Իրանը չի հանդուրժի Հայաստանի հետ սահմանի փակում: Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Իրանական պետական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, որ թարգմանաբար ներկայացրել է Ազատությունը, երեկ Թեհրանում կայացած հանդիպմանը Խամենեին և Պուտինն անդրադարձել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի լայն օրակարգի:
Իրանի հոգևոր առաջնորդը, մասնավորապես, «վտանգավոր կազմակերպություն» է որակել ՆԱՏՕ-ն, իսկ Ուկրաինայում պատերազմի առնչությամբ համոզմունք է հայտնել, որ եթե Մոսկվան չնախաձեռներ այն, ապա դա անելու էր հակառակ կողմը:
Ալի Խամենեին նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նույնպես շեշտել էր հայ-իրանական սահմանի փակման անթույլատրելիությունը: