Հասկացա, որ նման անձանց հետ իմ հետագա աշխատանքն անհամատեղելի է: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ քննչական կոմիտեի վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, ով 2018 թվականի իշխանափոխությունից հետո ազատվել է պաշտոնից:

«Ինձ խորդ էր նման մոտեցումը, որ պաշտամունքի էր վերածում նույն Նիկոլ Փաշինյանն իր նկատմամբ եւ նրա նշանակած կադրային քաղաքականությունը: Ես շուրջ 30 տարի աշխատել եմ քննչական ապարատում, եւ կարող եմ ասել, որ բավականին լուրջ աշխատանք տարվեց Քննչական կոմիտեն ստեղծելու համար, բայց ՔԿ նախագահ նշանակվեց մի անձ, (նկատի ունի Հայկ Գրիգորյանին, -հեղ.), որի տեսակի, վարքի, գիտելիքի մասին բոլորը գիտեն: Ինձ ավելի ցավ պատճառեց այն, որ ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակվեց Արգիշտի Քյարամյանը»,- նշեց Պետրոսյանը եւ հավելեց, որ Քյարամյանը պատերազմի առաջին օրերին ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ հայտնվել Արցախում։


