Օգոստոսի 25-ին տեղի է ունեցել ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Ողջունելով խորհրդի կազմին՝ ոստիկանության պետը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքը կլուծի շատ խնդիրներ և, որ ամենակարևորն է այս կառույցը ոստիկանություն-հասարակություն կապի ամրապնդման անկյունաքարերից մեկն է լինելու:
Օրակարգը հաստատվելուց հետո Վալերիյ Օսիպյանը հասարակական խորհրդի անդամներին հանձնել է վկայականներ:
Օրակարգում ընդգրկված էր 4 հարց՝ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի դերի, նշանակության և առաքելության մասին, աշխատանքային մարմինների մասին և անվստահության ժառանգություն. հրատապ խնդիրներ-անհապաղ լուծումներ ու անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն թեմաներով զեկույցներ:
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Արմեն Մկրտչյանը խորհրդի արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով, միևնույն մասնագիտական կարողությունների տիրապետող կամ համասեռ բնույթի հասարակական գործունեություն իրականացնող և ընդհանուր շահեր հետապնդող անդամներին միավորելու, վեր հանված խնդիրներն օպերատիվ կարգով քննարկելու ու Խորհրդին լուծումներ առաջարկելու նկատառումներով, առաջարկել է ստեղծել աշխատանքային մարմիններ՝ հանձնաժողովներ, ըստ ուղղությունների:
Ոստիկանության հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը նախ ներկայացրել է վիճակագրական տվյալներ և խոսել ճանապարհային երթևեկության անվտանգության մասին:
Հարցերի քննարկումից ու որոշումներ ընդունելուց հետո ամփոփիչ խոսքով հանդես է եկել ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, որը մասնավորապես նշեց.
«Ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ վերաբերվել Խորհրդի աշխատանքներին, դրսևորել նախաձեռնողականություն և ակտիվություն՝ Ոստիկանության գործունեության ոլորտում առկա հիմնախնդիրները վեր հանելու, դրանց համատեղ ջանքերով լուծումներ գտնելու և առհասարակ, Խորհրդի՝ հաջորդող նիստերի օրակարգերը ձևավորելու համար:
Հորդորս առավել իրատեսական եմ գնահատում, երբ դահլիճում տեսնում եմ այնպիսի հեղինակավոր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և հասարակական գործիչների ու ակտիվիստների, որոնց երկարամյա աշխատանքի փորձը արձանագրել է տեսանելի բարեփոխական արդյունքներ:
Միաժամանակ, կոչ եմ անում Խորհրդի անդամներին իրենց առաքելությունն իրականացնել համակարգված աշխատաոճով՝ խուսափելով վեր հանված տարաբնույթ խնդիրների լուծումներն ինքնուրույն փնտրելուց և այդ կապակցությամբ Ոստիկանության կառուցվածքային և տարածքային մարմիններին ու ստորաբաժանումներին դիմելուց: Նկատի ունեմ, որ ոստիկանության ստորաբաժանումները լիազորված չեն Խորհրդի առանձին անդամների հետ, առանձին հարցերով աշխատելու, տեղեկատվություն փոխանցելու և որևէ կերպ համագործակցելու՝ առանց Խորհրդի համաձայնության, ուստի ձեր անմիջական կապը վերջիններիս հետ Խորհրդի նախագահն է, կամ Խորհրդի քարտուղարությունը, և Ոստիկանության հետ ձեր աշխատանքային միջավայրը բացառապես այս Խորհրդի ձևաչափն է:
Ներողամտությունն եմ հայցում Հասարակական խորհրդի աշխատանքներին ներգրավվելու ցանկություն արտահայտած բոլոր այն հասարակական կազմակերպությունների, որոնց դիմումները՝ ելնելով սահմանափակ հնարավորությունների հանգամանքից, պարզապես հնարավոր չի եղել բավարարել: Իսկ Խորհրդի կազմի պարբերական թարմացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, մենք նախատեսել ենք անդամների ռոտացիայի իրավանորմ, որի կիրառումը թույլ կտա երկամյա պարբերականությամբ երաշխավորել հասարակական նոր, ակտիվ ներուժի ներգրավումը մեր աշխատանքներին:
Ի դեպ, օրակարգից դուրս, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել առաջիկա ընտրությունների վրա: Մենք իրականացնելու ենք մինչև օրս եղած լավագույն ընտրությունները, և մեր նպատակն է, որ ոստիկանության աշխատանքը գերազանց լինի՝ առանց որևէ թերության։ Դրա համար ես ակնկալում եմ հանրային խորհրդի ակտիվ մասնակցությունը և վերահսկողությունը ոստիկանության գործունեության նկատմամբ։

Երևանի հարյուրավոր ընտրատեղամասերում մենք ունենք ոստիկանության ծառայողներ, որոնց վրա մեծ պատասխանատվություն է դրված, և հանրային խորհրդի այս 45 անդամների անկողմնակալ, օբյեկտիվ կարծիքը որևէ միջադեպի առնչությամբ շատ կարևոր է։ Ընդ որում, ոչ միայն ոստիկանների կողմից անգործության կամ հակաիրավական գործողություների, այլ նաև ոստիկանի նկատմամբ անհարգալից կամ անօրինական քայլերի առումով։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդպիսի դեպքերն էլ չեն բացառվում։
Ընտրություններին հանրային խորհրդի մասնակցության խնդիրը առանձին քննարկման հարց է, մեր անդրանիկ նիստի օրակարգում ընդգրկված չէ, բայց, կարծում եմ, թեկուզ ժամկետները շատ սեղմ են, մեզ կհաջողվի հենց երկուշաբթի օրվանից սկսել նախապատրաստական աշխատանքները՝ այդ օրը մեր ուժերը համակարգված և արդյունավետ օգտագործելու համար։ Իմ տեղակալ Արտաշես Ավոյանը ձեզ հետ անհատական մոտեցմամբ կհստակեցնի՝ ինչպես կնախընտրեք ներգրավվել, ինչ ծավալով, և ինչ մեխանիզմ կարելի է կիրառել համակարգված աշխատանքի համար։ Նույնիսկ ամենափոքր ինֆորմացիան, որ դուք ևս ստանում եք ձեր կապերով, ձեր կազմակերպությունների խողովակներով մեզ համար կարող է շատ արժեքավոր լինել։ Այսինքն ես շատ կգնահատեմ հանրային խորհրդի անդամների նույնիսկ ամենափոքր մասնակցությունը մեր աշխատանքին ընտրական գործընթացում»:


