▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում...

«Ո՞րն է «Ղարաբաղի գինը»: Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում: Արցախն անգին է, ճիշտ այնպես, ինչպես անգին է Սյունիքը, Շիրակը, Գեղարքունիքը, Երևանը: Հողն անգին է, Երևանն անգին է»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ փաստելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ և իշխանամերձ փորձագետներ սկսել են խոսել «Արցախի գնի» մասին:

Ըստ պատգամավորի՝ խոսքը չի գնում նրա մասին, թե ինչ գնով է հայ ժողովուրդն ազատագրել Արցախը, քանի երիտասարդ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, քանի մայր է իր զավակին հողին հանձնել, քանի երեխա է հոր կարոտով մեծացել:

Խաչատրյանը հայտարարեց, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ բացահայտ խոսում են Արցախի համար պայքարելու գնի մասին՝ փորձելով մարդկանց ուղեղը թունավորել ազգադավ ախտով, թե արժի այդքան վճարել:

«Հայաստանում որոշ մարդիկ, ցավոք, սկսեցին կշռել՝ Արցա՞խ, թե՞ ինքնիշխանություն, հարց,  որը երբեք չի քննարկվել և օրակարգային չի եղել»,-հայտարարեց պատգամավորը՝ հիշատակելով օրեր առաջ ԱԽ քարտուղարի այն հայտարարությունը, թե Հայաստանին ստիպում են միանալ ՌԴ-Բելառուս միությանը:

Նա հայտնեց, որ հասարակության միտքը թունավորելու նապատակ էր հետապնդում նաև Հանրային հեռուստատեսության եթերով Արցախի և Մեղրիի հակադրման փորձը, իբր թե Արցախի գինը Մեղրին է:

«Այս ամենի գլուխգործոցը «պատասխանատու», բայց իրականում ազգակործան այն թեզն է, որ Արցախը պետք է տանք, որ 29800 ք/մ-ն պահենք: Ոչ… Զիջողից են զիջում պահանջում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում»,-շեշտեց Արթու Խաչատրյանը և հավելեց, թե այսօր արցախից հրաժարվողները վաղը նույն փաստարկներով կոչ կանեն հրաժարվել այն սարից, որի վրա տարվա կեսը ձյուն է և հիշեցրեց, որ ձյունածածկ սարեր կան ոչ միայն Սյունիքում, այլև Արագածն է ձյունածածկ:

«Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը պահելու համար պետք է կտրականապես մերժել ու դատապարտել բոլոր այն փորձերը, որոնք Հայաստանի և Արցախի շահերը իրար են հակադրում, նրանց, ովքեր փորձում են խոսել «Արցախի գնի» մասին: Չկա Արցախի և Հայաստանի շահ, կա ընդհանուր հայկական շահ, ընդհանրական շահ, իսկ Արցախը փոխանակման ենթակա չէ: Հայրենիքը՝ հայրենիքով չեն փոխում, Հայաստանի ոչ մի հատված սակարկման և վաճառքի ենթակա չէ»,-իր խոսքն ավարտեց ընդդիմադիր պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին