Օրեր առաջ եթեր հեռարձակվեց Հրաչ Մուրադյանի «Բաց թեմա» հաղորդաշարը, որի հերթական թեման հետևյալն էր՝ «Էս ո՞վ ենք մենք»։
Տվյալ թողարկման հյուրերի թվում էին նաև Ավետ Բարսեղյանն ու Գրիշա Աղախանյանը։ Ավետը եթերի ընթացքում արտահայտում է այն միտքը, որ մեծերին պետք է հարգել և գնահատել կենդանության օրոք՝ իր խոսքը ձևակերպելով այսպես. «Օրինակ՝ Գրիշի երեխան, որ Կասկադ է գալիս, դե, պարզ է, երեխա է, նրա համար ո՞վ է Ավետ Բարսեղյանը։ Ես ստիպում եմ այդ երեխային, որ նա գա իմ հետ նկարվի՝ որպես իր երկրի մեծություն, կոպիտ օրինակ եմ բերում, բայց դա պետք է անեն ծնողները»։
ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Ավետի այս խոսքերին էլ դերասանուհի Մարջան Ավետիսյանը հավելում է՝ «Այսինքն՝ մարդուն գնահատել իր ժամանակի մեջ»։
Այն, որ մեծերին կենդանության օրոք՝ ըստ արժանվույն գնահատելու գաղափարը ճիշտ է և կարևոր, քննարկման ենթակա չէ, որովհետև բազմաթիվ են օրինակները, թե ինչպես են հայ և համաշխարհային մասշտաբի մեծություններ իրենց ողջ կյանքում ապրել՝ այդպես էլ չստանալով իրենց արժանի գնահատանքը։
Խնդիրն այն է, որ համացանցի բազմաթիվ օգտատերեր, անտեսելով բուն գաղափարը, շեշտը դրել են Ավետի ձևակերպումների վրա և այսօր ողջ համացանցով պարբերաբար տարածում էին հեգնական ու ծաղրական գրառումներ ու տեսանյութեր՝ ուղղված Ավետ Բարսեղյանին։
Կարծում ենք, որ նման գրառումները անտեղի և անհիմն են, և այդ նույն անձինք, որոնց մեջ քիչ թիվ չէին կազմում նաև մեծ լսարան ունեցող օգտատերերը, բլոգերները, ովքեր դժբախտաբար, թե բարեբախտաբար, բավականաչափ հետևորդներ ունեն, լավ կանեին իրենց հրապարակումների միջոցով փորձեին շտկել ստեղծված իրավիճակը՝ շեշտը դնելով այն կարևոր գաղափարի վրա, որն իր խոսքում նշել էր Ավետը։ Փոխարենը՝ նրանք նույն հետևողականությամբ շարունակում էին նպաստել այդ անիմաստ ծաղրանքի դրսևորմանը։
Հետաքրքրական է նաև այն փաստը, որ հաղորդումը հեռարձակվել է գրեթե երկու շաբաթ առաջ, սակայն միայն հիմա է նրա շուրջ նման աղմուկ բարձրացել. հարց է առաջանում. մի՞թե այս պահին հենց դա է ամենակարևոր թեման, որը պետք է այդքան անտեղի շահարկել՝ թողնելով իսկապես լուրջ խնդիրները։
Նշենք նաև, որ չնայած այս ամենին, կային նաև համացանցի ադեկվատ օգտատերեր, ովքեր հասկացել էին հարցի բուն էությունը և աջակցել էին Ավետ Բարսեղյանին։ Շոուբիզնեսի մի շարք հայտնիներ ևս Ավետին աջակցող գրառումներ և հրապարակումներ էին արել, որոնցով էլ վերջինս կիսվել էր սոցիալական ցանցի իր էջերում»։
Դիտեք նաև՝