ-որ բան, հետաքրքրի որևէ բան: Ես փորձում եմ զարմացնել Պուգաչովային, քանի որ եթե ուզում ես մոտենալ նրան, պետք է զարմացնես, կապ չունի դու երգում ես, թե զբաղվում ես սպորտով:

-Ի՞նչ կնվիրեք նրան` երգ, կամ …

-Արդեն մի քանի նվեր ես նրան հասցրել եմ ուղարկել, ու գիտեմ որ հասել են, Ալլայի անձնական բլոգերը ինձ շատ մոտ անձնավորություն է, նրա միջոցով եմ ուղակել, բայց դա շատ քիչ եմ համարում: Պետք է անձամբ ինքս հանձնեմ նրան այն, ինչ ուզում եմ: Եթե ինքը ինձ իր երգերով է կյանք տալիս, ապա ես էլ եմ ուզում իմ շնորհակալական վերաբերմունքը այդպես արտահայտել:

-Ի՞նչ զգացողություններ կունենաք տեսնելով Ալլա Բորիսովնային:

-Շատ դժվար հարց է.նայած, թե ինչ տրամադրություն կունենանք մենք երկուսս, քանի որ ինքը տրամադրության մարդ է,ամեն դեպքում ինձ երջանիկ կզգամ, որովհետև նա այն տեսակի մարդկանցից է կյանքում, որ շատ դժվար է իրենց մոտենալ, հաճելի է, երբ արտիստն իրեն այդպես է պահում, այնպես,ո ր հանդիսատեսը շատ դժվարությամբ իրեն մոտենա: Թեկուզ և ոչինչ չխոսենք, չշփվենք, միևնույնն է` ինձ համար շատ հաճելի կլինի, միայն տեսնել, որովհետև նա հին երգիչուհիներից է, շատ բեմերում ու երկրներում է հանդես եկել, ունի հանդիսատեսի մի մեծ բանակ, ու ահա ես կանգնած եմ այդ դերասանուհու առջև: Այդ պահին ես մի քիչ կվախենամ, թե այդ մի քանի րոպեում ես ինչո՞վ կարող եմ զարմացնել նրան: Գիտեք, եթե ես մեկին սիրում եմ, ուրեմն պետք է տեսնեմ, հասնեմ իրեն: Ի՞նչպես կարող է մեկն ապրել քո սրտում, ու դու ոչինչ չանես:

-Ինձ հայտնի է, որ դուք ևս ունեք նվերներ նրանից ստացված: Ի՞նչպես դա եղավ:

-Երբ ինքը եկավ Հայաստան համերգի, առաջինը ես էի գնել տոմսը, այդ ժամանակ ռուսական ВЕСТИ-ն ինձ նկարեց, ու երբ իմացա, որ ինձ նկարել են, ես շատ ամաչեցի, զարմացա, մինչև հիմա կա այդ ձայնագրությունները: Այդ ժամանակ ինձ տեսել էր Ալլա Պուգաչովան, լսել էր, գիտեր իմ մասին, ու երբ ինձ բախտ վիճակվեց Երևանի սրճարաններից մեկում հանդիպել նրա ընկերներից մեկի հետ, այդ հանդիպման ժամանակ նա Ալլայի հովհարը հանեց և «այսպես շպրտեց երեսիս»`  ասելով, որ Ալլան դա նվիրում է ինձ՝ որպես իր հետևորդի ու ժառանգորդի, քանի որ երբ նայում է ինձ՝ իրեն է նմանեցնում: Այդ հովհարը նրան էլ նվիրել էր ֆրանսահայ Ժան Հովակը, ով Ալլայի շատ մոտ ընկերն է: Իսկ ես իրեն նվիրեցի մի վզնոց ռադիոյի տեսքով, որի վրա փորագրված էր «Ռադիո Ալլա»: Այդ անունը կապել էի նախկինում իր ղեկավարած ռադիոընկերության հետ: Նվերս ոչ շատ թանկարժեք էր, համեստ, պարզ, հասարակ, դա ես ինքս էի մտածել: Ես շատ մոտ եմ նաև Վալերի Լյոնտևի որդու՝ Ալեքսանդր Լյոնտևի հետ, ում հետ աշխատում եմ Մոսկվայում, երգում ենք միասին: Հարգում ենք միմյանց, նա ինձ սիրում է իր երեխայի պես,քանի որ չունի երեխա: Ալ.Լյոնտևը շատ էր զարմացած, թե ես ինչքան եմ գնահատում Պուգաչովային, նրա արվեստը: Ծննդյանս օրը նշեցի նավի վրա Լյոնտևի հետ միասին, ես ուրիշ ոչ ոքի չէի հրավիրել այդ օրը: Նա այդ օրը նվիրեց մի վերնազգեստ, որը նրան նվիրել էր Ալլա Բորիսովնան, և Լյոնտևն էլ որոշել էր այն ինձ նվիրել: Ես այդ վերնազգեստը դեռ չեմ կրում, քանի որ փոփոխության, ձևափոխության կարիք ունի: Բացի այդ`  Ալ.Լյոնտևը ինձ շատ ու շատ նվերներ էլի է արել` տարբեր տեսակի հագուստներ՝իր իսկ ձեռքով կարված, կոշիկներ, որոնք ինձ համար շատ թանկ են:

-Ո՞րն է կնոջ դերը Ձեր կյանքում:

-Պետք է ցանկացած կնոջ հարգել, կինն ավելի է տանջվում,քան տղամարդը:

 -Եթե Ալլա Պուգաչովան լիներ ՌԴ նախագահ,ի՞նչպես կվերաբերվեիք դրան:

-Նախ Ալլան չէր համաձայնի լինել նախագահ, քանի որ դա իրենը չի, բայց ես կնայեի նրան այնպես, ինչպես որ կա, կարևոր չէ, թե ինչ աթոռի վրա նա կլինի նստած, միևնույնն է` ես կսիրեմ նրան:

-Ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Ես ժամանակին սիրել եմ նկարել հագուստների վրա, նույնիսկ ունեմ մի հնամաշ ճամպրուկ, որի վրա գրել եմ Ալլայի երգի բառերը: Այն  որոշել էի նվիրել հենց իրեն, բայց քանի որ հին էր, ես այդպես էլ չնվիրեցի: Կարևոր չէ Ալլայի համար, թե հին է նվերը, մաշված, կարևորը որ նա սիրով է ընդունում իրեն արված բոլոր նվերները:

-Երգը մանկական երազա՞նք էր, թե նախախնամություն:

-Մարդիկ այդպես ծնվում են, չեն դառնում, պարզապես կա էսպիսի մի բան, թե  ինչպես են քեզ մեծացնում, դաստիարակում, կարող է քո մեջ լինել արտիստիզմ, բայց չկարողանաս այն օգտագործել, նպատակին ծառայեցնել: Ծնողներս ոչ միայն չեն արգելել, այլև իրենց հերթին քաջալերել են իմ սերը դեպի արվեստը, երգը: Ես այդպես ծնվել եմ, չգիտեմ, ու ցանկացած երգիչ ու դերասան մինչև կյանքի վերջ դեռ սովորելու,կայանալու տեղ ունի:

-Դուք երբևէ ունեցել ե՞ք համերգներ:

-Ես ինքս չեմ երգել, բայց Օպերայի և բալետի շենքում կազմակերպել եմ համերգներ երեք անգամ: Երգել եմ Մոսկվայում մի քանի անգամ: Ուղղակի վիրավորական թող չհնչի, բայց մեր հայերը դեռ սովորելու շատ բան ունեն, նրանք չեն ընդունում իմ ոճը տարբեր առումներով: Դրա համար ես լքեցի Հայաստանը.այսօր շատ մեծ ցավ եմ ապրում` տեսնելով այժմյան հայերին, քանի որ հայերը արժանի են լավ ապրելու, չեմ ուզում տեսնել նրանց տխուր դեմքերը:

-Որո՞ նք են Ձեր թույլ կողմերը:

-Բանն այն է, որ ես շատ, չափից դուրս խղճից թույլ մարդ եմ, որ երբեմն դառնում եմ բացասական մարդ, համբերատար եմ, դիմացինիս կամեցող, կարևոր չի, թե նա ինձ վատություն կանի:

-Ո՞ րն է Ձեր կարգախոսը կյանքում:

-Կյանքն անբացատրելի, դժբախտ մի երջանկություն է:

-Ի՞նչը կցանկանաք փոխել այսօր հայերի մեջ:

-Կցանկանամ,որ մեր հայ ժողովուրդը ինչ որ անում է, անի առանց ամաչելու, քանի որ շատ ամաչկոտ է և դրանից դառնում է ագրեսիվ, անում է վատ քայլեր: Կուզեմ փոխել մի քիչ մտածելակերպը, որ ազատ  մտածեն:

-Ամենից շատ կյանքում ո՞ւմ եք վստահում:

-Միայն ծնողիս, ուրիշ ոչ ոքի, քանի որ ծնողը միայն կարող է քեզ հասկանալ, ընդունել այնպես, ինչպես որ կաս: Կարող եմ սիրտս նվիրել, մարդկանց համար անել ամեն ինչ, բայց երբեք չվստահել նրանց:

-Ի՞նչ կցանկանաք հայ կնոջը:

-Առողջություն ամենակարևորը,և որ միշտ պահպանեն իրենց կանացիությունը,անհատականությունը,որ մենք միշտ տեսնենք ու զարմանանք: 

Հարցազրույցը՝ Երվանդ Մարեյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին