ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի գրառումը. «Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը․ «գառների» լռությունը Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Մակրոնի ու Միշելի ներկայությամբ, հանձնել է Արցախն Ադրբեջանին։ Այդ մասին Աստանայում ասաց Ալիևը (Փաշինյանը լուռ համաձայնությամբ հետևում էր նրա ելույթին)։ Այդ մասին Մոսկվայում ասում է Լավրովը։ Եվ վերջապես, այդ մասին էր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում։ Ու երբ այս ամենից հետո «Հավաստի Աղբյուրը» հայտարարում է, որ ինքը դեռևս այս տարվա հունվարից կողմ է եղել ռուսական առաջարկներին, դա կեղծավորություն է և գավառական խորամանկություն։ «Հավաստի Աղբյուրն» ասում է, որ եթե Մոսկվան համոզի Բաքվին, որ պետք է Ղարաբաղի հարցը թողնել հետագային ու նաև համոզի, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան 5,10, 20 տարի, ապա ինքը կողմ է։ Փաշինյանը Պրահայում պաշտոնապես հանձնել է Ղարաբաղն Ադրբեջանին և մտել հակառուսական կոալիցիայի մեջ, բայց զուգահեռաբար Մոսկվային էլ է «այո» ասում։ Պարզ չէ՞, որ Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի հարցը հետոյին թողնելու մոսկովյան առաջարկին, քանզի Նիկոլ Փաշինյանից «նաղդ» ստացել է Ղարաբաղը։ Հենց այդ «նաղդ» ստանալն է պատճառը, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը, խոսվում է ինչ-որ մաքսակետ տեղադրելու մասին, պահանջում են այլևս հայկական տեղանուններ չօգտագործել։ 1988-ի Ղարաբաղյան շարժումը, շարժման ձեռքբերումները Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է։ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, անկախ Հայաստանի հիմնադիրներն ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, քանզի այս ամենի համար մեղավորներ պետք է փնտրել նաև հիմնադիրների ու կոմիտեականների շարքերում։ Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր։ ՀՀ օրվա իշխանություններն այդ անբարոյական ու անգրագետ միջավայրի ծնունդ են՝ ՀՀՇ-ի թերմացքը։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։ Հնարավո՞ր է կասեցնել այս ընթացքը։ Հնարավոր է, բայց ժամանակն անվերջ չէ։ Չարիքի հաղթարշավը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ գիտակցություն ունեցողները մեկտեղեն իրենց ջանքերը․ հեշտ ու միևնույն ժամանակ դժվար խնդիր»։ |
«Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը». Անդրանիկ Թևանյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet